Փոփայ (գյուղ) (անգլ.՝ Popeye Village , հայտնի է նաև Popeye Village Fun Park , Sweethaven Village, Դանիական գյուղ անվանումներով), թեմատիկ զբոսայգի Մալթայի հյուսիսարևմտյան մասում՝ Խարսխի ծովախորշի (Anchor Bay) ափին, Mellieħa գյուղից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա։ Իրենից ներկայացնում է 1930-ական թվականներին բնորոշ ոճով ձկնորսական հորինովի մի ավան՝ Սվիթհեյվեն անվանումով։ Paramount Pictures և The Walt Disney Company կինոստուդիաների տրամադրած ֆինանսական միջոցներով՝ «Փոփայ» մյուզիքլի նկարահանումները 1980 թվականին իրականացնելու նպատակով։ «Փոփայ»-ի գլխավոր հերոսը՝ նույանուն նավաստին ու մնացած գործող անձինք հայտնի էին դեռևս 1930-ական թվականներին թերթերի էջերում ծաղրանկարիչ Ե. Ք. Սեգարի լույս ընծայած պատկերներից, ինչպես նաև՝ դրանց թեմաներով պատրաստված կոմիքսներից ու նկարահանված մուլտֆիլմից[1]։ Նոր ֆիլմը՝ կինոկատակերգություն-մյուզիքլը 1980 թվականին նկարահանել է կինոռեժիսոր Ռոբերտ Օլտմանը, գլխավոր հերոսին մարմնավորել է հեռուստաֆիլմերից ու սերիալներից արդեն ճանաչում նվաճած դերասան Ռոբին Ուիլյամսը[2]։ Լիամետրաժ ֆիլմի նկարահանումների ավարտից հետո տեղի իշխանությունները Paramount Pictures-ի և The Walt Disney Company-ի թույլտվությամբ Popeye Village-ը վերածել են բացօթյա թանգարանի և զվարճավայրի, որը դարձել է Մալթայի զբոսաշրջային գլխավոր տեսարժան վայրերից մեկը[3]։ Այստեղ գործում է թանգարան, կան մանկական խաղասրահներ, կազմակերպվում են բազմազան շոուներ, պարզ եղանակին՝ 20 րոպե տևողությամբ նավարկություն ծովածոցով։