Փիլիպոս Աքարնացի (հին հունարեն՝ Φίλιππος, մ․թ․ա․ IV դար), Ալեքսանդր Մակեդոնացու բժիշկը, որի մասին հանրահայտ պատմությունները պատմվել են մի շարք անտիկ պատմիչների կողմից։ Փիլիպոսը ծնվել է Աքարնիայում՝ Հունաստանի արևմտյան շրջաններից մեկում։ Ըստ Կուրցիուս Ռուֆուսի՝ Ալեքսանդրը և Փիլիպոսը մանուկ հասակից եղել են ընկերներ։

Փիլիպոս Աքարնացի
Φίλιππος
«Ալեքսանդր Մեծի հավատը բժիշկ Փիլիպոսի հանդեպ», հեղինակ՝ Հենրիկ Սեմիրադսկի (1870-ականներ)
Ազգությունհելլեն
Մասնագիտությունբժիշկ
 Alexander the Great and Philip of Acarnania Վիքիպահեստում

Ըստ Արիստաբուլոսի՝ Ալեքսանդրը Կիլիկիայում հիվանդացել է հոգնածությունից, իսկ այլ պատմիչներ պնդում են, որ արքան, իրեն կորցրած և տաքացած, նետվել է Կյուդնոս գետի սառը ջրերը, որպեսզի զովանա[1]։ Ալեքսանդրը ջղակծկումներ է ունեցել, նրա տաքությունը բարձրացել է, ապա սկսվել է նաև անքնություն։ Բոլորը, բացի Փիլիպոսից, գտնում էին, որ նա չի ապրի, սակայն Փիլիպոսը, որը արքայի մտերիմն էր, որոշում է արքային լուծողական տալ։ Երբ նա հրամայում է մի գավաթի մեջ պատրաստել դեղը, Պարմենիոնի կողմից նամակ է գալիս Ալեքսանդրին։ Ալեքսանդրը կարդում է նամակը, որտեղ գրված էր, որ Պարմենիոնը լսել է Փիլիպոսի՝ Դարեհի՝ իր հակառակորդի կողմից հավաքագրված լինելու մասին, և խորհուրդ էր տալիս զգուշանալ նրանից։ Նամակը իր ձեռքում բռնած՝ Ալեքսանդրը վերցնում է դեղը, իսկ նամակը տալիս է Փիլիպոսին։ Մինչ Փիլիպոսը կարդում էր Պարմենիոնի նամակը, Ալեքսանդրը խմում է դեղը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ դա կեղծ տեղեկություն է, և Փիլիպոսը հավատարիմ է Ալեքսանդրին։ Շուտով Ալեքսանդրն առողջանում է և շարունակում իր արշավանքները դեպի Ասիա[2][3]։

Փիլիպոսը Գազայի պաշարման ժամանակ դեռևս Ալեքսանդրի բժիշկն էր և բուժել է արքայի վիրավորումը, որը նա ստացել էր նետից․ այդ մասին վկայում է Կուրցիուս Ռուֆուսը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 3-րդ գլուխ, V մաս․ 1-16.
  2. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս (1987 թվական). «Ալեքսանդրի անաբասիսի». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր գիրք 2, գլուխ 4.
  3. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 3-րդ գլուխ, VI մաս․ 1-17.
  4. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 4-րդ գլուխ, VI մաս․ 16-20.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլիպոս Աքարնացի» հոդվածին։