Ցախաքլորներ (Lyrurus), մայրահավեր, ցախաքլորների ընտանիքի հավազգի թռչունների սեռ։ Խոշոր, հավի մեծության թռչուններ են։ Արուների պոչը քնարաձև բաժանված է, երկու մասի։ Հայտնի է ցախաքլորների 2 տեսակ՝ սովորական ցախաքլորներ՝ տարածված Եվրոպայի և Ասիայի անտառային և անտառատափաստանային գոտիներում, և կովկասյան ցախաքլորներ՝ տարածված Մեծ և Փոքր Կովկասում։ ՀՍՍՀ-ում կովկասյան ցախաքլորներ հանդիպում է հյուսիսային շրջանների անտառների և ալպիական գոտու սահմանագծին, որտեղ կան կեչու պուրակներ։ Արուների փետրավորումը սև է, հոնքերը՝ կարմիր, թևերի վրա կան սպիտակ հատվածներ, պոչի ծայրերը թեքված են դեպի կողքերը և ներքև։ Էգերը շիկագորշավուն են, լայնական շերտավորված մուգ բծերով։ Բնադրում է գետնի վրա։ Ձվադրում է մայիս-հունիսին, դնում 5-10 ձու։ Արուները վարում են հարեմային կյանք, չեն մասնակցում թխսմանը և ձագերի խնամքին։ Կազմում են ոչ մեծ երամներ։ Սնվում են տերևներով, կեչու բողբոջներով, պտուղներով, ծաղիկներով և միջատներով։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։