Տիեզերաքիմիա
Տիեզերաքիմիա, քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է տիեզերական մարմինների բաղադրությունը, Տիեզերքում քիմիական տարրերի տարածվածության և բաշխման օրինաչափությունները, նուկլեասինթեզը, տարրերի իզոտոպային բաղադրության էվոլյուցիան, տիեզերական նյութի առաջացումը պայմանավորող քիմիական տարրերի համակցումներն ու տեղաշարժերը։
Տիեզերաքիմիայի վաղ շրջան
խմբագրելՏիեզերաքիմիայի վաղ շրջանի հետազոտություններն իրականացվում էին Արեգակի, աստղերի և մոլորակների մթնոլորտի լուսարձակման սպեկտրաչափական վերլուծության, նաև Երկրի վրա ընկնող տիեզերական մարմինների՝ երկնաքարերի քիմիական հետազոտությունների միջոցով։ 1924-1932 թվականներին ձևակերպվեցին երկնաքարերում քիմիական տարրերի բաշխման օրինաչափությունները (նորվեգացի երկրաքիմիկոս Վիկտոր Գոլդշմիդտ, Goldschmidt, 1888-1947)։ Տիեզերաքիմիայի հետագա զարգացմանը մեծապես նպաստեցին Պավել Վինոգրադովի և ամերիկացի գիտնական Հարոլդ Յուրիի (Urey, 1893-1981) աշխատանքները։ Տիեզերագնացության զարգացմամբ ընդլայնվեցին տիեզերաքիմիայի հետազոտությունների հնարավորությունները և շրջանակները, իրականացվեցին լուսնային ապարների անմիջական հետազոտությունները, ավտոմատ սարքերի օգնությամբ ուսումնասիրվում են Արեգակի, աստղերի և մոլորակների մակերևույթն ու մթնոլորտը։ Հայտնաբերվեցին նյութի՝ Երկրի համար անսովոր վիճակներ՝ պլազմային վիճակը Արևի և աստղերի վրա, կոնդենսված He, H2, CH4, NH3 և այլ գազերի առկայությունը մեծ մոլորակների մթնոլորտում շատ ցածր ջերմաստիճաններում են։ Աստղաֆիզիկայի, մասնավորապես ռադիոաստղագիտության, զարգացման շնորհիվ մեծացան տիեզերաքիմիայի համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման հնարավորությունները։ Բազմաթիվ տարրերի ատոմներ, պարզ և բարդ մոլեկուլներ, անգամ միներալներ, հայտնաբերվեցին միջաստղային տարածություններում։
Օրգանական նյութերը տիեզերքում
խմբագրելԵնթադրվում է, որ բարդ օրգանական նյութերի սինթեզն իրականանում է ճառագայթման ազդեցությամբ՝ արեգակնային առաջնային գազերից և այլ պարզ միացություններից (H, CO, NH3, Օ2, Na, Տ և այլն)։ Երկնաքարերում և միջաստղային տարածությունում հայտնաբերված օրգանական նյութերը օպտիկապես ակտիվ չեն։ Տիեզերական նյութի բաղադրությունը ձևավորվում է հիմնականում գերնոր աստղերի պայթյունների ժամանակ և աստղային ընդերքում։ Այն բնորոշվում է 4ո ատոմական զանգվածով (ո-ը ամբողջ թիվ է), զույգ պրոտոն և զույգ նեյտրոն պարունակող թեթև տարրերի գերակշռող պարունակությամբ։ Աստղերի բաղադրությունը նրանց զարգացման տարբեր փուլերում տարբեր է։ Միջաստղային տարածությունը հագեցնող դիֆուզ մատերիայում նույնպես գերակշռում են թեթև տարրերի միջուկները։ Միջաստղային սառն ամպերում հայտնաբերվել են ավելի քան երկու տասնյակ պարզ և բարդ (մինչև 7 ատոմ պարունակող) մոլեկուլներ, իոններ՝ H2, H2O, 02, N2, ОН-, СО, СН4, NH3, СН2O և այլն, ազատ ռադիկալներ՝ ինչպես նաև պինդ ֆազեր (քվարց, սիլիկատներ, գրաֆիտ և այլն)։ Տիեզերական սառը մարմինները, տիեզերական փոշուց մինչև մոլորակները կազմավորվում են աստղերից արտազատվող պլազմայի սառման և էվոլյուցիայի շնորհիվ։ Արեգակնային համակարգի պինդ մարմինների առաջացումը տեղի է ունեցել հիմնականում 4,55 միլիարդ տարի առաջ (նուկլեասինթեզի վերջին փուլից 200-300 միլիոն տարի հետո)։ Պինդ մարմինների առաջացումն ուղեկցվել է տիեզերական նյութի կոտորակային վերաբաշխմամբ։ Արեգակի միայն հեռավոր և հսկա մոլորակների վրա են (սառցաշերտի և զանգվածային մթնոլորտի ձևով) պահպանվել արեգակնային թեթև գազերը (H2, CH4, NH3 և այլն) կամ նրանց կոնդենսման արդյունքները։
Տիեզերաքիմիայի նշանակությունը
խմբագրելՏիեզերաքիմիական հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տիեզերական մարմինների (օրինակ՝ Արեգակնային համակարգում մոլորակների, ասուպների և երկնային այլ մարմինների) առաջացումը, մոլորակների կառուցվածքը, տիեզերական մարմինների միջև տեղի ունեցող նյութափոխանակությունը և այլ երևույթներ բացատրելու համար։ Տիեզերաքիմիայի ամենազարգացած ճյուղը երկրաքիմիան է։ Տիեզերաքիմիայի բնագավառի հետազոտությունների արդյունքները հրատարակվում են «Geochimica et Cosmochimica Acta» («Գեոքիմիկա էթ Կոսմոքիմիկա Ակտա», N․ Y․, 1950 թվականից) և «Գեոխիմիա» («Геохимия», Մոսկվա, 1956 թվականից), ամսագրերում։
Գրականություն
խմբագրելВиноградов А․ П․, Высокотемпературные протопланетные процессы, «Геохимия», 1971, в․ 11; Сиборг Г․ Т․, В э л е н с Э․ Г․, Элементы Вселенной, пер․ с англ․, 2 изд․, М․, 1966; Тей лер Р․ Д ж․, Происхождение химических элементов, пер․ с англ․, М․, 1975․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 715)։ |