Տեղական արդյունաբերություն

Տեղական արդյունաբերություն ԽՍՀՄ-ում, ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, երկրամասային ու մարզային սովետների գործադիր կոմիտեների և ինքնավար ու միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների ենթակայության ձեռնարկությունների ամբողջություն, որոնք օգտագործում են առավելապես տեղական ու երկրորդային հումք և արտադրում հիմնականում կուլտուր-գեղարվեստական ու կենցաղային-տնտապրանքներ։ ԽՍՀՄ-ում տեղական արդյունաբերությունը սկսել է զարգանալ նախապատերազմյան տարիներին։ Այն մեծապես նպաստել է տեղական նյութերով շինարարության ծրագրի կատարման, բնակչության կենցաղսպասարկման ապահովմանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճյուղը մեծ վնասներ է կրել։ Օկուպացված շրջանների ազատագրումից անմիջապես հետո սկսվել են տեղական արդյունաբերության վերականգնման աշխատանքները։ Ետպատերազմյան շրջանում, պետական խոշոր արդյունաբերությունից ստանալով սարքավորման, մեքենաների, հումքի, նյութերի տարբեր տեսակներ, տեղական արդյունաբերությունը զարգացել է բարձր տեմպերով։ Միաժամանակ, ճյուղի ձեռնարկությունների տեխնիկական զինման, խոշորացման ու նորերի կառուցման հետ, դրանց մի մասը հանձնվել է ընդհանուր-միութենական ու միութենական-հանրապետության մինիստրությունների ենթակայությանը։ 1957 թվականին տեղական արդյունաբերության ձեռնարկությունների մեծ մասը տրամադրվել է ժողտնտխորհուրդներին, իսկ միութենական հանրապետությունների տեղական արդյունաբերությունյան մինիստրությունները վերացվել են։ ԽՄԿԿ ԿԿ Սեպտեմբերյան (1965) պլենումի որոշմամբ բոլոր միութենական հանրապետություններում տեղական արդյունաբերության մինիստրությունները վերստեղծվել են։ Ժամանակակից տեղական արդյունաբերության նյութատեխնիկական հզոր բազայի վրա հիմնված ճյուղ է, ունի բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, ԳՀԻ-ներ, նախագծային-կոնստրուկտորական ինստիտուտներ ու բյուրոներ։ Նախասովետական Հայաստանում տեղական ինքնավարության ձեռնարկություններ չկային։ Նախկին Երևանի նահանգում գործող մի քանի համեմատաբար խոշոր ձեռնարկությունները հեղափոխությունից հետո ազգայնացվել ու հանձնվել էին հանրապետության ԺՏԲԽ-ի տնօրինությանը։ Տեղական սովետների տրամադրության տակ էին մնացել կիր, գաջ, աղյուս պատրաստող մի քանի տնայնագործական վառարաններ, երեք փոքր տպարան ու մի սղոցարան, որոնք առավելապես գտնվում էին Երևանի ու Լենինականի գավառներում։ ՀԽՍՀ տեղական արդյունաբերությունը հիմնականում ձեավորվել է 1-ին հնգամյակի տարիներին և պայմանավորել 1934 թվականին տեղական արդյունաբերության ժողկոմիսարիատի կազմակերպումը։ Ճյուղի զարգացման ընթացքում ձեռնարկությունների մի մասն աստիճանաբար անցնում էր համապետական արդյունաբերության համակարգին՝ հիմք հանդիսանալով մի շարք այլ ինքնուրույն ճյուղերի ու մինիստրությունների կազմակերպման համար։ 1983 թվականին ՀԽՍՀ տեղական արդյունաբերությունը ընդգրկում էր 21 արտադրամասերի ու գիտաարտադրամասերի միավորում (Տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրամասը, «Հայկական հուշանվերներ և ժողովրդագեղարվեսաական արդյունագործություն», «Հայճենապակի», «Սուտակ» արտադրամասերն են), խոշորացված կոմբինատ, մասնագիտացված գործարան ու ֆաբրիկա, թողարկում էր ավելի քան հազար տեսակի արտադրանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 646 CC-BY-SA-icon-80x15.png