«Տափաստանի գայլը» (գերմ.՝ Der Steppenwolf), գերմանացի գրող Հերման Հեսսեի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[1]։

Տափաստանի գայլը
գերմ.՝ Der Steppenwolf
«Տափաստանի գայլը» գրքի գերմաներեն առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՀերման Հեսսե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայական գեղարվեստական գրականություն
Թեմաpersonal identity?
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1920
ՀաջորդՆարգիզն ու Ոսկեշուրթը
Երկիր Շվեյցարիա և  Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1927
Թարգմանիչ հայերենԱրա Առաքելյան
Հրատարակում հայերենԵրևան, «Նաիրի», 2003
OCLC229130140
ՎիքիքաղվածքՏափաստանի գայլը
 The Steppenwolf Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը։ Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը։ Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը։ Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տափաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին։

Սկզբում պատմողը Հարիի նկատմամբ վախի և զգուշավորության զգացում է ցուցաբերում, սակայն հետո նրան տիրում է համակրանքը։ Համակրանք մի մարդու հանդեպ, որը չի կարողացել բացել իր հոգու ճշմարիտ աղբյուրները աշխարհում, ուր շատ բան հիմնված է անհատի կամքը ճնշելու վրա։ Հալլերը գրասեր է, որը հեռու է պրակտիկ հետաքրքրություններից։ Չի աշխատում, երկար պառկում է անկողնում։ Սիրում է դասական գրականություն. գրեթե բոլոր գրողներին՝ Գյոթեից մինչև Դոստոևսկի։ Հաճախ նկարում է։ Սակայն մնում է ներփակված իր աշխարհում՝ հեռու մնալով քաղքենի աշխարհից։ Հերոսը զգում է իր մեջ երկու բնություն՝ մարդու և գայլի։ Բայց ի տարբերություն ուրիշ մարդկանց, որոնք դարձել են ձեռնասուն և սովորել են ենթարկվել, Հարրին տառապում է իր ներսում ծավալվող այդ երկու բնությունների պայքարից։

Փորձելով ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ՝ Հարրին պարտություն է կրում։ Հանդիպելով փողոցում ծանոթ պրոֆեսորի և այցելելով նրա տուն՝ Հարրին տառապում է այդ տանը տիրող քաղքենիական մթնոլորտից. հատկապես Գյոթեի անհաջող դիմանկարից և տանտիրոջ դատողություններից։ Հարրին ցանկանում է հեռանալ այս աշխարհից, սակայն վախենում է մահից։ Պատահաբար մտնում է «Սև արծիվ» սրճարանը, որտեղ հանդիպում է Հերմինե անունով մի աղջկա։ Սկսվում է անսովոր սիրավեպ։ Հերմինեն փորձում է սովորեցնել Հարրիին գիշերային սրճարաններին և ռեստորաններին, ջազին և իր ընկերներին։ Այս ընթացքում հերոսն ավելի ու ավելի խորն է հասկանում իր վիճակի երկվությունը։ Նա խոսում է պատերազմների դեմ, սակայն պատերազմի ժամանակ թույլ չի տվել, որ իրեն գնդակահարեն, այլ հարմարվել է իրավիճակին։ Նա դեմ է բանկերին և վարկերին, սակայն բանկում ունի արժեթղթեր, որոնց տոկոսներով ապրում է։

Մտածելով գերմանական երաժշտության մասին՝ Հալլերը տեսնում է դրա հանդեպ իր վերաբերմունքի մեջ ողջ գերմանական մտավորականության ճակատագիրը։ Կյանքի մեջ մտնելու և այն ճանաչելու փոխարեն մտավորականը փախչում է երաժշտության անբառ ոլորտը։ Այստեղից ծագում է ատելություն իրականության հանդեպ։ Վեպի վերջում հերոսը հայտնվում է կախարդական դիմակահանդեսում՝ Մոգական թատրոնում։ Փորձելով գտնել Հերմինեին, որը տղայի զգեստ է հագել և հաղթում է կանանց իր լեսբիական հմայքով, Հարրին հայտնվում է ռեստորանի նկուղային հարկում՝ Հադեսում, որտեղ նվագում են երաժիշտ չարքերը, իսկ մթնոլորտը հիշեցնում է Գյոթեի «Ֆաուստի» Վալպուրգյան գիշերը։ Ռոմանտիկական ավանդույթից փախչող հերոսը ցուցաբերում է իր էության երկվությունը կամ բազմակիությունը։ Երաժշտության և դասական արվեստի սիրահարը նրա մեջ զուգակցված է մարդասպանի հետ։

Մոգական թատրոն, որտեղ մուտքը միայն խելագարների համար է, Հարրիին ուղեկցում է Հերմինեյի ընկերը՝ սաքսոֆոնահար Պաբլոն, որը թմրադեղերի մեծ գիտակ է։ Հալլերը սպանում է հենց Պաբլոյի հետ անկողնում հայտնված Հերմինեին՝ անառակին և իր մուսային, հանդիպում է մեծն Մոցարտին, որը բացահայտում է նրան կյանքի գաղտնիքը։ Կյանքը պետք չէ ընդունել շատ լուրջ։ «Հարկ է սովորել ծիծաղել․ լսել կյանքի ռադիոերաժշտությունը և ծիծաղել…»: Մոցարտը վերածվում է Պաբլոյի, ասես ապացուցելով, որ գերագույնը կյանքում խաղն է, որի օրենքը պետք է պահպանել։ Հալլերին մնում է հուսալ, որ երբևէ մի անգամ էլ խաղալու առիթ կստանա։

Էկրանավորումներ խմբագրել

1974 թվականին թողարկվել է ԱՄՆ և Շվեյցարիայի համատեղ արտադրության «Տափաստանի գայլը» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը Ֆրեդ Հայնսն է։

Մեջբերումներ խմբագրել

  • Տառապյալի հիվանդությունը չի կապվում նրա բնավորության ինչ-ինչ արատների հետ, այլ միանգամայն հակառակը՝ արդյունք է ներդաշնակության չհասած նրա ուժերի ու շնորհների արտակարգ առատության։
  • Նրա ողջ կյանքն օրինակ էր այն բանի, թե սեփական անձի հանդեպ առանց սիրո անհնար է նաև սերը դեպի մերձավորը, որ ինքնատելությունը ճիշտ և ճիշտ նույն բանն է և ուղղակիորեն հանգեցնում է նույն սարսափելի մենակությանը և հուսահատությանը, ինչպես որ ուժեղ եսասիրությունը։
  • Պետք է հպարտանալ ցավով, յուրաքանչյուր ցավ հիշեցնում է մեզ մեր բարձր կոչման մասին։
  • Մենակությունը անկախություն է, ես ինքս եմ այն ցանկացել ու նվաճել ինձ համար երկար տարիների ընթացքում։ Մենակությունը սառն էր, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես սառը, անաղմուկ տարածությունը, որի մեջ շարժվում են աստղերը։
  • Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան։ Ով այսօր ուզում է ապրել ու իր կյանքից գոհ լինել, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման։ Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ։
  • Սեփական անհատականությունը ոչնչացնելու փոխարեն նրան միայն հաջողվել էր ինքն իրեն ատելուն սովորեցնելը։
  • Ինչ երեկ նորմալ էր, այսօր արդեն աննորմալ է։
  • Ինչ հիմար են հնչում «գազան» կամ «գիշատիչ» բառերը։ Այդպես չի կարելի խոսել կենդանիների մասին։ Իհարկե, նրանք հաճախ լինում են սարսափելի, բայց շատ ավելի իսկական են, քան մարդիկ։ Նայիր որևէ կենդանու, դու կտեսնես, որ նրանք բոլորը անկեղծ են, ոչ մի կենդանի շփոթված չէ կամ չգիտի, թե ինչ է անում և ինպես է պետք իրեն պահել։ Նրանք չեն ուզում քեզ դուր գալ։ Թատրոն չկա։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ինչպիսին քարերը, ծաղիկները և աստղերը երկնքում։
  • Հավերժության մեջ իրականում ժամանակ չկա. հավերժությունը` ընդամենը մի ակնթարթ է, որը բավարար է կատակի համար։
  • Ամեն մարդ կարծում է, որ իր տառապանքը ամենածանրն է։
  • Ինքնասպանությունը` հիմարություն է, վախկոտություն, ստորություն, դա անփառունակ խայտառակ ելք է` ամենաամոթալի ելքը այս տանջանքի ջրաղացից։
  • Եթե յուրաքանչյուր ուժ կարող է վերածվել թուլության, ապա բնույթով ինքնասպանը, ընդհակառակը, կարող է իր թվացյալ թուլությունը վերածել ուժի։
  • Այն մարդիկ, որոնց կյանքը չափազանց անհանգիստ է, իրենց երջանկության հազվադեպ ակնթարթների մեջ երբեմն այնպիսի ուժ ու անասանելի գեղեցկություն են զգում, երջանկության փրփուրը երբեմն տառապանքի ծովից այնպիսի կուրացուցիչ բարձրության է հասնում, որ այդ կարճատև բռնկման լույսը հասնում է նաև մնացած բոլոր մարդկանց ու կախարդում նրանց։
  • Աշխարհը չի կործանվել ոչ կամերային երգչախմբի, ոչ էլ բարեկամի բացակայության պատճառով, և ծիծաղելի բան էր կործանել ինքն իրեն ջերմության հանդեպ անզոր կարոտից։
  • Աշխարհը դա ճանաչում, որոնում և սիրում է, մեծ մասամբ, բանաստեղծություններում, կյանքում դա թողնում է խելագարության տպավորություն։
  • Մշտապես շատ տպավորվող ու զգայուն մարդիկ ամենափոքր ցնցման դեպքում ամբողջությամբ տրվում են ինքնասպանության գաղափարին։
  • Ինչպես որ խելագարությունն է ամենաբարձր իմաստով ամեն մի իմաստության սկիզբ, այնպես էլ մտագարությունը ամեն մի արվեստի, ամեն մի երևակայության ակունքն է։
  • Արարված ամեն ինչ, տեսքով նույնիսկ ամենաանմեղը, արդեն իսկ մեղավոր է, արդեն իսկ բազմաձև է, նա նետված է կազմավորման անմաքուր հոսքի մեջ և այլևս երբեք չի կարող լողալ դեպի ետ` հոսանքին հակառակ։
  • Եթե քեզ` քո իսկ բավականության համար անհրաժեշտ է ուրիշների թույլտվությունը, ապա դու իրոք ողորմելի մարդ ես։
  • Բարեպաշտ լինելու համար ժամանակ է պետք, ավելին՝ անկախության ժամանակից։ Դու չես կարող լուրջ բարեպաշտ լինել և միաժամանակ ապրել իրականության մեջ ու քեզ նաև բարեպաշտ պահել։
  • Նրանք չեն ցանկանում մտածել, չէ որ նրանք ծնվել են ապրելու համար, ոչ մտածելու…
  • Յուրաքանչյուր բարձր երգիծանք սկսվում է նրանով, որ դադարում ես լրջորեն ընդունել սեփական անձդ։
  • Ամեն մարդ իր մահացու մեղքն ունի։
  • Վերևը և ներքևը գոյություն ունեն միայն մտածողության, միայն վերացականության մեջ։ Իսկ աշխարհը, ինքնին, չի ճանաչում ոչ վեր, ոչ էլ վար։
  • Յուրաքանչյուր ոք ունի իր ճակատագիրը, ոչ մեկինն էլ մյուսից ավելի թեթև չէ։
  • …այդպես էր և Տափաստանի գայլի կյանքում։ Նա մեծ մասամբ շատ դժբախտ էր, դա ժխտել չէր կարելի, և դժբախտացնում էր ուրիշներին, հատկապես, երբ սիրում էր նրանց, և նրանք էլ՝ իրեն։ Քանզի բոլորը, ովքեր սիրում էին նրան, տեսնում էին նրա մի կողմը։ Շատերը նրան սիրում էին իբրև նուրբ, խելացի և ինքնատիպ մարդու և սարսափում ու հիասթափվում էին, երբ նրա մեջ հանկարծ հայտնաբերում էին գայլին։ Եվ չհայտնագործել չէին կարող, քանի որ Հարրին, ինչպես բոլորը, ցանկանում էր, որ իրեն սիրեն ամբողջությամբ, ուստի չէր կարողանում նրանցից, ում սերն իր համար շատ բան էր նշանակում, թաքցնել գայլին և ստել։ Բայց կային և այնպիսինները, որ նրա մեջ սիրում էին հենց գայլին, հենց ազատությունը, վայրենությունը, սարսափը և ուժը, և նրանց նույնպես սոսկալի հուսախաբության էր մատնում ու տանջում, երբ հանկարծ պարզվում էր, որ այդ կատաղի, չար գայլն ընդամենը նույնպես մարդ էր և իր մեջ դեռ բաղձանք ուներ առ բարին, առ քնքշությունը, նաև Մոցարտ լսել, բանաստեղծություններ կարդալ, մարդկային իդեալներ ունենալ էր ցանկանում։ Ամենից շատ, սովորաբար, հենց սրանք էին հիասթափվում ու չարանում, և այդպիսով՝ Տափաստանի գայլն իր սեփական հակասականությունը փոխանցում էր նաև այն օտար ճակատագրերին, որոնց հետ շփվում էր…
  • Յուրաքանչյուր անգամը կարող է լինել վերջինը։
  • Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում։
  • Լրջությունը ծնվում է ժամանակը գերագնահատելիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հեսսե Հ., Տափաստանի գայլը։ Բնագր. թարգմ., վերջաբ. և ծանոթագր.՝ Ա. Առաքելյանի; Խմբ.՝ Ս. Թորոսյան, Երևան, «Նաիրի» հրատ., 2003, 240 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանի գայլը» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանի գայլը» հոդվածին։