Տարտուի խաղալիքների թանգարան
Տարտուի՝ խաղալիքների թանգարան (էստ․՝ Tartu Mänguasjamuuseum), թանգարան Էստոնիայի Տարտու քաղաքում, խաղալիքների ամենամեծ թանգարանը Մերձբալթիկայում։ Թանգարանում ցուցադրվում են ավելի քան 5000 խաղալիքներ։ Թանգարանի մի շարք խաղալիքներ կարելի է փորձարկել, իսկ երեխաների համար կա առանձին խաղասենյակ[1]։

Պատմություն խմբագրել
Թանգարանի առաջին շենքում 19-րդ դարի սկզբում գործում էր Դորպատի նահանգի դպրոցը, որտեղ սովորում էին հիմնականում արհեստավորների երեխաներ։ 1829 թվականին շենքը գնել է մասնավոր անձ, որից հետո սկսվել են շենքի վերականգնման աշխատանքները։ Տան ճակատամասը վերակառուցվել է դասական ոճով, պատուհանները մեծացվել են, սենյակները բաժանվել են միջնապատերով։ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին շենքում գործել են տարբեր կազմակերպություններ, շենքի բակում կառուցվել են օժանդակ շինություններ, որոնք հետագայում քանդվել են։ 20-րդ դարում շենքն օգտագործվել է որպես բնակելի տուն, որ չուներ մշտական սեփականատեր։ 1994 թ. Տորտու քաղաքի կառավարությունը որոշում է այս շենքում բացել խաղալիքների թանգարան։
Տարտուի խաղալիքների թանգարանի բացումը տեղի է ունեցել 1994 թ. մայիսի 29-ին։ Թանգարանի հիմնադիրներն են Մերի Սաարեն, Մարե Հանթը, Տիիա Տոոմետը։ Վերջինս էլ դարձել է թանգարանի առաջին տնօրենը։ 2007 թ-ից թանգարանի տնօրենն է Տրիին Վաարոն։
2003 թ. թանգարանը տեղափոխվել է Լուտսու փողոցում գտնվող փայտե տնակը։ 2004 թ. մարտի 13-ին բացվել է նոր ցուցահանդեսը՝ ներառյալ արհեստանոցն ու խաղասենյակը։ Թանգարանի հիմնական շենքի ետնաբակում գտնվող տնակում 2005 թ. դեկտեմբերի 2-ին բացվել է թատերական ներկայացումների ու մուլտֆիլմերի տիկնիկների ցուցահանդես, որում ցուցադրված են Էստոնիայում վերջին 50 տարիների ընթացքում ստեղծված տիկնիկները։
Ցուցանմուշներ խմբագրել
Թանգարանում ցուցադրվում են ավելի քան 6000 խաղալիքներ ու տիկնիկներ։ Խաղալիքները պատրաստված են էստոնական ավանդական ոճով։ Ցուցադրված են նաև տարբեր երկրների հուշանվերներ, ինչպես նաև ուգրոֆիննական խաղալիքների հավաքածու։
Թալիսմանը խմբագրել
Թանգարանի թալիսմանը Ծաղկաթաթ Թեդի արջուկն է, որ 1994 թ. կարվել է Կաի Մասերի կողմից։ Արջուկն այդպես է անվանվել, որովհետև նրա թաթերը կարվել են ծաղկավոր կտորից։ Ծաղկաթաթ Թեդիի մասին գրքեր են գրել, բացիկներ հրատարակել, նկարահանել կինոյում և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Steve Roman, ed. (2011). Tartu in Your Pocket. OÜ Linnajuht. էջ 34։
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայքը
- Տարտուի խաղալիքների թանգարանի պատմությունը Archived 2011-12-18 at the Wayback Machine.
- Խաղալիքների թանգարան. լուսանկարներ
- Խաղալիքների թանգարան Archived 2016-01-07 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տարտուի խաղալիքների թանգարան կատեգորիայում։ |