«Տատիկը» (չեխ․՝ Babička), չեխ գրող Բոժենա Նեմցովայի վիպակը, որ գրվել է 1855 թվականին։ Հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Համարվում է չեխական գրականության դասական նմուշներից մեկը։ Չեխերեն հրատարակվել է ավելի քան 300 անգամ (այն Չեխիայում ամենաշատ հրատարակված գիրքն է), ինչպես նաև թարգմանվել է քսանմեկ օտար լեզուներով[1]։ Հայերեն թարգմանությունը լույս է տեսել 1981 թվականին[2]։

Տատիկը
չեխ․՝ Babička
Bozena Nemcova Babicka 1913.jpg
1913 թվականի հրատարակության տիտղոսաթերթը
ԵնթավերնագիրObrazy z venkovského života
ՀեղինակԲոժենա Նեմցովա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուչեխերեն
Ստեղծման տարեթիվ1855
ԵրկիրFlag of Bohemia.svg Բոհեմիա
Հրատարակման տարեթիվ1855
Commons-logo.svg Babička (Božena Němcová) Վիքիպահեստում

Տատիկի ու վիպակի մյուս հերոսների պատմությունների ու դատողությունների միջոցով պատկերվում է չեխ ժողովրդի՝ որպես ազգ ինքնաճանաչման ընթացքը, ովքեր վիպակի ստեղծման տարիներին գտնվում էին Ավստրիական կայսրության կազմում։ Գրքում բազմիցս հակադրվում են գերմանական ու չեխական մշակույթները, լեզուները։

ՍյուժեԽմբագրել

Գիրքն ունի սյուժետային մի քանի գծեր՝ տատիկի կյանքը, չեխական գյուղի առօրյա կյանքը (ավանդույթներ, տոներ և այլն) և առանձին պատմություններ (օրինակ՝ պատմությունը Վիկտորկայի կյանքի մասին)։ Վիպակում պատմությունը ներկայացվում է տատիկի ավագ թոռան՝ Բարունկայի անունից։

Տատիկը՝ Մագդալենա Նովոտնան, ապրում է Չեխական Սիլեզիայում՝ Օլեշնիցի գյուղում։ Նա ունի որդի և երկու դուստր։ Մի անգամ տատիկը նամակ է ստանում իր ավագ աղջկանից՝ Թերեզայից։ Իր նամակում նա հայտնում է, որ իր ամուսինը՝ Յան Պրոշեկը, ով նախկինում ծառայում էր Վիեննայում, տեղափոխվել է Չեխիա՝ իշխանուհի Եկատերինա Սագանի կալվածք։ Թերեզան մորը հրավիրում էր ապրելու իրենց հետ։ Մի քիչ տատանվելուց հետո տատիկը մեկնում է դստեր մոտ։

 
Տատիկի ու թոռների հուշարձանը Ռատիբորժիցեում

Տատիկը հարմարվում է նոր տանը, որ կոչվում էր Հին Բելիլնյա, և ամեն կերպ օգնում է դստերը տան գործերում. գործում է, խնամում է տնային կենդանիներին, զբոսնում է երեխաների հետ։ Վերջիններիս տատիկը պատմում է չեխական հեքիաթներ ու ավանդություններ, նրանց մեջ դաստիարակում է սեր դեպի իրենց հայրենիքը՝ Չեխիան։ Գյուղի բոլոր բնակիչները շատ կարճ ժամանակում սիրեցին տատիկին։ Թոռների հետ կատարած զբոսանքներից մեկի ժամանակ տատիկը հանդիպում է իշխանուհի Սագանին։ Վերջինս տատիկին ու երեխաներին հրավիրում է հաջորդ օրը այցելել իր ամրոց։ Իշխանուհու հետ զրույցի ժամանակ տատիկը պատմում է իր կյանքի մասին. ինքը տեսել է ռուս ցար Ալեքսանդր I-ին, լեհական ապստամբության ժամանակ ստացած վերքերից մահացել է իր ամուսինը, որ զինվոր էր, ինքը չի ցանկացել մնալ գերմանախոս Ներքին Սիլեզիայում և երեք փոքր երեխաների հետ ոտքով վերադարձել է իր հայրենի չեխական գյուղը։ Երբ իշխանուհին հարցնում է, թե կցանականար արդյոք ապրել ամրոցում, տատիկը պատասխանում է, որ ինքը գոհ է իր կյանքից և հանգիստ, անհոգ կյանքն իր համար չէ։ Տատիկը շատ է դուր գալիս իշխանուհուն, և երբ նա հեռանում է, իշխանուհին նրա մասին ասում է. «Երջանիկ կին…»:

Առանձին գլուխ է նվիրված անտառում ապրող Վիկտորկայի պատմությանը։ Վերջինս գեղեցիկ աղջիկ է եղել, որ հեռացել է հայրական տնից ու լքել փեսացուին և գյուղից մեկնել մի զինվորի հետ, ում սիրահարվել էր։ Մեկ տարի անց անտառում հայտնվում է խելագար հղի կին, որ նման էր Վիկտորկային։ Նա չի ցանկացել վերադառնալ հայրական տուն։ Մի անգամ Վիկտորկան հարձակվել է ամրոցի ծառայողի վրա՝ կծելով նրան։

Արդեն շատ ծեր տատիկին լքում են ուժերը, և նա մահանում է։ Տատիկի թաղմանը ներկա էր ողջ գյուղը։

Գլխավոր կերպարներԽմբագրել

  • Տատիկ - կրոնասեր, խելացի, բարի ու հոգատար կին,
  • Բարունկա - տատիկի ավագ թոռը, ըստ էության՝ Բարունկայի նախատիպը Բոժենա Նեմցովան է,
  • Իշխանուհի - հասարակական բարձր դիրք ունեցող արդարամիտ ու հոգատար կին, նրա նախատիպը Բոժենա Նոմցովայի հովանավորն է՝ հերցոգուհի Վիլհելմինա Սագանը[3],
  • Թերեզկա - տատիկի ավագ դուստրը, հոգատար մայր ու սիրող կին, թեև տատիկը կարծում է, որ նա մի քիչ գոռոզացել է Վիեննայում անցկացրած կյանքից հետո,
  • Վիկտորկա - խելագար աղջիկ։

Էկրանավորումներ ու ներկայացումներԽմբագրել

  • Տատիկը (ֆիլմ, 1921 թ.) - սև-սպիտակ համր ֆիլմ, ռեժիսոր՝ Թեա Չերվենկովա, տատիկի դերում՝ Լյուդմիլա Լվովա-Իներմանովա
  • Տատիկը (ֆիլմ, 1940 թ.) - սև-սպիտակ ֆիլմ, ռեժիսոր՝ Չապ Ֆրանտիշեկ, տատիկի դերում՝ Թերեզիա Բրզկովա
  • Տատիկը (ֆիլմ, 1971 թ.) - երկսերիանոց գունավոր ֆիլմ, ռեժիսոր՝ Անտոնին Մոսկալիկ, տատիկի դերում՝ Յարմիլա Կուրանդովա
  • Վիկտորկա (ֆիլմ, 1935 թ.) - սև-սպիտակ ֆիլմ Վիկտորկայի մասին, ռեժիսոր՝ Յան Սվոբոդա
  • Տատիկը (օպերա) - Անտոնին Վոյտեխ Խորակի օպերան Ադոլֆ Վենիգի լիբրետոյի հիման վրա

Հետաքրքիր փաստերԽմբագրել

 
Կնոջ կերպար չեխական 500 կրոն թղթադրամի վրա
  • Ռատիբորժիցեում (Նախոդի շրջան, Գրադեց Կրալովեի երկրամաս, Չեխիա) կա Տատիկի հովիտ (Babiččino údolí), որ Չեխիայի ազգային մշակութային հուշարձան է և պահպանվող տարածք։ Այդտեղ է գտնվում Հին Բելիլնյա տունը, տատիկի ու թոռների հուշարձանը։
  • Վիկտորկայի խորհրդանշական գերեզմանը գտնվում է Չերվենի Կոստելեցում, որտեղ Բոժենա Նեմցովան ապրել է 1837 թվականի սեպտեմբերից մինչև 1838 թվականի ապրիլ։ Կերպարի նախատիպը եղել է Վիկտորյա Ժիդովան, ով մահացել է 1868 թվականին իր հայրենի քաղաքում և թաղվել է աղքատների ընդհանուր գերեզմանում[4]։
  • Չեխական 500 կրոն թղթադրամի վրա պատկերված կնոջ կերպարը հիշեցնում է Վիկտորկային։ Սակայն թղթադրամի մասին օրենքում գրված է, որ դա «Բոժենա Նեմցովայի ստեղծագործությունների կանանց կերպարների ընդհանրացված սիմվոլ է»[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Muzeum Boženy Němcové - oficiální stránky - Před 150 lety vyšla poprvé Babička Boženy Němcové»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է 2016-03-25 
  2. Բոժենա Նեմցովա, Տատիկը, Երևան, Սովետական գրող, 1981:
  3. Ամրոց Ռատիբորժիցո
  4. Չերվենի Կոստելեցի պաշտոնական կայք
  5. «Zákon 159/1993 Sb. o vydání bankovek po 500 Kč, § 4»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2016-03-25 

Արտաքին հղումներԽմբագրել