Վերլուծական լեզուներ

Վերլուծական լեզուներ՝ տիպաբանորեն միևնույն խմբին պատկանող լեզուներ, որոնց մեջ քերականական հարաբերություններն արտահայտվում են ոչ թե բառափոխությամբ (վերջավորությամբ, քերականական հերթագայությամբ), այլ սպասարկու բառերով, բառերի կարգով, հնչերանգով են։ Վերլուծական լեզուներ են անգլերենը, ֆրանսերենը, ժամանակակից պարսկերենը։ Իրականում գոյություն չունեն «մաքուր» վերլուծական և «մաքուր» համադրական լեզուներ, մի կողմից Վերլուծական լեզուներում կարելի է գտնել համադրական լեզուներին հատուկ երևույթներ (ինչպես հերթագայության երևույթը բառի սահմաններում՝ թեքման ժամանակ), մյուս կողմից՝ համադրական լեզուներում տարածված են նաև վերլուծականության երևույթներ։ Լեզուների զարգացման ընթացքում նկատելի է, որ համադրական լեզուներում երբեմն առաջանում են վերլուծական կառույցներ (ինչպես հայերենում) և վերլուծական լեզուներում՝ թեքականության երևույթներ (ինչպես ֆրանսերենում)։ Ըստ այդմ՝ լեզուների դասակարգումը վերլուծական և համադրական խմբերի կատարվում է նրանց ձևաբանական կառուցվածքին բնորոշ լեզվական գերակշռող միջոցների հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 407 CC-BY-SA-icon-80x15.png