Վեհարի Արտավազդի Սաքանյան

Վեհարի Արտավազդի Սաքանյան (հոկտեմբերի 28, 1950(1950-10-28), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, մոլեկուլային կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (28.11.2008)։

Վեհարի Արտավազդի Սաքանյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1950 (73 տարեկան)
Հայաստան Հայաստան Ստեփանավան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՄիկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա
Հաստատություն(ներ)Նանտի համալսարանի պրոֆեսոր և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ (Ֆրանսիա)
Ալմա մատերՄոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանպրոֆեսոր

Կենսագրություն

խմբագրել

Վեհարի Սաքանյանը ծնվել է 1950 թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ստեփանավան քաղաքում։ Հայրը լրագրող էր, «Փարոս» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ մայրը՝ բուժաշխատող։ Վեհարի Սաքանյանը դպրոցում ուսանելու տարիներին մասնակցել է ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադաներին։ Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա. ուսումը շարունակելու։ Այդ ժամանակ Վեհարի Սաքանյանի հայրը Արտավազդ Սաքանյանը ուսանում էր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի լրագրության (ժուռնալիստիկա) բաժնում։ Հակում ունենալով ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների նկատմամբ Վեհարի Սաքանյանը սկզբում ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Սակայն մոր մեծ ցանկությունն էր, որ իր երեք երեխաներն էլ ընտրեն բժշկի մասնագիտությունը։ Այդ պատճառով էլ նույն տարում Վեհարի Սաքանյանը ընդունվում է նաև Մոսկվայի II բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ[1]։

Ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության առօրյային և դարձել 1972 և 1974 թվականներին կազմակերպված գիտաժողովների մրցանակակիր՝ հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գենետիկա և մանրէաբանություն առարկաների նկատմամբ։ Դա էր պատճառը, որ ինստիտուտը ավարտելուց անմիջապես հետո նա ընդունվել է Մոսկվայի արդյունաբերական մանրէների գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտի ասպիրանտուրա (մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա). ուսանելով մեծ գիտնական Սոս Ալիխանյանի մոտ, որն, ի դեպ, այդ ինստիտուտի տնօրենն էր։ Թեկնածուական թեզի պաշտպանությունից հետո Վեհարի Սաքանյանը մեկնել է Հունգարիա. UNESCo-ի միջազգային կենսաբանական կենտրոնում մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։

1980-ական թթ.

խմբագրել
 
Փարիս թերթի նկար

1982 թ. ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն Էդուարդ Հակոբյանի խնդրանքով և Սոս Ալիխանյանի առաջարկությամբ Վեհարի Սաքանյանը եկել է Երևան և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում հիմնել գենային ինժեներիայի լաբորատորիա։ Հիմնելով այդ լաբորատորիան, իր իսկ պատրաստած կադրերի հետ միասին Վեհարի Սաքանյանը առաջինը նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում ձեռնամուխ եղավ ստանալու մի շարք ամինաթթուների և ֆերմենտների բարձրակտիվ շտամ-արտադրիչներ, որոնք մինչ այժմ էլ մրցունակ են միջազգային շուկայում։ Մոսկվայում 1987 թ. արդյունաբերական մանրէների գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտում Վեհարի Սաքանյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Ներկայումս Վեհարի Սաքանյանը զբաղվում է սպիտակուցների և հակամարմինների փոքրագույն մոլեկուլների ուսումնասիրության չիպային տեխնոլոգիայի մշակմամբ, որը հնարավորություն կտա ստեղծելու նոր հակաքաղցկեղային գործոններ (կաթնագեղձի քաղցկեղ)։ Այս մշակումները բավական խոստումնալից են կլինիկական փորձարկումների անցնելու համար։

Ֆրանսիայի մեջ

խմբագրել
 
Մոսկվան Սաքանյանի շրջան

Ֆրանսիա մեկնելուց հետո Վեհարի Սաքանյանը մինչ այժմ համագործակցում է Հայաստանի տարբեր ինստիտուտների, հատկապես իրեն հարազատ կենսատեխնոլոգիա Գիտահետազոտական ինստիտուտիգիտնականների և գիտական խմբերի հետ։ Սկսած 1995 թ. պրոֆեսոր Վեհարի Սաքանյանը սեմինարներ և դասախոսություններ է անցկացրել կենսատեխնոլոգիա Գիտահետազոտական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանում և Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտում, որտեղ ներկայացրել է կենսատեխնոլոգիայի ժամանակակից նվաճումները։ Ֆրանսիայում գտնվելու ժամանակ էլ Վեհարի Սաքանյանի ղեկավարությամբ հայ երիտասարդներից 5-ը պաշտպանել են թեկնածուական թեզեր։ պրոֆեսոր Վեհարի Սաքանյանի աջակցոււթյամբ Նանտի համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում վերապատրաստվել են Հայաստանի մի շարք գիտաշխատողներ և ասպիրանտներ։

Համագործակցություններ

խմբագրել

Պրոֆեսոր Վեհարի Սաքանյանի նախաձեռնությամբ 2000 թ կատարվել է համատեղ աշխատանք կենսատեխնոլոգիա Գիտահետազոտական ինստիտուտի և Նանտի համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի և Ajinomoto Co. LTD-ի միջև, որի արդյունքում ձեռք է բերվել համատեղ արտոնագիր։ Միաժամանակ այդ աշխատանքը ֆինանսավորվել է Ajinomoto Co. LTD-ի կողմից, որը ֆինանսական աջակցություն էր կենսատեխնոլոգիա Գիտահետազոտական ինստիտուտի և աշխատակիցների համար։ Հայաստանում պրոֆեսոր Վեհարի Սաքանյանի ղեկավարած խմբի կողմից ստացվել է բարձրակտիվ շտամ-արտադրիչ, որի հիման վրա կազմակերպվել է լիզին ամինաթթվի բավականին արդյունավետ արտադրություն։ Ներկայումս նա օգնում է կենսատեխնոլոգիայի Գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներին կորինեֆորմ մանրէների հիման վրա գենային ինժեներիայի եղանակներով ստանալ ամինաթթուների նոր շտամ-արտադրիչներ, որոնք կարող են օգտագործվել արտադրության մեջ։ Պրոֆեսոր Վեհարի Սաքանյանը աջակցել է և շարունակում է իր օգնությունը կենսատեխնոլոգիա Գիտահետազոտական ինստիտուտի շատ աշխատակիցների. նրանց տրամադրելով գենաինժեներային աշխատանքների համար անհրաժեշտ թանկարժեք նյութեր։ Այսօր էլ նա ակտիվորեն համագործակցում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Ընտանիք

խմբագրել

Քույրերը՝ Արմինե և Կարինե Սաքանյանները, մասնագիտությամբ բժիշկներ են։ Նրանց երեխաները ընտրել են պապիկի՝ լրագրողի մասնագիտությունը։

Կինը՝ Պռոշինա-Սաքանյան Իրինան զբաղվում է խեցեգործությամբ։

Որդին՝ Արտակ Սաքանյանը, զբաղվում է նկարչությամբ և ունեցել է մի շարք ցուցահանդեսներ։ Կինը և որդին Ֆրանսիայում բացել են գեղավերստի սրահ, որտեղ ցուցադրում են խեցեգործական աշխատանքներ և նկարներ, որոնցում արտացոլված է հայկական մշակույթը։

Աղջիկը՝ Աննա Սաքանյանը, ունի ֆիզիկամաթեմատիկական հակումներ և այժմ սովորում է Փարիզի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնտեսագիտական բաժնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի Ազգային գրադարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM