Վարակիչ հիվանդությունները Հայաստանում

Հայաստանի բնակչության սանիտարահամաճարակայիև անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների հաջող իրականացման արդյունքում համաճարակային իրավիճակը բարենպաստ է։

(DALY) Ինֆեկցիոն հիվանությունների պատճառով մարդկանց մահը 100000 մարդկանց շրջանում 2004 թվականին[1]
     չկան տվյալներ      ≤250      250-500      500-1000      1000-2000      2000-3000      3000-4000      5000-6250      6250-12500      12500-25000      25000-50000      ≥50000

Հանրապետությունում չեն արձանագրվում խոլերա, ռիկետսիոզներ (բծավոր տիֆ և Բրիլլի հիվանդություն), պոլիոմիելիտ, դիֆթերիա, կարմրուկ, կարմրախտ, բնածին կարմրախտային համախտանիշ, փայտացում, նորածնային փայտացում հիվանդությունները, իսկ կապույտ հազը և խոզուկ (Էպիդեմիկ պարօտիտ) արձանագրվում են որպես եզակի դեպք։ Մինչև 2007 թվականը Հայաստանում արձանագրվել են կարմրուկի բռնկումներ՝ պայմանավորված հիվանդության բնական պարբերականությամբ։ 2007 թվականի կարմրուկի և կարմրախտի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների իրականացման և հետագայում կարմրուկի-կարմրախտի-խոզուկի դեմ համակցված զանգվածային պատվաստումների շնորհիվ հանրապետությունում չեն արձանագրվել այդ հիվանդությունների դեպքեր։

Կանխարգելիչ պատվաստումների նպատակային և հետևողական իրականացման հետևանքով 1995 թվականից հանրապետությունում պոլիոմելիտի դեպք չի արձանագրվել։ 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր։ 1994-1995 թվականներին՝ 320 արձանագրված դիֆթերիայի բռնկումից հետո հանրապետությունում իրավիճակը կայունացել է, 2001 և 2009 թվականներին արձանագրվել է 1-ական դեպք (հանրապետության հետ սոցիալ-տնտեսական կապ ունեցող, ինչպես նաև հարևան երկրներում դեռևս արձանագրվում են դիֆթերիայի հիվանդացման բազմաթիվ դեպքեր՝ նույնիսկ բռնկումների ձևով։ Պատվաստումների ազգային օրացույցում լյարդաբորբ Բ պատվաստանյութի ներդրումից հետո լյարդաբորբ Բ-ի հիվանդացությունը զգալիորեն նվազման միտում ունի։ 2009-2010 թվականներին գրիպի համավարակի դիմակայման նպատակով առողջապահության նախարարության վարած ճիշտ քաղաքականությունը հնարավորություն է ընձեռել առանց պատվաստումների և այլ դեղագործական միջամտությունների կանխել համաճարակի հետագա տարածումը։

Մալարիա խմբագրել

 
Մալարիայի հարուցիչը մանրադիտակի տակ

Վերջին տարիներին գրանցվել են զգալի ձեռքբերումներ մալարիայի կանխարգելման ոլորտում։ Հիվանդության դեմ բազմոլորտ և համակարգված հետևողական պայքարի արդյունքում 2006 թվականից երկրում մալարիայի տեղական դեպքեր չեն գրանցվել։ ՀՀ-ն եվրոպական տարածաշրջանի առաջին երկրներից է, որին հաջողվել է երկրում վերացնել հիվանդությունը։

2010-2011 թվականների ընթացքում ԱՀԿ-ի և անկախ փորձագետները գնահատել են երկրում իրականացված աշխատանքը, հանրապետությունը 2011 թվականին վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք։ Վկայագրումը, բացի հանրային առողջապահպանական չարիք համարվող այս հիվանդությունից ձերբազատման հավաստագիր լինելուց, զգալիորեն կբարձրացնի ՀՀ-ի միջազգային հեղինակությունը, ինչպես նաև նոր խթան կդառնա մեր երկրում զբոսաշրջության հետագա զարգացման համար։

2011 թվականին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագիրը», որը կանոնակարգում է մալարիայի տարածման կանխարգելման միջոցառումները և հիվանդության բացառումը (էլիմինացված կարգավիճակի պահպանումը)։

ՀՀ-ում վերջին տարիներին արձանագրվել են առաջնակի հայտնաբերված բրուցելոզ հիվանդության աճ։ Սակայն 2009 թվականից նկատվել է հիվանդացության նվազում (օր.՝ 2010 թվականին արձանագրվել է 295 դեպք՝ 2009 թվականի 346-ի դիմաց), որը պայմանավորված է ինչպես բնակչության, այնպես էլ կենդանիների շրջանում համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ։

Վերջին տարիներին, ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակով, ներքին տեղաշարժերով ու արտագաղթով և այլ գործոններով պայմանավորված, դեռևս բարձր է տուբերկուլոզով հիվանդացությունը։ Միայն 2010 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, նկատվել է հիվանդացության աննշան նվազում։ Սեռավարակների և ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը ՀՀ-ում սպառնալի չէ։ Վերջին տարիներին սիֆիլիսի, գոնոռեայի և այլ սեռավարակների դեպքերի թիվը հարաբերականորեն կայուն է եղել։

1988-2010 թվականներին ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-վարակի 971 դեպք (148-ը՝ 2010 թվականին). տղամարդկանց՝ 698, կանանց՝ 273, երեխաների՝ 20։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World Health Organization (February 2009). «Age-standardized DALYs per 100,000 by cause, and Member State, 2004». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։