Վարազդատ Կարապետյան
Վարազդատ Կարապետյան (ապրիլի 11, 1974, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Վարազդատ Կարապետյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1996) | ||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | ապրիլի 11, 1974 (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Կենսագրություն
խմբագրել1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետև՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։ Բազմաթիվ գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1995-1996 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչության տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա՝ նախագահի օգնական։
1996-1997 թվականներին եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թվականներին՝ Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն։
1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թվականներին՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը[1]։
2003 թվականինն դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդատու։ Աշխատել է «Հայկական Կարիտաս» կազմակերպությունում, Գավառի պետական համալսարանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), Atos Consulting ընկերությունում։
2011-2012 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2012 թվականին հունվարից մինչև 2014 թվականի հունիսը ղեկավարել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը։ 2014 թվականին հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ։ 2017 թվականի հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը[2]։
Վարազդատ Կարապետյանը 2018 թվականի մայիսի 1-ին հրաժարական տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնից և հայտարարեց համաժողովրդական շարժմանը միանալու իր որոշման մասին[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցության դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։