Դոկումենտալ (վավերագրական) թատրոն, կամ փաստերի թատրոն, թատերարվեստի տեսակ է, որն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործում է վավերագրական նյութ (ամսագրերի, Կառավարության զեկույցների, հարցազրույցների և այլնի նյութեր) որպես ներկայացման հիմք` հիմնականում առանց փոփոխելու այն։

Պատմություն խմբագրել

Փիթսբուրգի համալսարանի թատերարվեստի պրոֆեսոր Աթթիլիո Ֆավորինին թվագրում է առաջին դրամատիկական վավերագրական ներկայացումը մ.թ.ա. 492 թվականին, երբ անտիկ հույն գրող Ֆրինիխը գրել է իր «Միլեթի գերեվարումը» պիեսը Պարսկական պատերազմի մասին։ Նա տեսնում է ժանրի հետքերը եվրոպական միջնադարյան առեղծվածային պիեսներում, Եղիսաբեթյան Անգլիայի և Շեքսպիրի պատմական ողբերգություններում, ֆրանսիական հայրենասիրական հեղափոխական դրամաներում, բրիտանական և ամերիկյան 1930-ական թվականների թերթերում և Հոլոքոսթի մասին գերմանական պիեսներում։ Դրա ժամանակակից ձևը, վավերագրական թատրոնը, սկսել է զարգանալ 1920-ական թվականներին։ Առաջնամարտիկները գերմանացի երկու ռեժիսորներ էին, Բերտոլդ Բրեխտն ու Էրվին Փիսքաթորը, ովքեր կենտրոնացած էին սոցիալական հակասությունների, դասակարգային լարվածության և իշխանական համակարգերի խնդիրների վրա։ Հիմնականում ներշնչվելով Բրեխտի և Փիսքաթորի Էպիկ թատրոնից` Փիսքաթորը զարգացրեց իր անձնական «Ապրող թերթը» 1930-ականներին։ Իր «Ձայներ. 10 ներկայացում վավերագրական թատրոնից» ("Voicings: Ten Plays from the Documentary Theater") հավաքածուի մեջ Ֆավորինին հավաքել է այս ժանրով 20-րդ դարում ստեղծված բոլոր կարևոր օրինակները[1]։

Թեորիայում խմբագրել

Վավերագրական թատրոնը փորձում է սոցիալական խնդիրները բեմ հանել` գեղարվեստական մեթոդներով շեշտելով փաստերը։ Պիեսի հեղինակը փորձում է հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնել` շեշտելով տվյալ իրադարձության հոգեբանական ու միջանձնային ասպեկտները։ Դրաման կարող է ինքը դառնալ տվյալ իրադարձության մասին երկրորդական աղբյուր կամ մեկնաբանություն։ Վավերագրական թատրոնը գտնվում է քաղաքականության ու արվեստի մեջտեղում և կարող է սոցիալական փոփոխությունների համար կատարսիս հանդիսանալ։

Գործնականում խմբագրել

Վավերագրական թատրոնն օգտագործում է սոցիալական ուժը դրամատիկական արտահայտչամիջոցներով` գոյություն ունեցող վավերագրական նյութը որպես պիեսի աղբյուր ծառայեցնելով։ Այստեղ պիեսի տեքստը հիմնված է հարցազրույցների վրա։ Հարցազրույցներն անփոփոխ ներկայացնող թատրոնը հայտնի է վերբատիմ թատրոն անունով։ Սովորաբար մի դերասանը կատարում է մի քանի դեր։ Դերասանները ներկայացման ժամանակ փոխում են հագուստն ու օգտագործում են մարմնի լեզուն` բեմի վրա մի քանի կերպար ստեղծելու համար։ Իրադարձությունները երբեմն հաղորդվում են հարցազրույց տվողի տեսանկյունից։ Ներկայացումների մեջ սովորաբար շատ երաժշտություն չի ընդգրկվում` թույլ տալով հանդիսատեսին կենտրոնանալ խոսքերի վրա։ Մի նորություն կամ հարցազրույց մյուսից ավելի բարձր չի դասվում։ Դերասանները ճշգրտորեն ներկայացնում են այն ամբողջ տեղեկությունը, որն ունեն` թույլ տալով հանդիսատեսին եզրակացություններ անել։

Պիեսի հեղինակը հնարավորություն ունի կառուցելու բարդ թեմաներն այնպես, ինչպես հարմար է գտնում։ Գեղարվեստական հատվածը ևս ներկայացման կարևոր մաս է, ինչպես դա կարևոր է վավերագրական ֆիլմի դեպքում։ Որոշ հեղինակներ պնդում են, որ օբյեկտիվությունն այստեղ միանգամայն հնարավոր է, մյուսները հարցականի տակ են դնում, թե ի՞նչ է հանդիսատեսը ցանկանում իմանալ և իրականում ի՞նչ տեղեկություն է ստանում։

Ժամանակակից օրինակներ խմբագրել

Ժամանակակից վավերագրական թատրոնի հայտնի արվեստագետներից են Աննա Դիվերե Սմիթը, Սառա Ջոնսը, Նիլայա Սանը, Բրուք Հեյքոք Մայք Վիլիին և "Culture Clash", "Erasing the Distance" և "Tectonic Theater Project" թատերախմբերը։ Այս արվեստագետներից շատերն ստեղծում են ներկայացումներ, որոնք հայտնի են վերբատիմ թատրոն անունով` օգտագործելով հարցազրույց տված մարդկանց օգտագործած բառերն առանց փոփոխության։

Հրդեհներ հայելու մեջ խմբագրել

Հրդեհներ հայելու մեջ ("Fires in the Mirror") պիեսի հեղինակը դերասանուհի, պրոֆեսոր Աննա Դիվերեն է։ Ներկայացման մեջ խոսվում է Քրոուն Հեիթս ցույցերի (1991 թվական, Բրուքլին) մասին։ Տեքստը հիմնված է ցույցերին մասնակից մարդկանց պատմվածի վրա։ Ներկայացումը կազմված է մենախոսությունների շարքից։ Աննան հարցազրույց է վարել 26 մասնակիցների հետ և դրանցից կազմել է 29 մենախոսություն։

Լարամի նախագիծ խմբագրել

1998 թվականի նոյեմբերին Մոիսես Քաուֆմանը և Tectonic Theater Project խմբի անդամները մեկնեցին Լարամի և սկսեցին հարցազրույցներ վարել 1998 թվականին հոկտեմբերին Մեթյու Շեփարդի առևանգման և սպանության դեպքի վերաբերյալ։ Շեփարդը Վյոմինգի համալսարանի ուսանող էր։ Քաուֆմանն ու իր խումբը անցկացրին մոտ մեկ տարի Լարամիում շրջելով և վարեցին ավելի քան 200 հարցազրույց։ Այս բոլոր հարցազրույցները հավաքվեցին «Լարամի նախագծի» մեջ։ Ներկայացումը հիմնված է ողբերգական դեպքի հետ առնչված մարդկանց հետ վարած հարցազրույցների վրա։ Ներկայացման մեջ խաղում են մի քանի դերասան, որոնցից յուրաքանչյուրը մի քանի դեր են կատարում։ Լարամի նախագիծը տարբերվող է նրանով, որ ներկայացման հեղինակները, դերասանները պիեսի կերպարներ են դառնում։ Նրանք իրենց կարծիքն են արտահայտում իրադարձության վերաբերյալ։ Նրանց մտքերն ու կարծիքները ներկայացման մաս են դարձել, և դերասանները խաղում են իրենք իրենց։

Ծանոթագրություններ խմբագրել