Վաչագան Ղազարյան

հայ գեներալ

Վաչագան Ալեքսանդրի Ղազարյան (մականունը՝ Սերժի Վաչո[1], փետրվարի 20, 1961(1961-02-20)), հայ գեներալ-մայոր[2], պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գործարար-սեփականատեր[3]։

Վաչագան Ղազարյան
Ծնվել էփետրվարի 20, 1961(1961-02-20) (63 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ և գործարար

Հայտնի է նաև Հայաստանի դեմ իրականացված մի շարք հանցագործություններով, մասնավորապես, ապօրինի հարստացման դրվագներով[4][5]։

Պետական պաշտոնների զբաղեցում խմբագրել

2018 թվականի մայիսի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վաչագան Ղազարյանն ազատվել է Հայաստանի պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից[6]։

Բիզնես գործունեություն խմբագրել

Վաչագան Ղազարյանը հանդիսանում է խոշոր գործարար[3]։ Նրա ունեցվածքը փոխկապակցված է իր ընտանիքի անդամների հետ։

Յանս ռեստորանային համալիր խմբագրել

Վաչագան Ղազարյանին և նրա ընտանիքին է պատկանում Երևանի «Ուսանողական այգում» (Ագրարային համալսարանի այգում) գտնվող «Յանս» ռեստորանային համալիրը[7]։

Քրեադատավարական գործընթացներում ներգրավում խմբագրել

Հարկերի չվճարում և ապօրինի հարստացում խմբագրել

2018 թվականի հունիսի 20-21-ին Հայաստանի քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Վաչագան Ղազարյանին պատկանող օբյեկտներում, որոնց արդյունքում քրեական գործ հարուցել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ[8][9], որից հետո՝ նույն թվականի հունիսի 25-ին տվյալ գործով ձերբակալվել է[10]։ 2018-ի օգոստոսի 3-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրվել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ իրենց ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար[11]։ Հետագա դատաիրավական գործընթացում հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ընկերությունների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը։ Այս գործը կարճվել է, քանի որ մեղադրվող անձինք պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ՝ ընդհանուր 2 միլիարդ 837 միլիոն դրամ՝ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը[5]։

Ապօրինի հարստացման մեղադրանքներ խմբագրել

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը Վաչագան Ղազարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել, որպեսզի պարզի դրանց օրինականությունը։ 2022 թվականի մայիսի 31-ին Գլխավոր դատախազությունը Հայաստանի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել, որպեսզի Վաչագան Ղազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվի օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 միլիարդ 647 միլիոն դրամ և 7 միլիարդ դրամ շուկայական արժեքով գույք։ 2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազության հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Գլխավոր դատախազության և նրանց միջև կնքվել է հաշտության համաձայնություն։ 2023 թվականի օգոստոսի 31-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը[4]։

Յանս ռեստորանի մասով քրեական գործ խմբագրել

Համաձայն Հայաստանի դատախազության՝ Վաչագան Ղազարյանին և նրա ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը կառուցվել է ապօրինի, քանզի այգին համարվում է կանաչապատման գոտի, իսկ հողատարածքի օտարման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խախտվել են Հայաստանի հողային օրենսգրքի մի շարք օրենքներ[7][12]։

Ընտանիք խմբագրել

Վաչագան Ղազարյանն ամուսնացած է Ռուզաննա Բեգլարյանի հետ[3]։ Ունի որդի՝ Մհեր Ղազարյանը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) բերման է ենթարկվել» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 19․12․2023 թվականին)։
  2. «Հայաստանի նախագահի հրամանագրերը».
  3. 3,0 3,1 3,2 ««Սերժի Վաչո»-ի, նրա կնոջ և «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով» հոդված pastinfo.am կայքում, (արխիվացված 19․12․2023 թվականին)։
  4. 4,0 4,1 «Վաչագան Ղազարյանը պետությանը վերադարձրեց «Եռաբլուր» պանթեոնի 4 հողատարածքները» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 19․12․2023 թվականին)։
  5. 5,0 5,1 «Վաչագան Ղազարյանն ու կինը պետբյուջե են փոխանցել հանցագործությամբ պատճառված 2,837 մլրդ դրամը․ ՀՔԾ-ն պարզաբանում է քրգործի կարճումը» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 19․12․2023 թվականին)։
  6. «Վաչագան Ղազարյանն ազատվել է պաշտոնից».
  7. 7,0 7,1 Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է
  8. ««Յանս»-ում խուզարկության արդյունքներով քրեական գործ է հարուցվել».
  9. Քրգործ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ
  10. «Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  11. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և կնոջ վերաբերյալ գործը կարճվել է» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 19․12․2023 թվականին)։
  12. Քրեական հետապնդում է հարուցվել Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ. ՔԿ
  13. «Սերժի Վաչոյի որդու հարսանիքը. Բոլորը ներկա են լինելու» հոդված lragir.am կայքում, (արխիվացված 19․12․2023 թվականին)։

Արտաքին հղումներ խմբագրել