Վաճառական Կուդրինի տուն (Տագանրոգ)

Վաճառական Կուդրինի տուն (ռուս.՝ Дом купца Кудрина), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Կառուցվել է 19-րդ դարի առաջին քառորդում Շմիդտի փողոցի, 10 հասցեով։ Աղբյուրների մեծ մասում այն հիշատակվում է որպես Կուդրինների ընտանիքի սեփականություն, սակայն այլ աղբյուրներում նշվում է որպես Ռեմիների ընտանիքի անշարժ գույք։

Վաճառական Կուդրինի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Երկար ժամանակ Տագանրոգի Շմիդտի փողոցի թիվ 10 տան սեփականատերը եղել է Կուդրինների ընտանիքը։ Տունը կառուցվել է 19-րդ դարի առաջին քառորդում ճարտարապետ Դյուպոն դը Լարյուի կողմից։ Սեփականատերը եղել է 2-րդ գիլդիայի վաճառական Յակով Կուդրինը, նրա կնոջ անունը եղել է Դոմինիկա Ավկսենտևնա։ 1830 թվականի դրությամբ հայտնի է, որ ընտանիքում դաստիարակվել է յոթ երեխա՝ 3 տղա և 4 աղջիկ։ Յակով Կուդրինի մահից հետո, 1830-ական թվականների վերջում, ընտանեկան գործերը սկսել է կառավարել նրա որդին՝ Գավրիիլը։ Ընտանիքը զբաղվել է մետաղական մանրամասների՝ երկաթեղենի վաճառքով։ Կուդրինների սեփականություն էին նաև փայտի պահեստներ։ Հետագայում Գավրիիլ Կուդրինը դարձավ վաճառականության ներկայացուցիչը առևտրային դատարանում։ Հայտնի է, որ որոշ ժամանակ անց Կուդրինների ընտանիքը թողել է իր գործը Տագանրոգում և տեղափոխվել Խարկով։ Բայց Գավրիիլի եղբայրներից մեկը՝ Անտոն Կուդրինը, Խարկովում ստանալով իրավաբանական կրթություն, վերադարձել է Տագանրոգ։ 1864 թվականին նա ամուսնացել է Քսավերիա Իոսիֆովնա Յաբլունովսկայայի հետ։ Նրանք ունեցել են Յակով անունով որդի։ Անտոն Յակովլևիչ Կուդրինը մահացել է 1901 թվականին։ Շմիդտի, 10 տան ժառանգներ են դարձել Նինա Կուդրինան և Ավգուստինա Պոպովան։ Հայտնի է, որ 1910 թվականին այս տանն ապրել է Առևտրային ուսումնարանի տնօրեն Եվգենի Միխայլովիչ Գարշինը[1]։

1992 թվականին շինությունը ճանաչվել է տեղական նշանակության ճարտարապետության հուշարձան[2]։ Վերջին տասնամյակներում այս տանը գործում է №18 «Կորաբլիկ» («Նավակ») մանկապարտեզը[3][4]։

Նկարագրություն խմբագրել

Տագանրոգի Շմիդտի փողոցի թիվ 10 տունը կիսանկուղային տարածքով մեկհարկանի շինություն է։ Այն կառուցվել է վաղ կլասիցիզմի ոճով[5]։ Ճակտոնը եռանկյունաձև է, ճարտարապետի մտահղացմամբ՝ այն հենվում է 2 սյուների և 2 կիսասյուների վրա, որոնք ստեղծվել են պարզեցված հոնիական-կորնթական ոճով։ Սյան բնին արված են ուղղահայաց ակոսներ՝ կանելյուրներ։ Մուտքի դուռը զարդարված է փոքր չափի քիվով՝ ճառագայթաձև ճակտոնով։ Ճակատի ձևավորումը նախկինում կարելի էր պայմանականորեն բաժանել երեք մասի։ Կենտրոնական մասն առանձնանում է վերնամասում ծեփվածքներով կիսասյուներով։ Ճակատի կողային մասերը երիզված են զույգ կիսասյուներով և ուղղանկյունաձև պատուհաններով։ Կիսանկուղային հարկն ունի պատուհաններ և խորշեր։ Շենքը վերակառուցելուց հետո որոշ ճարտարապետական մանրամասներ և տարրեր կորսվել են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  2. «Жилой дом//Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Дом 10 Шмидта улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. http://taganrog.2jis.ru/firm/1328692545 Արխիվացված 2017-10-17 Wayback Machine Детский сад №18 Кораблик, ЮФУ
  5. Энциклопедия Таганрога