Վաճառական Կոնկոնենի տուն

Վաճառական Կոնկոնենի տուն (ռուս.՝ Дом купца Конконена), առևտրային տարածքներով բնակելի շենք Վիբորգում։ Այն տեղակայված է քաղաքի գլխավոր փողոցում` Լենինի պողոտայում[2]։ Հյուսիսային մոդեռն ոճով Վիբորգի կենտրոնում կառուցված հինգ հարկանի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Վաճառական Կոնկոնենի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Լենինի պողոտա
Ճարտարապետական ոճՀյուսիսային մոդեռն ոճ
Մասն էԼենինի պողոտա
Հիմնադրված է1910
ՃարտարապետՊաավո Ուոտիլա
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Սերգեևի և Կոնկոնենի տների տեսարանը Լենինի անվան զբոսայգուց
 
Ատլասների պատկերներ

Շենքի կառուցման համար վիբորգցի հայտնի վաճառական, մոլի ֆուտբոլիստ և ձիավարժ-ձիաբույծ Յոհան Ալեքսանդր Կոնկոնենը (1856-1925) քաղաքի գլխավոր փողոցում գնել է հողամաս և եկամտաբեր տան նախագիծը պատվիրել Վիբորգի ճարտարապետ Պաավո Ուոտիլային։

Տունը, որը կառուցվել է 1908-1910 թվականներին, կից է հարուստ առևտրական և արդյունաբերող Ֆեոդոր Իվանովիչ Սերգեևի «ռոկոկո պալատին»։ Համեմատաբար նեղ սիմետրիկ ճակատով շենքն ուղղակիորեն ձգվում է տարածքի խորքը։ Մոխրագույն գրանիտով ցուցափեղկ-պատուհաններով կառուցված առաջին հարկը նախատեսված է առևտրային նպատակների համար (այնտեղ տեղակայված է դեղատուն)։ Բնակարանների հետ միասին շենքում տեղակայված են եղել բազմաթիվ ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում խանութներ և սրճարան-ռեստորան։ Շենքի ճակատային մասի կենտրոնը, որը զարդարված է հյուսիսային մոդեռն ոճով, առանձնանում է բազմանկյուն կարկառամասերով երեք պատուհաններով, որոնք ավարտվում են բուրգաձև տանիքով՝ ընդգծելով շենքի դեպի վեր ձգվածությունը։ Շենքը զգալիորեն առանձնանում էր շրջապատի ցածրահարկ շենքերի ֆոնին։ Ատլասների դեկորատիվ թեմատիկան, որոնք օգտագործվել են հարևան Սերգեևի առանձնատան փարթամ ճակատը զարդարելու համար, շարունակվել են Կոնկոնենի տան համեմատաբար համեստ, բայց արտահայտիչ ճակատային մասում` առաջին հարկի անկյուններում ոճավորված ատլասների գրանիտե հարթաքադակներով, որոնք լուծվել են զավեշտական պորտաքարերով։ Ճակատային մասի զարդանախշերի շարունակությունն է գլխավոր մուտքի պատերի տերևներով և ծաղիկներով ձևավորումը։

Կոնկոնենի տունը խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) էական վնասներ չի կրել։ Պահպանվել է տանիքի և ներքին հարդարման բնօրինակ ձևը։ Հետպատերազմյան շրջանում առաջին հարկը երկար տարիներ զբաղեցրել է դեղատունը, ներկայումս տարածքում գործում է նաև խանութ։ Չնայած քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվել է թաղամասը կառուցապատել բազմահարկ շենքերով, այդ պլանը չի իրականացել, որի շնորհիվ Կոնկոնենի տունը չի կորել բազմաբնակարան շենքերի շարքում և մինչ օրս լավ է պահպանվել արևելյան կողմի պատի գեղազարդումը, որը հավանաբար հանդիսացել է բակի մի մասը (Վիբորգի համար այդ ժամանակի տների, բակային պատերի զարդարումը բնորոշ չէր)։

1961 թվականին պատին լրացուցիչ զարդարանքներ են հայտնվել։ Բրանդմաուերի վրա վեր է խոյացել 15 մետր բարձրություն ունեցող մի կնոջ ստիլիզացված պատկեր, որը ձեռքին պահում է խաղաղության աղավնին։ Գրաֆֆիտո ոճով արված դեկորատիվ պատկերը ստեղծել են Մուխինայի անվան Լենինգրադի արվեստի դպրոցի սաները՝ Պ. Աբրամիչևը և Վ. Սոտնիկովը։ Այնուամենայնիվ, 1980-ականներին խորհրդանշական պատկերը ներկով ծածկել են։

Լավագույնս պահպանված զավեշտական ատլասները (ի տարբերություն Ռոկոկոյի պալատի ճակատին գտնվողների) համարվում են տան գլխավոր տեսարժան հատվածներից մեկը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
  2. Дом Конконена (пр. Ленина, 16)
  3. «VirtuaaliViipuri 1939». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1
  • Страницы Выборгской истории: сборник статей. Книга третья / Под ред. А. В. Мельнова. — Выборг: «Центр Сохранения Культурного Наследия», 2019. — 232 с. — ISBN 978-5-91882-056-8