Վաճառ, գյուղաքաղաք Գանձասարից արևելք՝ Ծմակահող գյուղի արևելյան մասում՝ համանուն գետակի ձախ ափին։ Ավերակները միջնադարյան քաղաքատիպ ավանին հատուկ տնատեղերի, արհեստանոցների, խանութների և եկեղեցիների մնացորդներ են[1]։

ՊատմությունԽմբագրել

Գյուղաքաղաքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ բարգավաճման է հասել 12-13-րդ դարերում՝ հատկապես Խաչենի տեր Հասան Ջալալի օրոք։

Առաջին արձանագրությունը պատկանում է Հասան-Ջալալի կառուցողական գործունեությանը։ Այստեղ նրա տոհմին պատկանող այս ավերակներում պահպանվել է. «Ես Հասան՝ որդի Վախտանգայ և Խորիշահի, տէր Խաչենոյ, շինեցի զսուրբ եկեղեցիս… ՈՀԸ (1229):»

Նրա կանգնեցրած խաչքարերը թվագրվում են մոտավորապես նույն ժամանակաշրջանով։ Իշխանի կատարած գործի գրեթե յուրաքանչյուր մանրամասն արձանագրված է Խաչենի տարածքի և հարևան գավառներում պահպանված քարերի վրա, Գանձասարի վանքին նվիրված նրա ձեռագիր Աստվածաշնչի հայտնի հիշատակարանում և այլուր։ Դա վկայում է նրա գործածած թրի այն նեֆրիտե արեխակալը, որի վրա նախշանկար փորագրված է «Հասան Ջալալ իշխան Խաչենոյ»։

Ընդարձակ տարածություն է զբաղեցնում Վաճառի գերեզմանատունը, որտեղ սրբատաշ արձաքարով կառուցված է եկեղեցի։ Եկեղեցու հարավային կողմում մշակված և հղկված քարից, գրեթե պատկից կառուցված է երկհարկանի փոքր մատուռ։

Եկեղեցին ունի երկու շինարարական արձանագրություն՝ մուտքի տիմպանի վրա և արևմտահայաց ճակատին։ Այդ արձանագրություններից պարզվում է հուշարձանի կառուցման ժամանակը, կառուցող մեկենասը և քարգործ վարպետը։ Կառուցել է Սարգիս քարգործ վարպետը։ Նրա թողած արձանագրությունը հետևյալն է. «Կամաւն այ ես Սարգիս Կարնոյ քաղաքացի սալեցի զեկեղեցիս և կանգնեցի զխաչերս ինձ և աշակերտի իմոյ Յովհաննեսի, յաղաւթս»։

Թեև արձանագրության մեջ նշված չէ թվականը, սակայն այլ արձանագրություններից հայտնի է, որ եկեղեցին 1229 թվականի կառույց է։ «Կարծում ենք,- գրել է Սեդրակ Բարխուդարյանը, որ Սարգսի և իր աշակերտ Հովհաննեսի աշխատանքներն այդ թվականից շատ շուտ լինել չէին կարող, հատկապես, որ կան նաև այլ հուշարձաններ նույն վայրում, բոլորն էլ իրարից մոտիկ թվականներով կառուցված, համարվում է 13-րդ դարի կեսերի գործ»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մկրտչյան Շահեն (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ։ Երևան: «Հայաստան»։ էջեր 21–23։ ISBN 4902020000