Էռնեստ Վագեման (գերմ.՝ Ernst Wagemann, փետրվարի 18, 1884(1884-02-18)[1], Chañarcillo, Կոպյապո, Ատակամա, Չիլի - մարտի 20, 1956(1956-03-20)[1], Բադ Գոդեսբերգ, Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի տնտեսագետ, վիճակագիր, ժողովրդագիր։ Գիտությունների դոկտոր։ Համարվում է Գերմանիայում էմպիրիկ տնտեսական հետազոտությունների հիմնադիրը։

Էռնեստ Վագեման
գերմ.՝ Ernst Wagemann
Ծնվել էփետրվարի 18, 1884(1884-02-18)[1]
Chañarcillo, Կոպյապո, Ատակամա, Չիլի
Մահացել էմարտի 20, 1956(1956-03-20)[1] (72 տարեկան)
Բադ Գոդեսբերգ, Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանRüngsdorf Cemetery
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Չիլիի համալսարան
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Ernst Wagemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Գյոթինգենի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ 1907 թվականին դարձել է փիլիսոփայության դոկտոր։ 1908-1910 թվականներին Համբուրգի գաղութային ինստիտուտում (հետագայում Համբուրգի համալսարան) եղել է դասախոս։ 1919 թվականին Բեռլինի համալսարանում նշանակվել է դոցենտ, միաժամանակ աշխատել է Պրուսական գյուղատնտեսության նախարարությունում, եղել է Պրուսիայի էկոնոմիկայի նախարարությանը կից խորհրդի անդամ։

1923-1933 թվականներին եղել է Գերմանիայի պետական վիճակագրական բյուրոյի նախագահ, 1925-1945 թվականներին՝ Բեռլինի կոնյունկտուրային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (Այժմ՝ Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտ)։

1933 թվականին Գերմանիայի տնտեսության պետական կուրսի դեմ պաշտոնական ելույթից և Գուգենբերգի կողմից քննադատությունից հետո կորցրել է աշխատանքը, մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և Ռուդոլֆ Հեսսի մոտ լսելուց հետո վերականգնվել կոնյունկտուրային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում[2]։ 1945-1949 թվականներին՝ Մայնի Ֆրանկֆուրտի կոնյունկտուրային ինստիտուտի տնօրեն։

1949 թվականին մեկնել է Հարավային Ամերիկա։ 1949-1953 թվականներին եղել է Սանտյագոյի (Չիլի) համալսարանի պրոֆեսոր։ 1953 թվականին վերադարձել է Գերմանիա։

Գիտական գործունեություն խմբագրել

Իր աշխատանքներում Վագեմանն անդրադարձել է դրամական շրջանառության և համաշխարհային տնտեսության խնդիրներին։ Գերմանիան մեծ ճգնաժամից դուրս բերելու ծրագրի տարբերակներից մեկի հեղինակն է։ 1932 թվականին առաջարկել է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի «Վագեմանի պլանը», որում առաջարկվել է դրամական զանգվածի չափավոր ընդլայնում՝ բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխման հետ համատեղ, մշակել է կոնյունկտուրայի աշխուժացման ծրագիր՝ վարկերի ծավալների ավելացման միջոցով։

Փորձել է վիճակագրական-մաթեմատիկական տվյալների հիման վրա սահմանել կոնյունկտուրային տատանումների օրինաչափությունները և գտնել դրանց կանխատեսման մեթոդը։

Նրա խմբագրությամբ լույս է տեսել կոնյունկտուրային հետազոտությունների եռամսյակային ժողովածուն (1926-1937), որը նրան թույլ է տվել ուսումնասիրել տնտեսական կոնյունկտուրայի տատանումները։

Իր ժողովրդագրական աշխատանքներում գրել է այն մասին, որ, օրինակ, երբ բնակչության աճը հասնում է որոշակի կրիտիկական կետի, հասարակական զարգացման մեջ անմիջապես առաջանում են հանկարծակի դժվարություններ, «Հեղափոխություններ, պատերազմներ և նմանատիպ պայթյուններ»։

1939 թվականին հրատարակել է «Թիվը որպես դետեկտիվ» գիրքը, որում ներկայացրել է տնտեսության զարգացման ցիկլային իր մեկնաբանությունը։ Վագեմանի հայտնի աշխատանքների թվում են «Համաշխարհային տնտեսության կառուցվածքը և ռիթմերը» (1931)։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • Das Alternationsgesetz wachsender Bevölkerungsdichte: ein Beitrag zur Frage des Lebensraums. 1941/42
  • Menschenzahl und Völkerschicksal — eine Lehre von den optimalen Dimensionen gesellschaftlicher Gebilde. 1948.
  • Welt von morgen — Wer wird Herr der Erde? 1952/53.

Գրականություն խմբագրել

  • Экономическая энциклопедия. Политическая экономия, Т. 1. Изд. «Сов. энциклопедия», 1972

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. «Das DIW während des Nationalsozialismus». Deutsches Institut für Wirtschaftsforschung. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Վագեման» հոդվածին։