Սամվել Ադամյան (ալտահար)

(Վերահղված է Ս. Ադամյան (ալտահար)ից)
Այս հոդվածը ալտահարի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Ադամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Օսիկի Ադամյան (փետրվարի 2, 1941, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ- հուլիսի 30, 2011, Գյումրի, Հայաստան), հայ ալտահար, 2000 թվականից մինչև 2011-ը՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Սամվել Օսիկի Ադամյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 2, 1941
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մահացել էհուլիսի 30, 2011
(70 տարեկան)
Գյումրի, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, վիոլինահար և դասախոս
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական ​​կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Սամվել Ադամյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 2-ին՝ Գյումրիում, զինվորական երաժշտի ընտանիքում։ Տիգրան Ադամյանի կրտսեր եղբայրը։ Երաժշտական կրթությունը ստացել է Արմեն Տիգրանյանի անվան դպրոցում։ 1956 - 65 թվականներին սովորել է նաև Գյումրիի Կարա - Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (Լևոն Կոստանյանի ջութակի դասարան), ապա Սարատով քաղաքի Սոբինովի անվան կոնսերվատորիայում։ Դրանից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (պրոֆեսոր Աբաջյանի ալտի դասարանում)։

1965-2000 թվականներին աշխատել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում՝ իբրև ալտի դասատու, այնուհետև՝ լարային բաժնի վարիչ։ Այս ընթացքում տվել է դափնեկիր ուսանողներ (Անահիտ Սարգսյան, Թագուհի Քինակցյան, Արտաշես Ասատրյան)։ Նրա շրջանավարտները կատարում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բուլղարիայի նվագախմբերում։ Պարբերաբար ղեկավարել է նվագախմբային բաժինը և համույթի սիմֆոնիկ նվագախումբը։

1997 թվականից դասախոսել է պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում։ Եղել է նաև կատարողական ամբիոնի վարիչ։

2000 թվականից մինչև կյանքի վերջին օրերը եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել հանրապետության տարբեր մարզերում։ Նվագախմբի երգացանկն այդ տարիներին ընդգրկել է համաշխարհային դասական երաժշտության յոթանասունից ավել բազմաժանր ստեղծագործություններ։ Հեղինակել է տասնյակ գործիքավորումներ, փոխադրումներ և մեթոդական աշխատանքներ։ Սամվել Ադամյանի ղեկավարած համույթը մշտապես ներկա է եղել Վանաձորում և Երևանում կազմակերպված դասական երաժշտության համերգաշարերին, նաև Շիրակի մշակութային կյանքի առավել նշանավոր իրադարձություններին։

2002 թվականին, «Անուշ» օպերայի բեմադրության 90-ամյա հոբելյանին նվիրված մշակութային ծրագրերի շրջանակում Սամվել Ադամյանը տեղի արվեստագետների ուժերով իրականացրեց օպերայի բեմադրումը։ 2005 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Սամվել Ադամյանը մահացել է 2011 թվականի հուլիսի 30-ին։

Աղբյուրներ խմբագրել

  • Գ. Վարդանյան, «Գյումրի», գիրք առաջին, Երևան, 2006 թ.: