Վերյովկինի քարանձավ
Վերյովկինի քարանձավ, աշխարհի հայտնի ամենախորը քարանձավը, որը գտնվում է Արևմտյան Կովկաս լեռների Գագրայի լեռնաշղթայի Արաբիկա լեռնազանգվածում՝ Աբխազիայի տարածքում[Ն 2] Վերջին ուսումնասիրությունների համաձայն այն ունի 2212 մ խորություն։ Քարանձավի մուտքն ունի 3x4 մ տրամագիծ և գտնվում է Ամրոց ու Անձրևանոց գագաթների միջև՝ առավել մոտիկ դեպի Ամրոց գագաթ։ Մուտքային հորի խորությունը 32 մետր է[1]։
Վերյովկինի քարանձավ | |
---|---|
աբխ.՝ Вериовкин иҳаҧы վրաց.՝ ვერიოვკინის მღვიმე | |
«Պեռովո-սեպելիո» արշավախումբի անդամ Պավել Դեմիդովը մագլցում է Բաբատունդա հորով, որը Վերյովկինի քարանձավի ամենամեծ հողագլանն է (155 մ) | |
Տեսակ | Կարստային |
Երկիր | Աբխազիա[Ն 1] |
Վարչատարածք | Գագրայի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Արաբիկա լեռնաշղթա |
ԲԾՄ | 2309 մետր |
Երկարություն | 17․500 մ |
Խորություն | 2212 մ (2021 թվականի դրությամբ) |
Նյութ | Կրաքար |
Հայտնաբերման տարի | 1968 թվական |
Անվանում
խմբագրելՍկզբնական շրջանում քարանձավն անվանվել է Ս-155 (С-115), այնուհետև՝ Պ1-7 (П1-7)։ 1986 թվականին վերանվանվել է քարանձավախույզ Ալեքսանդր Վերյովկինի անվամբ։ Վերյովկինը զոհվել է 1983 թվականին Կաբարդա-Բալկարիայի Սարի Թալա լեռնազանգվածում գտնվող Սու-Ական քարանձավի սիֆոնն անցնելիս[1]։
Քարանձավի ուսումնասիրության պատմագրություն
խմբագրելՔարանձավը հայտնաբերվել է 1968 թվականին Կրասնոյարսկից ժամանած քարանձավախույզների կողմից, ովքեր անցել են 115 մ։ Այդ ժամանակ քարանձավն անվանվեց Ս-115 (С-115)։ 14 տարի անց՝ 1982 թվականին, քարանձավը երկրորդ անգամ հայտնաբերվում է Մոսկվայի Պեռովյան քարանձավային ակումբի կողմից։ 1983-1986 թվականներին ակումբի կողմից իրականացված ուսումնասիրության շնորհիվ բացահայտվել է քարանձավի մինչև 440 մ խորությունը։ Այն վերանվանվել է Պ1-7 (П1-7)[1]։ 1986-ից 2000 թվականներին քարանձավում հետազոտական աշխատանքներ չեն իրականացվել։ 2000-ից 2015 թվականներին քարանձավում հետազոտական աշխատանքներ են իրականացրել «Պեռովո» («Perovo») քարանձավային ակումը և իր «Պեռովո-սեպելիո» («Perovo-speleo») խումբը։ Այդ տարիներին քարանձավի բացահայտված խորությունը մնացել է նույնը՝ 440 մ։
2015 թվականի օգոստոսին «Պեռովո» քարանձավային ակումբի կողմից հայտնաբերվեց ջրհոր, որի խորությունը, ինչպես հետագայում պարզվեց, 156 մ է։ Այդ հանգամանքը նշանակում էր, որ առաջիկայում սպասվում էին խոշորագույն նոր հայտնագործություններ։ 2016 թվականի հունիսին «Պեռովո-սեպելիո» խմբի կազմակերպած արշավի ժամանակ արշավախումբը հասնում է մինչև 630 մ խորության։ Նույն թվականի օգոստոսին «Պեռովո-սեպելիո» արշավախումբը «Պեռովո» քարանձավային ակումբի հետ միասին հասնում են մինչև 1010 մ խորության, իսկ հոկտեմբերին՝ մինչև 1350 մ խորության։
2017 թվականի փետրվարին «Պեռովո-սեպելիո» թիմի և «Պեռովո» քարանձավային ակումբի համատեղ արշավախումբը հասնում է մինչև 1832 մ խորության։ Այդ բացահայտումը քարանձավը դարձնում է աշխարհում երկրորդ ամենախոր քարաձավը Կրուբերի քարանձավից հետո։
2017 թվականի օգոստոսին «Պեռովո» քարանձավային ակումբի հետազոտական արշավախումբը հասնում է մինչև 2151 մ խորության։ Քարանձավի ստորին հատվածներում հայտնաբերվում են ուղղահայաց, ընդարձակ դատարկություններ, որոնք բնորոշ չեն Արաբիկա լեռնազանգվածին։ Ըստ պնդումների՝ դրանք եղել են կարստային հնագույն ջրատար համակարգի հավաքիչներ։Այդ բացահայտմամբ քարանձավը դարձել է աշխարհի երկրորդ ամենախորը քարանձավը և ամենախոշորը, որը հասանելի է առանց ստորջրյա սարքավորումների կիրառման։
2017 թվականի օգոստոսի երկրորդ կեսին «Պեռովո-սեպելիո» արշավախումբը քարանձավով իջել է մինչև 2204 մ՝ այդպիսով սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։
2018 թվականի մարտին «Պեռովո-սեպելիո» արշավախումբի կողմից իրականացված հերթական հետազոտական արշավի ընթացքում բացահայտվել են ավելի քան 1 կմ երկարության թունելներ և չափել բացահայտված ամենախորը սիֆոնի «Նեմոյի վերջին կայան» անունը կրող լճի խորությունը։ Այն կազմել է 8․5 մ, ինչը քարանձավի բացահայտված խորությունը դարձրել է 2212 մ։
Պատահարներ
խմբագրել2021 թվականի օգոստոսի 3-ին «Պեռովո» քարանձավային ակումբի անդամները քարանձավի 1100 մ խորության վրա հայտնաբերել են մարդու դիակ։ Մահացածի անձը բացահայտվել է հետագայում։ Նա միայնակ մտել է քարանձավ 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ ոչ մեկին չհայտնելով իր ուղևորության մասին։ Ենթադրվում է, որ նա արդեն նոյեմբերի 9-ին հասել է այն վայր, որտեղ զոհվել է։ Վերջինը չի կարողացել հաղթահարել հորիզոնական բազրիքների հատվածը[2]։ 2021 թվականի օգոստոսի 17-ին զոհվածի մարմինն ու անձնական իրերը դուրս են բերվել քարանձավից և հանձնվել Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարությանն ու իրավապահ մարմիններին։ Էվակուացիոն աշխատանքներին մասնակցել են մի շարք քարանձավային ակումբների անդամներ, փրկարարներ, ընդհանուր հաշվով շուրջ 30 անձ[3]։
Նշումներ
խմբագրել- ↑ Ըստ Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ քարանձավը գտնվում է Վրաստանին պատկանող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Այդ տարածքը փաստացի զբաղեցնում է Աբխազիայի Հանրապետությունը, որը մասամբ ճանաչված պետություն է։
- ↑ Ըստ Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ քարանձավը գտնվում է Վրաստանին պատկանող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Այդ տարածքը փաստացի զբաղեցնում է Աբխազիայի Հանրապետությունը, որը մասամբ ճանաչված պետություն է։