Սրոհունդ Հուկերի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Թեյածաղկավորներ
Ընտանիք Սրոհունդազգիներ
Ցեղ Սրոհունդ
Տեսակ Սրոհունդ Հուկերի
Լատիներեն անվանում
H. hookerianum Wight et Arn


Սրոհունդ Հուկերի (լատին․՝  H. hookerianum Wight et Arn), սրոհունդազգիներ ընտանիքի, սրոհունդ ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Մշտադալար թուփ է։ Երևանի պայմաններում իր մշտադալարությունը պահպանում է միայն համեմատաբար տաք ձմռան դեպքում, երբ նվազագույն ջերմաստիճանը -10-12 աստիճանից չի իջնում։ Ցուրտ ձմռան դեպքում տերևները (հաճախ նաև միամյա շիվերը) ցրտահարվում են և տերևաթափ բույսի տպավորություն են թողնում։ Գարնանը նոր տերևները բավականին ուշ են բացվում, որի հետևանքով թուփը ցրտահարվածի տեսք է ունենում։ ճյուղերը ուղղաձիգ են մինչև 1 մ բարձրությամբ, կարմրավուն, կլորավուն, երբեմն՝ լալկան ընձյուղներով։ Տերևադասավորությունը խաչաձև-հակադիր է։ Տերևները ձվաձև են, կամ երկարավուն-ձվաձև, 4-7 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, բթավուն կամ սուր գագաթով, կարճ, կրճիկանման ելուստով, կաշվեկերպ են, մերկ, վերևի կողմից մուգ կապտականաչավուն, ներքևի կողմից ավելի բաց գույնի, կարմրավուն գլխավոր ջղով, նստադիր։ Ծաղիկները վառ ոսկեդեղին են, բացվելիս կիսագնդազանգականման, հետագայում'ավելի տափակ, 5-6 սմ տրամագծով, հավաք ված կիսահովանոցներում, ընդհանուր, 1-2 սմ երկարության ծաղկակոթի վրա, որոնք վերևի մասում կրում են 2 տերևային ծաղկակիցներ։ Դիխազիումները հավաքված են խոշոր ճյուղերի գագաթներին։ Բաժակաթերթիկները կլորա-ձվաձև են, գագաթում մանրատամնավոր։ Պսակաթերթիկները հակառակ-ձվաձև են, հաճախ անհավասարակող, փոսիկավոր, բաժակաթերթիկներից մոտ 3 անգամ ավելի երկար։ Առէջները սերտաճած են 5 փնջերում, որոնք 3 անգամ կարճ են պսակաթերթիկներից։ Փոշանոթները վառ դեղին են, սռնակները 5-ն են, ազատ, երկու անգամ սերմնարանից կարճ և ավելի երկար քան առէջները։ ՏուՓիկը ձվաձև է, 5 բնանի, հասունանալիս՝ դարչնագույն։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր։

Տարածվածություն

խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Հիմալայներում, Նեպալի բարձրլեռնային շրջաններում, հյուսիսային Հնդկաստանում, հարավարևմտյան Չինաստանում։

Կիրառություն

խմբագրել

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում ինչպես ավազակավային, այնպես էլ ծանր կավային, բավարար խոնավ հողերում։ Ջերմասեր է և բավականին լուսասեր։ Բազմանում է սերմերով, կանաչ և փայտացած կտրոններով։ Թուփը շուտ է ծերանում և շարքից դուրս գալիս։ Երևանի պայմաններում աչքի չի ընկնում ցրտադիմացկունությամբ։ Կարելի է առաջարկել ՀՀի մերձարևադարձային և ցածրադիր այլ շրջանների համար, ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։ Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները 9-10, 18-19, 20ա, 24-25, 28, 32[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (229)։