Ստագնացիա (լատին․՝ stagnatio - անշարժություն, stagnum - կանգնած ջուր)՝ տնտեսության վիճակ, որը բնութագրվում է երկարաժամկետում արտադրության և առևտրի լճացմամբ։ Ստագնացիան ուղեկցվում է գործազրկության թվի աճով, աշխատավարձի և բնակչության կենսամակարդակի իջեցմամբ[1]։

Արտահայտվում է աճի աննշան կամ զրոյական տեմպերով, տնտեսության անփոփոխ կառուցվածքով, նրա դիմադրությամբ նորարարությանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Ստագնացիայի վիճակը բնորոշ է եղել ԱՄՆ-ի տնտեսությանը 1930-ական թվականներին, խորհրդային տնտեսությանը 80-ականների վերջին[2]։

Ըստ տնտեսագետ Օլեգ Բոգոմոլովի՝ «հենց խորհրդային միության ստագնացիան տվեց Վերակառուցման քաղաքականության առաջին ազդակը»[3].

Ստագնացիայի տեսակները խմբագրել

Տնտեսագիտության մեջ առանձնացնում ենք ստագնացիայի երկու տեսակ՝ "մենաշնորհային" և "անցումային", որոնք ունեն տարբեր ծագումներ, դրսևորման ձևեր և հաղթահարման ուղիներ։

Ստագնացիայի առաջին ձևը առաջանում է մենաշնորհային միությունների գերակշռման արդյունքում, որը վերացնում է մրցակցությունը՝ որպես տնտեսության զարգացման աճ, առաջանում են տնտեսության լճացման միտումներ, որոնք ընդգրկում են հիմնականում արտադրությունը, որտեղ իշխում են մոնոպոլիաները։ Ստագնացիան դրսևորվում է արտադրության դեպրեսիոն փուլում, որտեղ դանդաղում են ներդրման գործընթացները, ի հայտ է գալիս մասսայական գործազրկություն։ Ըստ ստագնացիայի տեսության (ներկայացուցիչներն են ամերիկացի տնտեսագետներ Ջ. Ստենդլը, Պ. Բարանը, Պ. Սուիզին)՝ ստագնացիան կարելի է հաղթահարել գիտատեխնիկական առաջընթացի զանգվածային ներդրմամբ, արտադրության ծախսերի կրճատմամբ, մենաշնորհային շահույթը առավելագույնի հասցնելով։

Ստագնացիայի մյուս տեսակը առաջանում է հրամայական տնտեսությունից խառը տնտեսության անցման գործընթացի ժամանակ և համարվում է կառավարության տնտեսական սխալների հետևանք՝ անտեսելով տնտեսական օրենքները։ Մասնավորապես, 90-ական թթ հետխորհրդային երկրների տնտեսության մեջ ստագանցիան առաջացավ արտադրության և ներդրումային գործընթացների, արտադրական ուժերի ֆիզիկական ոչնչացման, հասարակության գիտատեխնիկական և մտավոր ներուժի, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի մոտիվացիոն խթանների մաշվածության կտրուկ անկման հետևանքով։ Ճգնաժամը պատեց ֆինանսների, դրամավարկային հարաբերությունների ոլորտը։ Մրցունակ արտադրանքի պակասի պատճառով հետխորհրդային երկրները չկարողացան արագ հարմարվել միջազգային շուկային։ Միաժամանակ քանդվել էին նախկին ԽՍՀՄ-ի ազգային տնտեսության համալիրն ու տնտեսության օղակների միջև տնտեսական կապերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստագնացիա
  2. Ստագնացիա
  3. «Ռուսաստանին դարձյալ անհրաժեշտ է Վերակառուցում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Hajo Riese։ Ein neoklassisches Modell der säkularen Stagnation, Zeitschrift für die gesamte Staatswissenschaft / Journal of Institutional and Theoretical Economics, Bd. 121, H. 4. (Oktober 1965), pp. 693–711.