Ֆրենկ և Լուի
Ֆրենկ և Լուի (անգլ.՝ Frank and Louie), երբեմն կոչել են նաև Ֆրենկենլուի[1] (անգլ.՝ Frankenlouie, սեպտեմբեր 1999, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 4, 2014, Մասաչուսեթս, ԱՄՆ), դիպրոզոպուս (հայտնի նաև որպես «յանուս» կամ «երկդեմ») կատու, որը հայտնի է եղել իր անսովոր երկարակեցությամբ։ 2012 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը նրան ճանաչել է որպես ամենաերկար ապրած յանուս կատու[2]:
Ֆրենկ և Լուի | |
---|---|
Տեսակ | կատու |
Սեռ | արու |
Ծնվել է | սեպտեմբեր 1999 |
Ծննդավայր | Մասաչուսեթս, ԱՄՆ |
Սատկել է | դեկտեմբերի 4, 2014 (15 տարեկան) |
Սատկելու վայր | Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վաղ կյանք
Ֆրենկ և Լուին ծնվել է 1999 թվականի սեպտեմբերին: Բուծողը նրան բերել է Թաֆթս համալսարանի Քամինգսի անվան անասնաբուժական բժշկության դպրոց, քանի որ կատվի ձագը ծնվել էր երկու մռութով, որը կոչվում է դիպրոզոպուս: Սկզբնապես չէր ակնկալվում, որ կատվի ձագը կապրի մի քանի օրից ավելի, քանի որ յանուս կենդանիները սովորաբար սատկում են այդ ժամանակահատվածում։ Անասնաբուժական բուժքույր Մարթա «Մարթի» Սթիվենսը կատվի ձագին խնամելու համար տարել է տուն և երեք ամիս շարունակ խողովակով կերակրել է։ Ֆրենկ և Լուին ի վերջո սովորել է ինքնուրույն ուտել և աստիճանաբար կազդուրվել է[3]:
Նկարագրություն
Ֆրենկ և Լուին ծնվել էր մեկ ուղեղով, բայց ուներ երկու մռութ, երկու բերան, երկու քիթ և երեք կապույտ աչք: Սակայն նա ուներ միայն մեկ գործող բերան, մյուսը ծնվել էր առանց ստորին ծնոտի: Նա ուներ մեկ կերակրափող, որը միացված էր երկու ծնոտ ունեցող բերանին։ Նրա միջին աչքը գործող չէր և չէր թարթում, ինչի պատճառով թվում էր, թե «Ֆրենկ և Լուին նայում է, նույնիսկ երբ մյուս աչքերը փակ են»[4]։
Կոչում
2012 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը Ֆրենկ և Լուիին ճանաչել է որպես աշխարհի ամենաերկարակյաց ապրող յանուս կատու: Սա հազվադեպ երևույթ է, քանի որ յանուս կատուների մեծ մասը սատկում է մի քանի օրվա ընթացքում: Քամինգսի անվան անասնաբուժական բժշկության դպրոցի աշխատակից Արմել դեԼաֆորկադը նշել է. «Վիճակն ինքնին շատ հազվադեպ է, և կարծում եմ՝ այն փաստը, որ այս կատուն դարձել է չափահաս, առողջ չափահաս, ուշագրավ է»[5]:
Միսսուրիի համալսարանի անասնաբուժական բժշկության և վիրաբուժության դպրոցի դոցենտ Լեսլի Ա. Լայոնսը Ֆրենկ և Լուիի երկարակեցությունն անվանել է «տպավորիչ»[1]։
Հետագա կյանք
Տիրուհին՝ Մարթա Սթիվենսը, Ֆրենկ և Լուիի բնավորությունը չափահաս տարիքում նկարագրել է որպես «շատ, շատ հանգիստ, մարդկանցից չվախեցող, շատ ընկերասեր, և նա իրականում ավելի շատ շուն է, քան կատու: Նա քայլում է վզափոկով, անմիջապես մտնում է մեքենան, սիրում է մեքենայով ճամփորդել»[5]:
2014 թվականի նոյեմբերին Ֆրենկ և Լուիի առողջությունը վատթարացել է: Սթիվենսը նրան հետ է տարել Քամինգսի անվան անասնաբուժական բժշկության դպրոց, որտեղ նրան ասել են, որ Ֆրենկ և Լուին հավանաբար ունի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Քանի որ Ֆրենկ և Լուին «հավանաբար տառապում էր», Սթիվենսը որոշել է նրան ենթարկել էվթանազիայի[6]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Sirucek, Stefan (5 Dec 2014). «Oldest Two-Faced Cat Dies—How Did It Get That Way?». National Geographic. Արխիվացված է օրիգինալից December 8, 2014-ին. Վերցված է 6 December 2014-ին.
- ↑ «2-Faced Cat, Frank And Louie, Dies At 15». Huffington Post. 5 Dec 2014. Վերցված է 6 Dec 2014-ին.
- ↑ «Frank and Louie, the world's oldest two-faced cat, dies at 15». WPXI. 5 Dec 2014. Արխիվացված է օրիգինալից 9 December 2014-ին. Վերցված է 6 December 2014-ին.
- ↑ «Two-faced cat turns 12: Meet Frank and Louie». CBS News. Վերցված է 6 December 2014-ին.
- ↑ 5,0 5,1 «House Cat With 2 Faces Lives 12 Years, Sets Record». Fox News. 5 Dec 2014. Վերցված է 6 Dec 2014-ին.
- ↑ «Frank and Louie, the world's oldest two-faced cat, dies at 15». AJC.COM. 5 Dec 2014. Վերցված է 6 Dec 2014-ին.