Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մառան (այլ կիրառումներ)

Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժողովրդական տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք և ըմպելիք։ Մառանը լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, ակերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր և այլն։ Ճարտարապետական առումով մառանը լեռնային նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություն՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում մառանը եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն՝ մառանապետ։ Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդյունաբերական արտադրության հետ, մառանը դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր։ Մառանը գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ «մեղրամսի» ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265