«Կոլտնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոլտնտեսություն''', կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն ԽՍՀՄ-ում, որը...»:
(Տարբերություն չկա)

17:56, 25 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կոլտնտեսություն, կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն ԽՍՀՄ-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը կոմունիզմի ոգով: Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը: 1976 թվականին ԽՍՀՄ-ում կար 27,9 հազար կոլտնտեսություն (ՀԽՍՀ-ում՝ 371):
Կոլտնտեսությունները ստեղծվել են Վ. Ի. Լենինի կոոպերաաիվ պլանի համապատասխան: Դեպի կոմունիզմ գյուղի հետագա առաջընթացի գործում խորհրդային տնտեսությունների հետ կոլտնտեսությունը սոցիալիստական տնտեսության հիմնական ձև է: «Կոլտնտեսային կարգը,-նշված է ԽՄԿԿ ծրագրում,-խորհրդային սոցիալիստական հասարակության անկապտելի մասն է: Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյուղացիության առանձնահատկություններին համապատասխանող ուղին է» (1974, էջ 119): Կոլտնտեսության հիմնական խնդիրներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի քիմիացումն ու մելիորացումն իրագործելու ուղիով ավելացնել արտադրությունը և պետությանը գյուղատնտեսական մթերքների վաճառքը, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ ծավալել մասսայական-քաղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով գյուղի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախաձեռնությունը, զարգացնելով սոցիալիստական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հոգևոր հարաճուն պահանջմունքների բավարարման մասին: Կոլտնտեսությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսությունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսականների ընդհանուր ժողովում ընդունված կանոնադրությամբ ու գործող օրենսգրքով: Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը (1935) կարգավորեց կոլտնտեսությունների գործունեությունը ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին: 1969 թվականին ընդունված կոլտնտեսության օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյուղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կառուցման շրջանում: Կոլտնտեսությունը սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկություն է: Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակարդակի բարձրացման, սոցիալիստական սեփականության երկու ձևերի աստիճանական մերձեցման և միաձուլման պրոցեսում կարևոր նշանակություն ունի միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացումը:
Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներից մեկը՝ հողը, ԽՍՀՄ-ում պետական սեփականություն է: ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան կոլտնտեսություններին այն ամրացնում են հատուկ ակտով, անվճար և անժամկետ՝ առհավետ օգտագործման համար: Հողը որպես համաժողովրդական ունեցվածք չի կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա: Կոլտնտեսությանն ամրացված հողերը ստորաբաժանվում են հանրային օգտագործման և տնամերձ հողերի: Վերջինս հատկացվում է կոլտնտեսականների ընտանիքին (ծխին) որպես բանջարանոց, այգի և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով: Կոլտնտեսության տնտեսական հիմքը կազմում է հանրային սեփականությունը, որը ներառում է կոլտնտեսության ձեռնարկությունները, շենքերը, կառույցները, տրակտորները, կոմբայնները և մյուս մեքենաները, սարքավորումները, փոխադրամիջոցները, բանող ու մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, մելիորատիվ ու իռիգացիոն կառույցները, արտադրված արտադրանքը, դրամական միջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կազմակերպությունների ունեցվածքն ու միջոցները՝ փայական մասնակցության համապատասխան:
Իր գործունեությունն իրականացնելու և հանրային տնտեսության հետագա զարգացման համար կոլտնտեսությունը ստեղծում է հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր: Դրանք անբաժանելի են, ենթակա չեն բաշխման և օգտագործվում են միայն նպատակային կարգով: Հիմնական և շրջանառու ֆոնդերի համալրման մասհանումների չափերը որոշում են կոլտնտեսականները՝ հաշվի առնելով հանրային արտադրության աճի ապահովումը: Արտադրության և աշխատանքի կազմակերպման ձևերը (բրիգադ, ֆերմա, օղակ և այլն) ստեղծվում ու կիրառվում են՝ ելնելով տնտեսության կոնկրետ պայմաններից, մասնագիտացումից, արտադրության տեխնոլոգիայից ու մեքենայացման մակարդակից: Արտադրական ստորաբաժանումներն իրենց գործունեությունը վարում են ներտնտեսային հաշվարկի հիման վրա:
Կոլտնտեսության եկամուտները բաշխելիս պետք է ապահովվի կուտակման և սպառման ճիշտ զուգակցումը: Համախառն արտադրանքից փոխհատուցվում են դրա արտադրության վրա կատարված նյութական ծախսումները, և ստացված համախառն եկամտից առանձնացնելով աշխատանքի վարձատրության ֆոնդը՝ մնում է զուտ եկամուտը, որն օգտագործվում է հարկերը վճարելու, հիմնական ու շրջանառու ֆոնդերն ավելացնելու, կուլտուր-կենցաղային, սոցիալական ապահովության, նյութական օգնության ու խրախուսման, ռեզերվային ֆոնդերի ստեղծման և այլ նպատակների համար: Բնամթերային արտադրանքի բաշխման ժամանակ կոլտնտեսությունները կատարում են մթերումների գծով պետական պլանային առաջադրանքը, ստեղծում բնամթերային (կոլտնտեսականներին բաշխելու կամ վաճառելու համար), ապահովագրական և փոխանցվող, սերմերի, ֆուրաժային և պարենային ֆոնդեր, մթերքներ են առանձնացնում հասարակական սննդի, մանկական հիմնարկների, կենսաթոշակառուներին, հաշմանդամներին ու կարիքավորներին օգնություն ցույց տալու և այլնի համար: Արտադրանքի մնացած մասը կոլտնտեսությունն իրացնում է սպառողական կոոպերացիայի միջոցով՝ կոլտնտեսային շուկայում: Կոլտնտեսությունը հանրային արտադրության մեջ կատարած աշխատանքի համար սահմանում է կոլտնտեսականների աշխատանքի երաշխավորված վարձատրություն, որի դրամական մասը վճարվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, իսկ բնամթերայինը՝ յուրաքանչյուր մթերքի ստացման ժամանակ: Գյուղատնտեսական արտադրանքն ավելացնելու, նրա որակը բարելավելու և ինքնարժեքն իջեցնելու գործում կոլտնտեսականների նյութական շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով, աշխատանքի հիմնական վարձատրության հետ միասին, օգտագործվում են լրացուցիչ վարձատրության և նյութական խրախուսման այլ ձևեր: Կոլտնտեսությունում կիրառվում են աշխատանքի վարձատրության ակորդա-պարգևային, զործավարձա-պարգևային և ժամանակավարձա-պարգևային համակարգեր: Վերադաս կազմակերպությունները կոլտնտեսություններին տալիս են միայն աշխատանքի վարձատրության հանձնարարականներ: Վերջիններիս և կոլտնտեսության կանոնադրության հիման վրա, հաշվի առնելով կոնկրետ հնարավորությունները, յուրաքանչյուր տնտեսություն մշակում է աշխատանքի վարձատրության իր պայմանները, հաստատում է կոլտնտեսականների ընդհանուր ժողովում, որը կառավարման բարձրագույն մարմինն է (խոշոր կոլտնտեսություններում՝ լիազորների ժողովը): Ժողովների միջև ընկած ժամանակամիջոցում կոլտնտեսության գործերը կառավարում է վարչությունը (նախագահի ղեկավարությամբ): Վարչության և պաշտոնատար անձանց գործունեությունը հսկելու համար ընտրվում է վերստուգիչ հանձնաժողով: Կառավարման և վերստուգիչ մարմինները ընտրվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ:
Գյուղատնտեսության պլանային ղեկավարությունը իրականացվում է կենտրոնացված պլանավորման և առանձին ձեռնարկությունների տնտեսական ինքնուրույնության ճիշտ զուգակցման հիման վրա: Կոլտնտեսությունները պետությունից պլանային առաջադրանք են ստանում միայն գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի գծով: Պետության հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո յուրաքանչյուր կոլտնտեսություն, իր կանոնադրությանը համապատասխան, որոշում է, թե ինչպես օգտագործի ստացած արտադրանքը և դրամական միջոցները:
Կոլտնտեսության ընդհանուր ղեկավարությունը իրականացնում են ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությունը և նրա տեղական մարմինները: Ջրային կառույցների շինարարության և շահագործման, գյուղաանտեսական մթերքների մթերման, նյութատեխնիկական մատակարարման հարցերով զբաղվում են (համապատասխանաբար) ջրային տնտեսության և մելիորացիայի, մթերումների մինիստրությունները, համամիութենական «Գյուղտեխնիկա» միավորումը և դրանց տեղական մարմինները:
ԽՍՀՄ-ում մասսայական կոլեկտիվացումը (1929-1933) իրականացվել է երկրի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը հաղթահարելու համար խորհրդային ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիայի պայմաններում և ուղեկցվել կուլակների դեմ դաժան պայքարով: Համատարած կոլեկտիվացման հիմքի վրա վերացվեց շահագործողական վերջին, առավել մեծաթիվ դասակարգը՝ կուլակությունը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945) կոլտնտեսային գյուղացիությունը մեծ կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ կարողացավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդյունաբերական հումքի մատակարարումը: Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց կոլտնտեսությունների հետագա զարգացումը: ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան (1953), մարտյան (1965), մայիսյան (1966), հուլիսյան (1978) պլենումների և ԽՄԿԿ XXIV-XXV համագումարների որոշումների մշակած միջոցառումների շնորհիվ որակապես փոխվեց կոլտնտեսությունների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացումը, վարկավորումը, աշխատանքի վարձատրության ձևերը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան, բարձրացավ տեխնիկական զինվածությունը, սոցիալիստական արտադրության և աշխատանքի հետագա հանրայնացման հիման վրա լայն թափ ստացավ գյուղատնտեսության ինտենսիվացումը, մասնագիտացումը և համակենտրոնացումը: 1978 թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 8 հազար միջտնտեսային ձեռնարկություն և միավորում: 1965-1977 թվականներին գյուղի սոցիալական զարգացման մեջ կապիտալ ներդրումները գերազանցեցին 40 միլիարդդ ռուբլուց: Տասնմեկերորդ հնգամյակում «Տնտեսական նպատակահարմարության համեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորումներ, որոնցում գյուղատնտեսությունը օրգանապես զուգորդվում է իր արտադրանքի արդյունաբերական վերամշակման հետ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ: ...Տնտեսական պայմանների տեսակետից կոլտնտեսությունները կհավասարվեն գյուղատնտեսության համաժողովրդական ձեռնար կություններին» (ԽՄԿԿ ծրագիր, 1974, էջ 132):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։