Սպառողական արժեք (գերմ.՝ Gebrauchswert), դասական քաղաքատնտեսության և մարքսյան տնտեսագիտության մեջ օգտագործվող հասկացություն՝ մարդու անձնական կամ արտադրական պահանջմունքը բավարարելու իրի օգտակար հատկությունը։ Իրի օգտակարությունը հաղորդում է սպառողական արժեք կամ այն վերածում բարիքի, որն էլ իրացվում է միայն սպառման պրոցեսում։

Սպառողական արժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը՝ ինչ հասարակական ձև էլ ունենա այդ հարստությունը։ Դրանք հասարակության գոյության և առաջընթացի նախադրյալներն են, աճում ու բազմապատկվում են արտադրության զարգացմանը զուգընթաց։ Սպառողական արժեքների գերակշռող մասն աշխատանքի արդյունք է, սակայն դրանց որոշ տեսակներ (օդ, ջուր, վայրի բույսեր, պտուղներ են) պատրաստի ձևով ստացվում են բնությունից։ Սպառողական արժեքն ապրանք է դառնում, երբ արտադրվում է ուրիշի համար, իրացվում շուկայի միջոցով և փոխանակվում այլ Սպառողական արժեքի հետ։ Որպես արժեքի կրող Սպառողական արժեք պատմական կատեգորիա է, նրա կառուցվածքը համապատասխանում է այս կամ այն հասարակական ֆորմացիայի առանձնահատկություններին։ Սոցիալիզմի պայմաններում Սպառողական արժեքը ձեռք է բերում անմիջական հասարակական բնույթ, պլանաչափորեն ապահովվում է հասարակայնորեն օգտակար իրերի արտադրությունն անհրաժեշտ և հաշվեկշռված չափով, գիտատեխնիկական առաջընթացի հիման վրա պայմաններ են ստեղծվում ապրանքների որակն անընդհատ բարձրացնելու և տեսականին ընդլայնելու համար։ Սոցիալիզմը նպաստում է հասարակության անդամների բանական պահանջմունքների ձևավորմանը և ստեղծում դրանց բավարարման նյութական նախադրյալներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 55