«Սուրոժցի հյուրեր» (ռուս.՝ Сурожские гости), անվանում, որով Հին Ռուսիայում կոչում էին Սուգդեայով (ժամանակակից Սուդակ քաղաքը) երկրի խորքերը անցնող և տարբեր ապրանքներ բերող օտարերկրյա առևտրականներին։ Հետագայում այդ անվանումը տարածվում է Սուրոժից Մոսկվայի և այլ քաղաքներ ապրանքներ բերող նաև ռուս առևտրականների վրա։ Հայտնի է, որ 1288 թվականին «սուրոժցի հյուրերը» այցելել են Վլադիմիր Վոլինսկի, իսկ 1356 թվականին՝ Մոսկվա[1]։

Ազգային պատկանելիության հարցը խմբագրել

«Սուրոժցի հյուրերի» ազգային պատկանելիության հարցի պարզաբանմանը հիմնավորապես անդրադարձել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը[2][3]։ Մոսկվան կապված էր Ջենովայի և Վենետիկի հետ։ Առևտրատնտեսական այդ կապերը հանգուցավորվում էին Ղրիմում։ Թերակղզու ծովափնյա գլխավոր քաղաքներից էին Սուրոժը (ժամանակակից Սուդակը) և Կաֆան (ժամանակակից Ֆեոդոսիան)։ Երկու քաղաքներում էլ հայ հոծ բնակչություն կար։ Մոսկվայում արևելյան ապրանքների (մետաքսե գործվածքներ, համեմունք, թանկարժեք քարեր և այլն) առևտուրը «սուրոժցի հյուր» կամ ուղղակի սուրոժցի անվանվող վաճառականների ձեռքում էր։ Ռուսական տարեգրության մեջ 14-րդ դարի կեսերին է առաջին անգամ նշվում «սուրոժցի հյուրերի»՝ Մոսկվա ժամանելու մասին։ Նրանք օգտվում էին մեծ իրավունքներից, այլ դիտվում էին որպես դրսից ժամանա վաճառական և այդ պատճառով անվանվում էին «հյուր»։ Հետագայում նրանք աստիճանաբար դարձան քաղաքի մշտական բնակիչներ։ Պատմագիտության մեջ տարբեր կարծիքներ են հայտնվել «սուրոժցի հյուրերի» ազգային պատկանելիության մասին։ Նրանք դիտվել են որպես ռուս (Ն. Տիխոմիրով), իտալացի (Ի. Զաբելին), հույն (Վ. Սիրոյեչկովսկի), կամ ռուս, իտալացի, հույն և հայ (Վ. Միքայելյան) վաճառականներ։

Լևոն Խաչիկյանը հանգամանորեն վերլուծել է սկզբնաղբյուրները՝ դրանք համադրելով ռուսական տարեգրությունների և այլ աղբյուրների տվյալների, ինչպես նաև պատմաբանների համար կռվան դարձած հիմնական փաստաթղթերի հետ։ Նա ցույց է տվել, որ Կաֆա քաղաքը, բարգավաճելով և բռնելով Սուրոժի տեղը, ինչ-որ ժամանակ սեփականել է նաև նրա անունը։ Մոսկվայում՝ հորջորվող «սուրոժցի հյուր» հասկացողությունը վերաբերվել է նաև Ղրիմի տարբեր բնակավայրերից, բայց առաջին հերթին և գլխավորապես Կաֆայից եկած վաճառականներին։ Նկատի է առել այն հանգամանքը, որ Կաֆայի հայերը կազմում էին բնակչության մեծամասնությունը, որոնք ձեռքում էր կենտրոնացված արևելյան առևտրի գերակշիռ մասը։ Այս և այլ անուղղակի վկայությունների հիման վրա Լ. Խաչիկյանը հանգում է այն հիմնավոր ապրանքների առևտրով հայտնի դարձած «սուրոժցիները» հիմնականում եղել են Ղրիմից, մասամբ նաև այլ վայրերից ժամանած հայ վաճառականները[2][4]։

Նման հիմնավոր եզրակացությունը հիմք է տալիս նշելու, որ ռուսական մայրաքաղաքում 15-րդ դարում հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալել։ Մանավանդ որ Ռուսաստանի պատմության խոշոր մասնագետներ ակադեմիկոսներ Միխայիլ Տիխոմիրովը[5] և Բորիս Գրեկովը[6] գտնում են, որ 15-րդ դարի Մոսկվայի առևտրական գործարքներին աշխուժորեն մասնակցում էին հայ վաճառականները։ Նրանք գալիս էին դրսից և հաճախ բնակությու նհաստատում այդտեղ։ Ոսկե Հորդայի ներկայացուցիչների հետ Մոսկվա էին գալիս հարյուրավոր վաճառականներ, որոնց թվում էին նաև հայերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրոժցի հյուրեր(չաշխատող հղում) (ռուս.)
  2. 2,0 2,1 Լևոն Խաչիկյան, Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա, 1980։
  3. Լևոն Խաչիկյան, Աշխատություններ, հ. Բ, Երևան, 1999 — 200-220, էջեր 200-220 — 200-220 էջ։
  4. Լևոն Խաչիկյան, Աշխատություններ, հ. Բ, Երևան, 1999 — 214-219, էջեր 214-219 — 214-219 էջ։
  5. Միխայիլ Տիխոմիրով, Հին Մոսկվան՝ 12-15 դդ.: Միջնադարյան Ռուսաստանը միջազգային ճանապարհների վտա՝ 14-15-րդ դդ. (Древняя Москва. XII - XV вв. Средневековая Россия на международных путях. XIV - XV вв.), Մոսկվա, 1947 — 117-118, էջեր 117-118 — 117-118 էջ։
  6. Բորիս Գրեկով, Գյուղացիները Ռուսիայում հնագույն ժամանակներից մինչև 17-րդ դարը (Крестьяне на Руси с древнейших времен до XVII века), Մոսկվա, 1947 — 98-99, էջեր 98-99 — 98-99 էջ։