Սուրբ Հովհաննես եկեղեցի (Խանձաձոր)

Սուրբ Հովհաննես, 19-րդ դարում կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի հարավ-արևմտյան բարձրադիր թաղամասում[1]։ Եկեղեցու հարևանությամբ է տեղակայված երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԽանձաձոր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Հորինվածք խմբագրել

Եկեղեցին իր հորինվածքով ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ բազիլիկ կառույց է, որն արևելյան կողմում ունի կիսաշրջան խորան և կից ավանդատներ։ Սուրբ Հովհաննեսի բեմը աղոթասրահից բարձր է միայն մեկ աստիճանով։ Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներով կազմվող կամարաշարի վրա։ Եկեղեցու երկարությունը 14 մետր է, լայնությունը՝ 6 մետր, բարձրությունը՝ 7 մետր։ Հարավային կողմից է բացվում միակ մուտքը։ Բարավորի վերին քարի վրա առկա են երկու մեծ խաչաքանդակներ։ Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են մեկական խաչքարեր, որոնք բնորոշ են 17-րդ դարին։ Աջակողմյան խաչքարը պարունակում է արձանագրություն։ Եկեղեցին կառուցված է տեղական կիսամշակ կրաքարով։

Պատմություն խմբագրել

 
Սուրբ Հովհաննես եկեղեցու մուտքը

Եկեղեցու պատմության մասին տեղեկությունները բացակայում են։ Համաձայն Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության, Խանձաձորի սուրբ Աստվածածին եկեղեցու վկայագրի՝ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում։

Վիճակ խմբագրել

Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Խորհրդային տարիներին այն, ինչպես Արցախի շատ այլ եկեղեցիներ, ծառայել է որպես պահեստ։ 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը օկուպացրել է Հադրութի շրջանը և եկեղեցու հետագա ճակատագրի մասին տվյալները բացակայում են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խանձաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.