Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի

Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի, խոնարհված Հայկական առաքելական եկեղեցի Երևանի Ավան համայնքի հյուսիսային մասում։

Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի
Avan 1.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Ավան[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրՀովհան Բագարանցի
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբVI դար
Կառուցման ավարտ602 թվական
Հիմնադրված7-րդ դար
Կոորդինատներ: 40°12′54.172800100011″ հս․ լ. 44°34′19.074000099995″ ավ. ե. / 40.21504800002777813° հս․. լ. 44.57196500002777384° ավ. ե. / 40.21504800002777813; 44.57196500002777384

ՊատմությունԽմբագրել

Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում՝ կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։

Ըստ Ճարտարապետներ Թորոս Թորամանյանի և Կ. Ղաֆադարյանի ուսումնասիրությունների՝ տաճարը կառուցվել է VI դարում։ Համալիրը բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի Տաճարից և կաթողիկոսական պալատից։ Շրջակայքում պահպանվել են կոթողներ (5-6-րդ դդ.) ու արձանագիր խաչքարեր, (XIII-XVII դդ.) միջնադարյան գերեզմանոցի հետքեր։ Ավելի ուշ՝ 1938-1968 թթ. ընթացքում ամրակայման, մասնակի վերականգնման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Հայտնաբերվել է Ամենայն Հայոց Եզր կաթողիկոսի երկլեզու (հայերեն և հունարեն) ծածկագիր արձանագրությունը (VII դարի 30-ական թթ.), որն Ավանում պահպանված գաղտնագրման առաջին օրինակն է։ Հայտնաբերվել է նաև Իվանե Զաքարյանի արձանագրությունը, որում ասվում է. «Ով տեր լինի այս տարածքին, թող հող և ջուր ավելացնի ավանցիներին»:

Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը։ VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն (երկբնություն) տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում։ Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի։ Ուստի այս տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601 թթ)։ 602 թվականին պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը։ Տաճարի խոնարհման ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից՝ հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։ Տաճարը ներկայումս կիսավեր վիճակում է։

Համալիրի հիմնական կառույցը հայ միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, անկյունային խորշերով եկեղեցին է։ Այն կիսավեր է, պահպանվել են 2-2,5 մ բարձրությամբ պատերը։ Ունի երկու մուտք՝ արևմտյան շքամուտք և հարավային, որով եկեղեցին կապվել է կաթողիկոսական պալատի հետ։ Արևմտյան մուտքի վերևում՝ ներսից, իբրև բարավոր ագուցված է մի խոշոր վիշապաքար (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ)։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև հորինվածքով եկեղեցին նաև արտաքին անկյունավոր խորշեր ունի։ Տաճարի չորս անկյուններում կառուցվել են նաև բոլորակաձև ավանդատներ, որոնց շնորհիվ կառույցի ներքնամասի հորինվածքը խաչաձև է դառնում։ Տաճարը միայն մեկ խոշոր գմբեթ է ունեցել։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի (Հատոր Ա, էջ 603)` Ավանի տաճարն իր ճարտարապետական հորինվածքով նման է Արամուսի Ծիրանավոր, Էջմիածնի Հռիփսիմե, Սիսիանի Ս. Հովհաննես, Գառնահովիտի Ս. Գևորգ, Այգեշատի Թարգմանչաց վանքերին: Թվարկված վանքերից այն հնագույնն է:

ՊատկերներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.2/10