Սուրբ Գևորգ եկեղեցի (Թելավ)

եկեղեցի

Սուրբ Գևորգ (Ձվելգալավանի) եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Թելավ քաղաքի Ձվելգալավան թաղամասի հին բերդի տարածքում, այդ պատճառով եկեղեցին երբեմն հիշատակվում է Ձվելգալավանի եկեղեցի։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Թելավ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կանգուն է, նրա կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց այն կառուցվել է մինչ Կախեթի վերջին թագավոր Գեորգիի (1798-1800 թթ.) գահակալումը. «Ի Ձվէլգալաւան գոյ հին պարիսպ, որ է արտաքոյ Թէլաւ քաղաքի և ի մէջ պարսպի գոյ եկեղեցի մի կամարաշէն կառուցեալ քարիւ և բռամբ յանուն սրբոյն Գէորգեայ։ Եկեղեցիս այս ունի զհրովարտակ շնորհեցեալ ի Գէորգի արքաէն, որով յայտ առնէ զեկեղեցիս այս գոլ հայոց ազգին»[1]։

Ֆրանսիացի արևելագետ, մասնավորապես՝ վրացագետ, հայագետ Մարի-Ֆելիսիտե Բրոսեն նշել է, որ այս եկեղեցին եղել է վրացական և ապա փոխանցվելով հայ համայնքին՝ դարձել է հայկական[2]։ Ըստ վերոհիշյալ արձանագրության՝ Մարի-Ֆելիսիտե Բրոսենի այդ դիտարկումները կարող եմ լինել իրական[2]։

Ձվելգալավան թաղամասի Սբ. Գևորգ եկեղեցին մի քանի անգամ նորոգվել է։ 1852 թվականին ծրագրվել էին վերականգնողական մեծածախ աշխատանքներ. «...վասն նորոգութեան եկեղեցւոյն Ձուէլգալաւանի պահանջին ծախք 1500 մանէթ հաւաստաբանութեան ճարտարապետաց և արհեստաւորաց...»[3]։

1854 թվականին թաղամասի հայ ծխականները մտադրվել են վերակառուցմամբ ընդարձակել հին եկեղեցու շենքը. «Որովհետև բոլոր հասարակութիւնս գտանիմք ի կարի նեղսակրութեան վասն չունելոյ մեզ բաւական զեկեղեցի, ոյր աղագաւ համայն ժողովրդականքս նոյն եկեղեցւոյ ցանկամք մեծացուցանել զայն եկեղեցի նորոգ շինութեամբ մերովք սեպհական ծախուք, որոյ վասն, և կազմել տուաք տէր երկրաչափին Թէլաւու գաւառի զմակարդակ ըստ մերում ցանկութեան...»[4]։ Այդ աշխատանքներին մասնակցել է բարեգործ և ազգային գործիչ Ղաղո Թաթոսյանցը (1819-1866)«...վերանորոգելոյ Ձվէլգալաւանի եկեղեցին ընդարձակ և շքեղ շինուածովք...»[5]։ 1896 թվականին վերականգնվել է եկեղեցու հյուսիսակողմի քանդված պարիսպը[6]։ 1900 թվականի վվերագրերից մեկում նշվում է, որ 1874 թվականից Սբ. Գևորգ եկեղեցում քահանայագործող Կարապետ Ասլանյանցը նորոգել է զանգակատունը և պատրաստել եկեղեցու դուռն ու լուսամուտները[7]։

1923 թվականի մարտի 31-ի Թելավի Ձվելգալավան թաղամասի եկեղեցին փակվել է[8][9]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին երկթեք ծածկով, միանավ, արևմտյան ճակտոնի գագաթին սյունազարդ զանգակատնով, անմշակ քարով ու կրաշաղախով կառուցված պարզ շենք է։ Թաղակապ տանիքը պահում են վեց որմնասյուների վրա հենված թաղակիր կամարները։ Եկեղեցու երեք մուտքերը բացված են արևմտյան, հարավային ու հյուսիսային ճակատներից։ Ավագ խորանն ավարտված է կիսաշրջանաձև եզրագծով, որի կենտրոնում գտնվում է սեղանի վեմ քարը։ Ավանդատները հատակագծում ուղղանկյունաձև են։ Հյուսիսային պատի մեջ՝ իր ավանդական տեղում 1988 թվականից պահպանվում էր մկրտարանը՝ տաշտակաձև ավազանով հանդերձ։ Հարավարևմտյան անկյունում՝ պատի միջով վեր բարձրացող սանդուղքները տանում են դեպի վերին հարկ։

Վիմագրեր խմբագրել

  • Տապանաքար. 5 տող՝ '«'Այս է տ(ա)պան | թէլավեցի Տ(է)ր Ա|բր(ա)համի որդի | Ակօբին. | ՌՄԾԳ (1804)»
  • Եկեղեցու հարավային պատին ագուցված սալիկին, վրացերեն՝

აქ განისვენებენ | ტერ-აბელ და
გიორგი | ხრისტაფორის-ძები|
სუქიასოვები.

Թարգմ. Այստեղ են հանգչում Տեր-Աբել[10] և Գևորգ Քրիստափորի որդիներ Սուքիասովները

  • Տապանաքար. 2 տող՝მღვდელი ტერ-მარტირ|უზ ტერ-საჰაკოვი.

Թարգմ՝ Քահանա Տեր-Մարտիրուզ Տեր-Սահակովը։

Գերեզմանոց խմբագրել

Եկեղեցու շուրջ եղել է ընդարձակ գերեզմանատուն, որն այժմ ավերված է։ ժամանակին շիրմաքարերն այնքան շատ են եղել, որ փակվել է արևմտյան մուտքը։ Գերեզմանոցում ամփոփված հանգուցյալների հիմնական մասը Սուքիասյանց, Մամացյանց և Տեր-Սարգսյանց տոհմերից են[11]։ 1914 թվականին գերեզմանոցում ամփոփվել էր ազգային գործիչ Աբել ավագ քահանա Սուքիասյանցի աճյունը[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին աղբյուրներ խմբագրել