Սուրբ Գևորգ եկեղեցի (Անագա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական եկեղեցի Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղի շրջանի Անագա (ანაგა) գյուղում։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱնագա, Սիղնաղի շրջան, Վրաստան
Ներկա վիճակկանգուն
Կառուցման սկիզբ1840
Կառուցման ավարտ1845
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1839 թվականին վերաբերվող մի վավերագրում հիշվում է Սուրբ Գևորգ փայտաշեն եկեղեցին[1]։ 1840 թվականից մի փաստաթղթից պարզ է դառնում, որ Անագա և Վաքիր գյուղերի միջև ընկած ազատ հողակտորը, որը պատկանում էր վրաց քահանա Ստեփան Բալինովին, անագացիներն իրենց եկեղեցու գումարներով (500 ռուբլի) գնել էին, որպեսզի տեղում ավելի ընդարձակ նոր եկեղեցի կառուցեին։ Հայտնի է, որ «ըստ ժամանակին բերման չկարելով շինել վասն իւրեանց զքարեայ և զընդարձակ եկեղեցի, ունին շինեալ ի վաղուց հետէ զտախտակապատ եկեղեցի, որ որպէս գիտեն անվայելուչ է բնակութեան տեառն, այժմ պատուելի երեցփոխ եկեղեցւոյ նոցա գնել զշրջակայ վայրս նոյն եկեղեցւոյ շնորհեաց նովին գնով եկեղեցւոյն յընդարձակութիւն նորա»[2]։ Կառուցվելիք եկեղեցու ճակատների և հատակագծի գծագրերը պատրաստ են եղել 1841 թվականի մայիսին։ 1842 թվականի օգոստոսին եկեղեցին կառուցման ընթացքում էր և հասել էր մինչև «ցվերջին կարնիզ կամարակապ տեղին...»։ Աշխատանքները գլխավորել էին անագացիներ Զաքարիա Խաչատրյանը և Մովսես Դավթյանը։ Շինարարությունն ընթացել է ընդհատումներով[3]։ 1845 թվականին Զաքարիա Խաչատրյանը և ՄովսեսԴավթյանը արդեն հայտնել էին, որ «սույն եկեղեցի ունի պարտս 706 րուբլի ի վերա շինութեան եկեղեցւոյն»[4]։ 1849 թվականին մոտակա Վաքիր գյուղի հայերի մասնակցությամբ արդեն կառուցված էր նոր եկեղեցին. «Երկոքին այս գիւղքն ի նորումս շինեցին զմի հոյակապ և երևելի եկեղեցի»։ Այն կրում էր նախորդ եկեղեցու՝ Սուրբ Գևորգ անունը։ Այդ անվամբ եկեղեցի է հիշվում նաև 11-րդ դարի սկզբներին[5]։

 
Անագա գյուղն այսօր

Հայտնի է, որ 1923 թվականին, խորհրդային իշխանությունների ներկայացուցիչները նախատեսել էին եկեղեցին վերածել թատրոնի շենքի։ Այդ մասին տեղեկանում ենք Սիղնաղի գործակալ Հարություն քահանա Տեր-Նիկողոսյանի՝ Սիղնաղի հոգևոր իշխանություններին հղած գրությունից. «...ջրօրհնեաց օրը Անագա գիւղի հասարակութիւնը հաւաքուելով նոյն գիւղի հայոց Սուրբ Գէորգ եկեղեցւոյ գաւիթը, վայր են ձգել զանգակատան խաչն ու զանգերը և եկեղեցին փեչատել, յայտնելով թէ ուզում են այդ եկեղեցին դարձնել գիւղի թատրօն»։ Նույնն է վկայել նաև Սիղնաղի Սուրբ Գևորգ եկեղեցու միաբան Հովսեփ քահանան. «...եկեղեցին գրաւում են իրենք որպես թատրոնական շէնք»։ 1924 թվականի հունվարի 11-ին եկեղեցին արդեն ամբողջովին վերանորոգված էր և հարմարեցված թատերական ներկայացումներին[6]։

Սբ. Գևորգ եկեղեցին այսօր գոյություն ունի։ Անագա գյուղի հետ միավորված են եղել մոտակա Կարդանախ, Բակուրցիխե (հյուսիս-արևմուտքում) և Վաքիր (հարավ-արևելքում) գյուղերի սակավաթիվ հայերը։ Թվարկված գյուղերում երբևէ հայոց եկեղեցի չի եղել, և դրանց հայ բնակիչները օգտվել են եկեղեցուց[7]։

Ճարտարապետություն խմբագրել

Այն կառուցված է սրբատաշ քարով, աղյուսով, կղմինդրածածկ է։ Արտաքին չափերն են՝ 26 x 11,95 մ։ Մինչև 1989 թվականը օգտագործվում էր որպես կինոթատրոնի շենք[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 26-27
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 810, թ. 1
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 810, թ. 8, 15, 46
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 60-61
  5. «Բազմավէպ», 1851, № 20, էջ 317
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 3, գ. 463, թ. 5, 9, գ. 525, թ. 105
  7. Սամվել Կարապետյան, Հայերը Կախեթում, Երևան, 2004, էջ 160
  8. ՍԿ160