Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թելավ)

եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Թելավ քաղաքի հայոց հին գերեզմանատանը։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Թելավ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Եկեղեցու հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ 1840 թվականից վավերագրերում եկեղեցու մասին կա հիշատակություններ՝ իբրև գերեզմանատան քարաշեն եկեղեցի[1]։ 1861 թվականի մի փաստաթղթում նշված է, որ «հայազգի հասարակութիւնք Թէլաւ քաղաքի ի պատճառն հեռաւորութեան եկեղեցեաց սրբոյն Գէորգայ և Ձւէլ գալաւանի մշտապէս չկարելով դիմել յայնս՝ յԱստուածապաշտութիւն, ցանկան ի վերա գտանեցեալ ի քաղաքամիջի անդ հին գերեզմանատան սբ. Աստուածածին փոքր եկեղեցւոյն կառուցանել սեպհական ծախիւք իւրեանց զնոր ընդարձակ եկեղեցի»ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 64-65, 1870 թվականի մեկ այլ փաստաթղթում՝ «ի պէտս շինութեան սբ. Աստուածածին եկեղեցւոյն բոլոր գումարն ծախեալ է»[2]։ Նույն թվականի այլ վավերագրում նշված է, որ Սբ. Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ շենքը՝ օծվել[3]

«Մեղու Հայաստանի» հայկական քաղաքական, բանասիրական և առևտրային շաբաթաթերթի 1880 թվականին № 100-ում նշված է, որ 1879 թվականին 4000 ռուբլի ծախսվել է եկեղեցու գմբեթի կառուցման նպատակով[4]։

Մինչև 1860-ականների վերակառուցումները Սբ. Աստվածածին եկեղեցին եղել է գերեզմանատան եկեղեցի, ապա 1870 թվականի օծումից հետո՝ արդեն ծխական, ունեցել է իր մշտական ծխատեր քահանաները։

1894 թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը կողոպտել են Ձվելգալավան թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցին և Սբ. Աստվածածին եկեղեցին։ Սբ. Աստվածածին եկեղեցուց տարել են մոտ 8 ռուբլի։ Կողոպտիչները ձեռք չեն տվել սրբազան անոթներին[5][6]։ Դրանից հետո թեմի առաջնորդի պատվերով եկեղեցին պարսպապատվել է` «Թեմիս ս․ առաջնորդը մայիսին իւր թելաւ, եղած ժամանակ եկեղեցինիրի վերաբերեալ զանազան պատուէրներ տուեցը, սակայն այդ պատուէրներից միայն մեկը ի կատար ածուեց՝ ս. Աստուածածնայ եկեղեցու շուրջը պարիսպ քաշեց միաբան քահանան, իսկ միաները մնացին «ձայն բարբառոյ յանապատի»[7]։

19-րդ դարի վերջին Սբ. Աստվածածին եկեղեցին եղել է քայքայված և ունեցել է վերակառուցման կարիք։ Այդ առիթով եկեղեցու երեցփոխ Յագոր Դեմուրյանցը 1897 թվականին հայտնել է՝ «Թէլաւ քաղաքի հայոց Սբ. Աստուածածնայ եկեղեցին ինչպես ձեզ էլ քաջ յայտնի է վաղուց յետէ կարիք ունի մի քանի անհրաժեշտ վերանորոգութեանց, այսինքն, որովհետև անհրաժեշտ են ծեփել եկեղեցւոյ որմերը, աւարտել թերակատար շրջապարիսպը, վերանորոգել ուխտաւորների սենեակներն և այլ զանազան նորոգութիւններ և որոնց համար ծախք պահանջւում է գոնէ երեք հարիւր (300) ռուբլի...»[8]։ Նույն թվականին հոգևոր իշխանությունները թույլ են տվել եկեղեցու վերակառուցման թույլտվություն[9]։

Յագոր Դեմուրյանցի (վախճ. 1909 թ.) երեցփոխական գործունեության ընթացքում կատարվել են եկեղցու վերանորոգման տարբեր աշխատանքներ՝ «Նա մօտ տասը տարի նախանձելի եռանդով վարեց Թելաւի ս. Աստուածածին եկեղեցու երեսփոխութիւնը։ Ձորի ափին շինուած այդ եկեղեցին նա ստանձնեց շատ աննախանձելի դրութեան մէջ։ Եկեղեցին անպաշտպան կերպով կանգնած էր բաց ձորի վրայ. հանգուցեալը հասարակութեան, գլխաւորապես իր ծանօթների մէջ կոպեկ-կոպեկ ժողովելով մի կլորիկ գումար եկեղեցու շուրջը մի գեղեցիկ պարիսպ քաշեց։ Եկեղեցին արտաքուստ-ներքուստ վերանորոգութեան կարիք ունէր և իր անէր հանգ. Մելքոն Բէգիջանեանին համոզեց և նրա ծախքով բարեզարդեց եկեղեցին։ Նա գեղեցիկ կերպով ներսից իւուղաներկեց և տօմէտի աղիւսով նորոգեց յատակը»[10]։

1923 թվականի մարտի 31-ին եկեղեցին փակվել է[11][12], օգոստոսի 11-ին՝ բացվել։ Եկեղեցական իրերը հանձնել Է երեցփոխ և հոգևոր խորհրդի անդամներ Գևորգ Մկրտումյանին և Ղազարոս Ղուկասյանին[13]։

Սբ. Աստվածածին եկեղեցին կանգուն է, այն Վրաստանի հայկական այն սակավաթիվ հուշարձաններից է, որը վերականգնվել է Խորհրդային Վրաստանի Մշակույթի նախարարության պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության միջոցներով՝ 1970-ական թվականներին[14]։

1896 թվականին եկեղեցու բակում ամփոփվել է Հովսեփ քահանա Տեր-Հարությունյանցի մարմինը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 29
  2. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 64-65
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5374, թ. 16
  4. «Մեղու Հայաստանի», 1880, № 100, էջ 3
  5. «Նոր-Դար», 1894, № 213, էջ 2
  6. «Մշակ», 1894, № 145, էջ 3
  7. «Նոր-Դար», 1895, № 176, էջ 3
  8. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3348, թ. 2
  9. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3348, թ. 3
  10. «Հովիւ», 1909, № 9, էջ 143
  11. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ. 7
  12. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 16
  13. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 55, 120-121
  14. «Սովետական Վրաստան», 1981, № 85, էջ 3
  15. «Արձագանք», 1896, № 111, էջ 2

Արտաքին աղբյուրներ խմբագրել