Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թաղասեռ)

Սուրբ Աստվածածին, 17-րդ դարում կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում։ Այն գտնվում է գյուղից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Հին Թաղասեռ գյուղատեղիում, Պարզագետ գետի ձախ ափին, բլրի վրա[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԹաղասեռ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Հորինվածք խմբագրել

Եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ է, որն ունի երկու զույգ մույթեր։ Արևելքում կիսաշրջան խորանն է և նրան կից հարավային և հյուսիսային ավանդատները։ Այն կառուցված է կիսատաշ որձաքարով, իսկ կամարները շարված են սրբատաշ քարով։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երկարությունը 17,20 մետր է, լայնությունը՝ 11 մետր, իսկ բարձրությունը՝ 7,5 մետր։ Եկեղեցին արտաքուստ ունի երկթեք տանիք։ Այն ասբեստե թիթեղով է պատվել անցած դարի 90-ական թվականներին։ Բեմը քանդված է եղել 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայից առաջ։ Հյուսիսային պատի մեջ է տեղադրված մկրտության ավազանը։ Եկեղեցին լուսավորվում է յոթ փոքր լուսամուտներով, որոնցից երեքը տեղակայված են հարավային, երեքը՝ արևելյան և մեկը՝ արևմտյան պատին։ Սրբատաշ են նաև պատուհանների եզրաքարերը։ Հարավային պատին կիսով չափ պահպանվել է արևային ժամացույցը։ Արևմտյան կողմից բացվում է գեղեցիկ զարդահյուսերով մուտքը։ Շքամուտքն իր կառուցվածքով և զարդանախշերով նման է Ծակուռիի Սուրբ Աստվածածին և Քյուրաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների շքամուտքերի հետ։

Եկեղեցու ներսից պատերին ագուցված են մի քանի խաչքարեր։ Մեկ խաչքար էլ  պահպանվել է հյուսիսային մույթերից մեկի վրա։ Եկեղեցու վրա առկա չէ կառուցման արձանագրություն։ Խաչիկ վարդապետ Դադյանը 1880-ական թվականներին նկատել է, որ այս եկեղեցին «նման է շենքով Քուրաթաղ գյուղի եկեղեցուն» և այն կարծիքն է հայտնել, որ այդ երկու եկեղեցիները թերևս կառուցվել են նույն ժամանակահատվածում[2]։ Համաձայն շինարարական արձանագրության, Քուրաթաղի եկեղեցին կառուցվել է 1683 թվականին, սակայն Հին Թաղասեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հիշատակում է եղել 1635 թվականին։ Կառույցն ամենայն հավանականությամբ պատկանում է 17-րդ դարի ճարտարապետական վերելքի շրջանին։

Պատմություն խմբագրել

Պատմական տեղեկությունների համաձայն, 17-րդ դարում Դիզակ գավառի գրչության կենտրոններից համարվող Թաղասեռում եղել են չորս եկեղեցիներ՝ Ամենափրկիչ, սուրբ Աստվածածին, Անապատ և սուրբ Սարգիս[3]։ Մինչև 2020 թվականի հոկտեմբերը կանգուն են եղել այդ չորս եկեղեցիներից Սուրբ Աստվածածինը և Անապատ եկեղեցիները։

Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հիշատակվում է 1635 թվականին այնտեղ գրված մի Ավետարանում.

  ի գեաւղ, որ կոչի Թեղասեռ՝ ընդ հովանեալ Ս․Աստուածածին
- Գուշակեան 1925, 476
 

Եկեղեցին հիշատակվում է նաև Թաղասեռում 1791 թվականին գրված մեկ այլ ձեռագրում, որը ձեռքից ձեռք անցնելով հայտնվել էր գերության մեջ։ 1791 թվականի ապրիլի 1-ին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսեսոն ազատել է գերված ձեռագիրը և նվիրել սուրբ Աստվածածին եկեղեցուն․

  որ եւ յիշատակն բարի եղիցի տէր Գրիգորի
- Մինասյան 2015, 43
 

Վիճակ խմբագրել

Եկեղեցին չի տուժել արցախյան առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ։ Այն գտնվել է լավ վիճակում։ 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանն օկուպացրել է Հադրութի շրջանը և Սուրբ Աստվածածին եկեղեցու ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թաղասեռի սբ. Աստվածածին եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Մկրտչյան, Ա (1990). «Թաղասեռի պատմությունից». Դիզակ, թիվ 14, Հադրութ.
  3. Մինասյան, Թամարա (2015). Արցախի գրչության կենտրոնները. Երևան: Նաիրի. էջ 43.