Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գեորգեն)

Գեորգենի հայկական եկեղեցի (ռումիներեն՝ Biserica armeano-catolică Nașterea Maicii Domnului), հայ կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Ռումինիայի Գեորգեն քաղաքում։ Այն նվիրված է Մարիամ Աստվածածնի ծննդյանը, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի մաս է։

Գեորգենի հայկական եկեղեցի
Գեորգենի հայկական եկեղեցու այլ տեսարան

Պատմություն խմբագրել

Հայերը առաջին անգամ եկել են Գեորգեն 17-րդ դարում. ենթադրվում է, որ եկել են երկու եղբայր 1654 թվականին, կամ մի խումբ հայեր 1688 թվականին։ Սկզբում նրանց կրոնական արարողությունները կատարվել են վարձակալած շինություններում։ 1613 թվականին հռոմեական կաթոլիկ ծխական քահանան օտարերկրացիների համար գերեզմանատուն էր հիմնել հին գոթական մատուռի հետևում, որը թվագրվում է մոտ 1450 թվականով։ 1698 թվականին եպիսկոպոսի փոխանորդը գերեզմանատունը հանձնել է հայերին, ովքեր մատուռը գնել են 1712 թվականին առաջնորդ Գեորգի Մարտոնֆիից։ Մատուռի տեղում նրանք ավելի մեծ եկեղեցի են կառուցել զարգացող հայ համայնքի համար, ապա 1729 թվականին ընտրել են մի նոր վայր եկեղեցու համար։ Գլխավոր մուտքի աջ կողմում կա մի հուշատախտակ հայերեն մակագրությամբ, ըստ որի՝ 1688 թվականին քաղաքում հաստատված հայերը 1733 թվականին կառուցել են բարոկկո ոճով եկեղեցին, այն օծվել է 1772 թվականին Տրանսիլվանիայի կաթոլիկ եպիսկոպոս Անթալ Բաջթայի կողմից՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի Ծննդյան օրվա։ Աշխատանքը վերահսկվել էր հայ քահանայի կողմից և հիմնականում ֆինանսավորվել կրոնական միությունների ներդրումների միջոցով։ Եկեղեցին շրջապատված է պարսպապատով, որն այժմ ներառում է նաև Խաչի ճանապարհի տասնհինգ կայանները։ Հողատարածքը գնվել է 1768 թվականին։ Եկեղեցու բակում 1780 թվականին կառուցվել է զանգակատուն։ Եկեղեցուն են պատկանում արժեքավոր գրքեր և բազմաթիվ արվեստի գործեր[1]։ Եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է 1889 թվականին։ 19-րդ դարի վերջին այն ձեռք է բերել վիտրաժներ և երգեհոն, ինչպես նաև բարեկարգվել է գերեզմանատունն ու վեականգնվել է ծխական տունը։ Տեղի հայերը 1794 թվականին հիմնել են դպրոց և աջակցել գիմնազիային, սակայն բնակչության թվի նվազումը պատճառ է դարձել, որ դպրոցը փակվի 1880-ականների սկզբին։ Եկեղեցու և հարակից շենքերի վերականգնման աշխատանքները սկսվել են 2003 թվականին, հին գրքերը գույքագրվել են, պահոցը կատալոգացվել է[1]։

Եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան՝ Ռումինիայի մշակույթի և կրոնական հարցերի նախարարության կողմից, ցանկում ներառված է նաև 1650 թվականի մատուռը և 1748 թվականին կառուցված շրջապատող պարիսպը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել