Սուպրունովի առանձնատուն

Ի. Ա. Սուպրունովի առանձնատուն (ռուս.՝ Особняк И. А. Супрунова), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (շենք №79): Առանձնատունը կառուցվել է XX դարի սկզբին և պատկանել է ռոստովցի հացահատիկի արդյունաբերող և ձիաբույծ Իվան Ալեքսանդրովիչ Սուպրունովին[1][2]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Սուպրունովի առանձնատուն
Տեսակբնակելի տուն և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սուպրունովի առանձնատունը կառուցվել է XX դարի սկզբին։ Այս տան շինարարության հետ կապված է քաղաքային լեգենդ։ Իբր Սուպրունովը Իտալիա կատարած այցի ընթացքում որոշել է զբոսնել Նեապոլի փողոցներով (մեկ այլ վարկածով՝ Ջենովայի)։ Վաճառականին այնքան է գրավել մի նրբաճաշակ առանձնատուն, որ նա որոշել է ամեն գնով գնել այն և տեղափոխել Ռոստով։ Վաճառականն այս առաջարկով դիմել է տան սեփականատիրոջը, որը սկզբում հրաժարվել է, բայց Սուպրունովը նրան այնքան մեծ գումար է առաջարկել, որ նա համաձայնել է։ Առանձնատունը քանդվել է, տեղավորվել բեռնանավի վրա և տեղափոխվել Դոնի Ռոստով։ Այնտեղ առանձնատունը վերականգնվել է, նրա հավաքմանը Սուպրունովը հետևել է անձամբ[1]։ Սակայն կարծիք կա, որ առանձնատան իտալական ծագման մասին լուրերը տարածել է հենց Սուպրունովը` իր բիզնեսին ուշադրություն գրավելու նպատակով[4][5]։ Մեկ այլ վարկածի համաձայն, որը գրառված է Սուպրունովի դստեր խոսքերից, տունը կառուցվել է տեղական շինանյութով` 1910 թվականի Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսից վաճառականի բերած նախագծով[4]։

Առանձնատունը երեսպատված էր մարմարով և մայոլիկայով։ Լուսամուտատեղերն ունեցել են կիսաշրջանաձև ավարտ, կենտրոնական մուտքը ձևավորված էր մարմարե պորտալով։ Տան դիմաց եղել է նախապարտեզ, իսկ հետևում` երկնագույն մայոլիկայով երեսպատված լողավազանով պարտեզ։ Պուշկինի փողոցի երկայնքով տեղադրված է եղել բարձր ցոկոլով և կռածո ցանցավանդակով ցանկապատ։ Հարկային փաստաթղթերում շենքը գնահատվել է 17 հազար ռուբլի։ Առանձնատանը Իվան Սուպրունովն ապրել է իր ընտանիքի հետ[1]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո առանձնատունն ազգայնացվեց, իսկ Սուպրունովը ձերբակալվեց և անհետ կորավ[4]։ Նրա նախկին տանը սկսեցին գործել մանկամսուր և երեխաների ընդունման կետ[1]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ առանձնատունը լրջորեն ավերվեց. կորսվեցին մարմարե երեսպատվածքը, տանիքը և եզրապատերը[1]։ 1950-ական թվականների առաջին կեսին տունը վերակառուցվել է կեղծ դասական ոճով և որպես բնակելի տուն հանձնվել Հյուսիսկովկասյան երկաթուղու աշխատակիցներին[4]։ Սկզբնական դեկորից պահպանվել է ցոկոլային հարկի մուգ մարմարից երեսպատվածքը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 33—39. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  2. Мария Бондаренко (2008 թ․ ապրիլի 21). «Жив еще Ростов купеческий». Независимая газета. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Развенчание мифа». Деловой Ростов. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  5. Сергей Кисин (2010 թ․ հունիսի 15). «Осколки прекрасного». rostov-dom.info. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.