Սուխումի հայկական տպագրություն

Սուխումի հայկական տպագրություն, հայերեն տպագրության պատմությունը Սուխումում։

Պատմություն

խմբագրել

Սուխումում հայկական առաջին տպարանը («Պրոմեթեյ») և գրախանութը 1910-ական թվականներին բացել է Խաչատուր Ավդալբեգյանը (1888–1976)։ 1912-1913 թվականներին տպագրվել է «Լոյս» գրական շաբաթաթերթը (աբխազահայ առաջին պարբերականը), այնուհետև՝ «Նոր կյանք» (1913), «Փարոս» (1919), «Կարմիր աստղ» (1920-1921) հասարակական-քաղաքական թերթերը։

1932-1935 թվականներին լույս է տեսել «Սովետսկի պիսատել Աբխազիի» հնգալեզու (աբխազերեն, ռուսերեն, վրացերեն, հայերեն և հունարեն) թերթը (շուրջ 50 համար), որտեղ տպագրվել են հոդվածներ հայ բանահյուսության և գրականության մասին, հայ գրողների գործեր։

1930-1960-ական թվականներին Աբխազիայի պետական հրատարակչությունում տպագրվել են Արշավիր Ջիդարյանի «Պապը» (1936), «Արևի հովանու տակ» (1941) և «Ծովի շունչը» (1959), Հակոբ Գուրունյանի «Հայրենի ծուխ» (1960), Իշխան Ռահանյանի «Խաղաղություն» (1960), Անդրանիկ Բահարյանի «Ծիր կաթին» (1960) և այլ ժողովածուներ, «Շավիղ» (1962), «Ձայն համշենական» (1972) և «Սևծովյան այգաբաց» (1991) ալմանախները։ 1990-ից հետո Սուխումում տպագրվել են Ժ. Էրուքյանի «Աշուն» (2000), «Թռչնի երգը» (2002), «Հոգու երկիր» (2007), Հ. Թորոսյանի «Կանչ», Հ. Եթումյանի «Մնիներ» և «Կոլխոզին պեչատը» (2004), Ս. Բաղդասարյանի «Իսկ ես արդեն սկսել եմ հավատալ» (2004), Ա. Բահարյանի «Աշխարհի ամենաքաղցր խոսքը» (2005), Ե. Ղանդիլյանի «Բարության լույսեր» (2006), Հ. Հովակի «Բանաստեղծություններ» (2006), «Ես հավատում եմ խղճի հրաշքին» (2009), Հ. Ռահանյանի «Առակներ և զրույցներ», Արտավազդ Սարեցյանի հեղինակային և թարգման. գրքերը, պատանի ստեղծագործողների «Ծիծեռնակներ» (2004) հայերեն, ռուսերեն և աբխազերեն ժողովածուները, «Գրական Համշեն» (2012) ալմանախը։

«Կռունկ» հայկական մշակութաբարեգործական ընկերությունը 1991-1994 թվականներին Սուխումում լույս է ընծայել նույնանուն ամսագիր (30 համար, խմբագիրներ՝ Ա. Սարեցյան, Ռոբերտ Դավթյան)։

1991 թվականից հրատարակում է «Համշեն», 2004 թվականից Երևանում՝ «Ձայն համշենական» թերթերը։

Գրականություն

խմբագրել
  • Մաղալյան Վ., Հայ տեղական մամուլը և գրատպությունը Վրաստանում (1885–1990 թթ.), Ե., 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։