Սոս և Վարդիթեր
Սոս և Վարդիթեր, Պերճ Պռոշյանի անդրանիկ վեպը, հայ նոր գրականության երկրորդ վեպը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից հետո։
Սոս և Վարդիթեր | |
---|---|
Հեղինակ | Պերճ Պռոշյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ազգագրական գյուղավեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման տարեթիվ | 1860 |
Բովանդակություն
խմբագրելԱշտարակցի Սոսը և Վարդիթերը ջերմորեն սիրում են միմյանց։ Աղջկա ծնողներն սկզբում դեմ են լինում այդ սիրուն, սակայն Վարդիթերի անդրանիկ եղբայր Արշավիրի և Սոսի մտերիմ ընկեր Գարեգինի ազդեցությամբ նրանք իրենց վերաբերմունքը փոխում են։ Երբ արդեն թվում է, թե բոլոր խոչընդոտները հաղթահարված են և սիրահարները պիտի հասնեն իրենց նպատակին, Սոսի փեսան՝ Տիրանը տասնհինգ ռուբլու համար քանդում է համարյա գլուխ եկած գործը։ Հույսը կորցրած սիրահարները մեռնում են ողբերգական մահով։
Վեպում առանձին ուշադրության է արժանի չքավոր գյուղացի Վայկունը։ Նա դատապարտում է քեդխուդաների շահասիրությունը, դժգոհում իր վրա դրած հարկերի ծանրութոյւնից, բողոքում է նրանց անազնիվ արարքի դեմ։
Ստեղծում
խմբագրել«Սոս և Վարդիթեր»-ը մի վեպ է, որ գրված է քսաներկու տարեկան երիտասարդի ձեռքով, այն էլ այնպիսի շրջանում, երբ ժողովրդական կյանքը իրական գույներով և գծերով վերարտադրելու փորձեր քիչ կային։ Անխուսափելիորեն այդ վեպը պիտի ունենար թերություններ։ Եվ իրոք, այնտեղ կան հեղինակի երևակայությամբ ստեղծված անբնական ու հնարովի դրություններ, տեսարաններ ու պատկերներ։ Սակայն այդ բոլորը կորչում են վեպում պատկերված իրական կյանքի հարուստ և բազմաբովանդակ նկարագրությունների մեջ։ Այդ վեպում արդեն երևում է Պռոշյանի դիտելու և վերարտադրելու կարողությունը։
«Կրիտիկա Սոս և Վարդիթերի»
խմբագրելԳրքի լույս տեսնելուց մոտ երեք տարի անց «Կրիտիկա Սոս և Վարդիթերի» վերնագիրը կրող ընդարձակ գրախոսականով հանդես եկավ Միքայել Նալբանդյանը։ 1863 թվականին‚ Պետրոպավլովյան ամրոցում բանտարկված Միքայել Նալբանդյանը իր բարեկամների օգնությամբ ստանում է գիրքը և մոտ մի տարվա քրտնաջան աշխատանքից հետո ավարտում է իր ուսումնասիրությունը։ Հայ գրականագիտական մտքի այդ ուշագրավ դրսևորումը երկարատև որոնումներից հետո‚ որոնումներ‚ որոնց մասնակցում էր նաև ինքը՝ հեղինակը‚ վերջնականապես հրապարակ եկավ շուրջ յոթանասուն տարի հետո‚ 1935 թվականին[1]։
«Կրիտիկայի» սկզբում հեղինակը կարծիք է հայտնում այն մասին, որ ազգի պատմության և նրա մշակույթի միջև գոյություն ունի որոշ համապատասխանություն։ Այնուհետև խոսում է «Սոս և Վարդիթերի» արժեքավորության մասին՝ ասելով, որ անաչառ քննությունը երբեք չի նսեմացնի նրա արժեքի և քանքարի փայլը, և եթե այս քննադատությունը հեղինակին օգուտ չտա, վնաս երբեք չի տա։ Ըստ Նալբանդյանի՝ հեղինակը, թողնելով բնությունը, օգնություն է խնդրում իր երևակայությունից և ստեղծում է անբնական բաներ։ Հաջորդ թերությունը գլխավոր կերպարներին չափից ավելի ուշադրության արժանացնելը և երկրորդականներին երկու խոսքով ներկայացնելն է, ինչի պատճառով գլխավոր հերոսները կեղծ վիճակի մեջ են հայտնվում, իսկ ընթերցողը իրեն հետաքրքրող շատ տեղեկություններ չի ստանում։ Այս կամ այն երևույթը հեղինակն է ներկայացնում, մինչդեռ, Նալբանդյանի կարծիքով, ավելի տպավորիչ կլիներ, եթե դա ցույց տրվեր իր կերպարների ու նրանց խոսքի միջոցով։
Կասկած է հարուցում այն, որ Վարդիթերը, լինելով 11 տարեկան աղջնակ, կարող էր այդքան խորը զգացմունքներ տածել Սոսի հանդեպ։ Հավատ չի ներշնչում նաև այն, որ ներկայացված անատամ ծերունին՝ Հեթումը, և իր պառավ կինը կարող էին 11 տարեկան աղջիկ և նրանից էլ փոքր տղա ունենալ։
Բացթողում է նաև այն, որ չի նշվում Արշավիրի՝ Սոսին քրոջը կնության տալու որոշումը փոխելու պատճառը։ Իսկ Սոսի քույրը չէր կարող գոնե ծածուկ չհայտնել եղբորը ամուսնու դավաճանության մասին։
Կան նաև փոքրիկ թերություններ, որոնք թեև չեն փոխում գործողությունների ընթացքը, լավ կլիներ, որ չլինեին։ Օրինակ՝ Սոսի եղբայրը մե՛կ Գեղամ է հիշատակվում, մե՛կ՝ Արշամ, մի հատվածում ասում է, որ նրանք 3 եղբայրն են, մի այլ տեղ էլ՝ 4:
Նալբանդյանը որպես կեղծ հատկություններ է նշում Սոսի՝ քարափի գլխին աղոթելը (քարափն անմատչելի է), ծնրադրությունից քարերի վրա փոս ընկնելը և այլն։ Հեղինակի կողմից քննադատության է արժանանում նաև այն, որ կախարդությանը վերաբերող դրվագն իր անունից այնպես է նկարագրում, որ կարծես ամբողջ վիպասանության խորհուրդը կախարդության էությունը և ներգործությունը ապացուցելն է։
Թերի են նաև Վարդիթերի և Սոսի մահվանն առնչվող դրվագները։ Վարդիթերը չէր կարող 11 տարեկանում կաթվածահար լինել և աչքը տեսնելու, հիշողությունը չկորցնելու, ականջը լսելու դեպքում մահանալ, իսկ եթե ներքին օրգաններն էին վնասվել, ապա պիտի մահանար անմիջապես կաթվածից հետո, և ոչ թե մի քանի շաբաթ անց։ Սոսը չէր կարող 2 շաբաթ բոբիկ ոտքերով քայլել ձմռան ցրտին, սառը ջրում լողանալ ու չհիվանդանալ, բայց Վարդիթերի մահը լսելով՝ մահանալ։
Նալբանդյանը դժգոհում է նաև, որ Պռոշյանը փոխաբերաբար առնված ոճերն ու ձևերը չի բացատրում՝ թողնելով «հետախույզ բանագիտաց». «Մարդը մեղավո՞ր եղավ, որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե»։
Այնուամենայնիվ Նալբանդյանը չի շրջանցում նաև վեպի արժանիքները։ Գովեստով է խոսում պատկերավոր նկարագրությունների մասին։ Անկեղծանում է, որ մի դրվագում կենդանի ձայնով լսել է հայ կնոջ խոսքերը։ Հեղինակը ողջունում է, որ Պռոշյանը հասարակության բարոյական խոցերն է ցույց տալիս։
«Կրիտիկան» ավարտվում է Պռոշյանի վեպի հատվածների մեջբերմամբ[2]։
Միքայել Նալբանդյանը «Սոս և Վարդիթեր»-ի առաջին գնահատողն է հանդիսացել։ Նա ցույց է տվել, որ Պռոշյանը գրական ասպարեզ է մտել կյանքի ռեալ ճանաչողության մեծ պաշարով։ Նալբանդյանը ռեալիզմի մեջ է տեսել Պռոշյանի վեպի արժեքն ու ուժը։
«Սոս և Վարդիթեր»-ի մեջ Նալբանդյանը տեսել է սոցիալական վեպի այն սաղմերը, որոնցից պիտի զարգանային «Հացի խնդիր»-ը, «Ցեցեր»-ը, «Բղդե»-ն, «Հունոն»՝ Պռոշյանի ամենաարժեքավոր գործերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://kalantarian.org/shtikyan/work/Hod%201957-47%20(tp.).pdf
- ↑ Թամարա Գասպարյան. «Միքայել Նալբանդյան». Տարընթերցում.
{{cite web}}
: Text "Կրիտիկա Սոս և Վարդիթերի" ignored (օգնություն); Text "համառոտ" ignored (օգնություն)
Աղբյուրներ
խմբագրել- Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950թ.