Սոսու պուրակ (արգելավայր)
Սոսու պուրակ արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Սյունիքի մարզում։ Կազմավորվել է 1958 թվականին, տարածք 60 հա[1], գտնվում է Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ արևելյան սոսու բնական պուրակի (միակը՝ Կովկասում) պահպանության նպատակով։
Տեսակ | արգելոց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Սյունիքի մարզ |
Հիմնվել է | 1958 |
Մակերես | 0,6 կմ² |
ԲԾՄ | 750 ± 100 մետր |
Պատմություն խմբագրել
«Սոսու պուրակ» արգելավայրը ներառում է արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։ Այն ստեղծվել է 1958 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք։ Մինչև 2004 թվականը գտնվել է Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է «Շիկահող» արգելոցին։ Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա։ Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը։
Սուսու պուրակը ունի ձգված տեսք՝ Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ։ Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ։ Պուրակը բնական ծագում ունի։ Հատումներից հետո դադարել է ինքնավերարտադրությունը սերմերով։ Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ՝ հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն։
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները՝ 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ։ Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը։
Կլիմա խմբագրել
Շնորհիվ ցածր ռելիեֆի, արգելավայրի կլիման մեղմ է ու բավականին տաք։ Ձնածածկը ձևավորվում է ոչ ամեն տարի, արագ հալվում է և հասնում ոչ ավել, քան 10 սմ։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 530 մմ[2]։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Ն. Խանջյան, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ, Երևան, 2004
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 113 — 150 էջ։
- ↑ «Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներ, «Սոսու» պուրակ արգելավայր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |