Սոխորդի կռիվներ 1895 և 1897 թվականներին, ինքնապաշտպանական մարտեր 1894 - 1896 թվականների կոտորածների շրջանում։ Իրականացնելով իրենց ջարդարար, քաղաքականությունը՝ թուրք զինված ուժերը փորձել են հաշվեհարդար տեսնել Խլաթի հայկական գյուղերի բնակչության հետ։ 1895 թվականի ամռանը առաջինը հարձակման է ենթարկվել Սոխորդ գյուղը, որի ինքնապաշտպանությունը ղեկավարել է Աղբյուր Սերոբը։ Բարձրացնելով պաշտպանական ամրություններ՝ բնակիչները դիրքեր են գրավել, իսկ Սերոբն իր ֆիդայիներով դիրքավորվել է գյուղի գերեզմանոցի շրջանում և թիկունքից հարձակվել թուրք-քրդական ուժերի վրա։ Հայտնվելով աքցանի մեջ՝ թշնամին խուճապի է մատնվել և կորուստներ կրելով (7 զոհված, այդ թվում՝ քուրդ շեյխը, 40 գերի) փախուստի դիմել։ Կռիվն ավարտվել է հայերի հաղթանակով։

1897 թվականի հունվարի 28-ին թուրք-քրդական ուժերը նորից են հարձակվել Սոխորդի վրա։ 2000 հեծյալներ պաշարել են ֆիդայիներին։ Սերոբը կազմակերպել է դիմադրությունը և, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, հմտորեն ճեղքել է թշնամու օղակն ու բարձրացել Նեմրութ սարը։ Թշնամին հետապնդել է, բայց բուքի և մառախուղի պայմաններում նրան չի հաջողվել գտնել Սերոբի հետքը, որը, հասնելով Նեմրութի գագաթը, այնտեղից իջել է Շամիրամ գյուղը։ Այս կռվից հետո առասպելներ են հյուսվել Սերոբի անձի շուրջը, նրան կոչել են Նեմրութի ասլան։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։