Սոլմիզացիա (սոլ և մի հնչյունների անվանումից), մասնավոր առումով՝ երգեցողություն ուսուցանելու մեթոդ, որ XI դարում առաջարկել է Գվիդո դ’Արեցցոն՝ հնչյունաշարի աստիճանների միջև ինտերվալային հարաբերությունների իմաստավորման և, հատկապես, մեծ ու փոքր սեկունդաների միջև լսողական տարբերության պարզաբանման համար։ Գվիդո դ’Արեցցոն վեցահնչյուն հաջորդականության (հեքսախորդի) աստիճաններին վանկային անուններ տվեց, վերցնելով դրանք Հովհաննուն նվիրված մի հիմնից, որի խոսքերի յուրաքանչյուր տողը սկսվում էր հնչյունաշարի մի նոր, հաջորդական աստիճանից և երգվում մի նոր վանկով։

Գվիդո դ'Արեցցոյի ձեռքը

Այդ վանկերն էին՝ սէ, ռե, մի, ֆա, սոլ, լյա։ Մի—ֆա հաջորդականությունը դարձավ կիսատոնի (փոքր սեկունդայի), իսկ մյուս հաջորդականությունները դարձան ամբողջ տոնի (մեծ սեկունդայի) արտահայտիչ, խոսքային անվանումների և լսողական պատկերացումների ասոցիացիայի միջոցով հեշտացավ հնչյունաշարի աստիճանների ինտերվալային հարաբերությունների յուրացումը։ Հետագայում յոթերորդ աստիճանի համար ավելացվեց սի վանկը, սէ-ը փոխարինվեց ավելի բարեհնչյուն դո-ով։ Ավելի ուշ վանկային անունների ողջ շարքը, որ նախապես բացարձակ բարձրություն չէր արտահայտում, ամրացվեց հնչյունաշարի որոշակի աստիճանների և բացարձակ բարձրության արժեք ստացավ։ Լայն առումով սոլմիզացիա է կոչվում ընդհանրապես նոտաները անվանելով երգելը, որ կազմում է սոլֆեջոյի մի բաժինը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 490