Սղոցի սովորական

բույսերի տեսակ

Սղոցի սովորական (լատին․՝  I. aquifolium), բակլազգիների ընտանիքի, դեղնածաղիկ ցեղի բույս։

Սղոցի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Իլենածաղկավորներ
Ընտանիք բակլաղգիներ
Ցեղ դեղնածաղիկ
Լատիներեն անվանում
I. aquifolium
L.S.
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար ծառեր են, մինչև 15, հազվադեպ 25 մ բարձրությամբ և մինչև 60 սմ բնի տրամագծով, ծածկված դարչնագորշավուն, ակոսավոր կեղևով, խիտ, բրգաձև կամ երկարավուն սաղարթով։ Երբեմն աճում է թփանման, հաճախ գետնի վրա պառկող և արմատակալող ցողուններով։ Ընձյուղները մերկ են, հազվադեպ մազմզուկապատ, կանաչավուն կամ մոխրագորշավուն։ Տերևները ձվաձև են, էլիպսաձև կամ հակառակ ձվաձև, 2-10 սմ երկարությամբ, 2-4.5 սմ լայնությամբ, կաշվեկերպ, կոշտ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, անփայլ, ալիքաեզր, 2-9 եռանկյունի փշավոր ատամիկներով, ծեր ծառերի վրա բոլոր տերևները կամ դրանց զգալի մասը ամբողջաեզր են, կողմնային ջղերը 4-10 զույգ են։ Տերևակոթունը կարճ է։ Ծաղկաբույլը հովանոցանման վահանիկ է, գտնվում է Նախորդ տարվա ճյուղերի տերևածոցերում։ Առէջային ծաղիկները գտնվում են 3 ծաղկանի ծաղկաբույլերում, վարսանդայինները՝ միայնակ են, հազվադեպ՝ 2-3-ական։ Ծաղիկները սպիտակ են, բուրումնավետ, 4, հազվադեպ' 5 անդամանի։ Կորիզապտուղը կարմիր է, գնդաձև, ձվաձև կամ էլիպսաձև, կոթունավոր, 0,7-1,1 սմ երկարությամբ, 0,5-1 սմ լայնությամբ, 4-5 կորիզավոր, որոնք անկյունավոր են և ունեն երկարությամբ ձգված կողեր։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում (հարավարևմտյան նախակովկաս, արևմտյան Հարավային Կովկաս, Թալիշ), Իրան, Լազիստան, Հյուսիսային Աֆրիկա, Արևմտյան Եվրոպա, Սկանդինավյան թերակղզի։ Աճում է հաճարի, խառը, եղևնու և եղրևանու անտառների ծածկույթի տակ, ենթանտառում։ Չափազանց ստվերատար է, դանդաղ է աճում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, թեթև, խոնավ ստրուկտուրային անտառային հողերը, որոնք զգալի քանակությամբ կիր են պարունակում։ Վատ է տանում ամառային երաշտը։ Դիմանում է մինչև - 18-20 °C-ի սառնամանիքներին։ Լավ է տանում խուզումը և ձևավորումը։

Կիրառություն խմբագրել

Անհիշելի ժամանակներից ի վեր մշակվում է որպես հրաշալի պարկային կուլտուրա։ Ունի ավելի քան 1000 պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում աճման առանձնահատկություններով (լացող, բրգաձև, ցածրաաճ, թզուկ, տերևների ձևով) մանր, նշտարաձև, ձվաձև) և գույնով (սպիտակ բծերով, սպիտակավուն բծերով, սպիտակավուն եզրերով, արծաթափայլ եզրերով, սպիտակավուն, մուգ դեղին բծերով, դեղին փշերով), պտուղների գույնով (նարնջագույն, դեղին) և այլն։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր և իլիցին գլյուկոզոիդ, որը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է տենդի, լուծի, ծակոցների դեմ (հավանաբար պարունակում է իրենց բնույթով կոֆեին հիշեցնող նյութեր)։ Կեղևի և արմատների թուրմն օգտագործում են որպես միզամուղ միջոց և հազի դեմ։ Պտուղները սրտխառնոց և լուծ են առաջացնում, բայց թռչունները հաճույքով ուտում են։ Հայastanում մշակվում է Իջևանի դենդրարիում, Բագրատաշենում, Մեղրիում։ Պիտանի է միայն ցածրադիր շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը- 20 °C-ից չի անցնում։ Էկոլոգիական խումբը' II: Մշակության հավանական շրջանները 9, 20ա, 32։ [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սղոցի սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սղոցի սովորական» հոդվածին։