Սլավոնական գիր, 9-րդ դարի 2-րդ կեսին հուն, (բյուզ․) գրի հետևողությամբ ստեղծված և նախապես հին սլավոնականի համար գործածված գրատեսակ, այբուբեն (տես Կիրիլ և Մեֆոդի)։ Սլավոնական այբուբենը ունեցել է 2 տարատեսակ՝ կիրիլիցա և գլագոլիցա։ Կիրիլիցայի 43 գրանշանից 24-ը ծագում է բյուզանդական բոլորգրից, 2-ը՝ հրեական քառակուսի տառատեսակից, իսկ մնացածը հորինված է սլավոնական ինքնատիպ հնչույթներն արտահայտելու համար։ Ռուսիայում գործածվել է 10 - 11-րդ դարերից մինչև 18-րդ դարի սկզբները։ Սրանից է սերում նաև ռուսական այբուբենը։ Ըստ տառատեսակների, կիրիլիցան ներկայանում է երեք տարբերակով՝ ուստավ, կիսաուստավ և շղագիր։ Այն գործածել են հիմնականում ուղղափառ սլավոնները, մինչև 19-րդ դար՝ նաև ռումինները։

Սլավոնական գիր

Ուկրաինացիների, բուլղարների ու սերբերի կողմից այժմ գործածվող գրատեսակները կիրիլիցայի հետագա ձևափոխություններն են։ Գլագոլիցայի ստեղծման հանգամանքները դեռևս պարզ չեն։ Սակայն նրա հիմքում նույնպես ընկած է հունա-բյուզանդական գրատեսակը։ Թեև գլագոլիցայի ու կիրիլիցայի փոխհարաբերությունը որոշ չէ և տառատեսակներով խիստ տարբերվում են իրարից, այնուամենայնիվ մերձենում են տառակազմով, տառերի դասավորությամբ ու այբբենական արժեքով։ Գլագոլիցան հիմնականում գործածել են հարավ-արևելյան սլավոն-կաթոլիկները, և այն դուրս է մղվել ավելի վաղ, քան կիրիլիցան։ Սլավոնական գիրը ռուսերեն այբուբենի գործառություններով այժմ ընդլայնել է իր ազդեցության ոլորտը, թեև այսօր սլավոնական մի շարք լեզուների (արևմտական խմբի, սլովեներենի) համար գործածվում են լատինագիր գրատեսակներ։

Գրականություն

խմբագրել

ռուս.՝ Лавров П․ А․, Материалы по истории возникновения древнейшей славянской письменности, Л․, 1930; Щепкин В․ Н․, Русская палеография, М․, 1967․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422