Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես (ֆր.՝ Jeux d'enfants, հայերեն՝ «Մանկական խաղեր», «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (անգլ.՝ «Love me if you dare») վերնագիրը ֆիլմի անգլերեն թարգմանված տարբերակինն է[4]), գեղարվեստական ֆիլմ, Յան Սամյուելի կողմից նկարահանված ֆրանսիական մելոդրամա, որն էկրան է բարձրացել 2003 թվականին[5]։
Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես ֆր.՝ Jeux d'enfants | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Բելգիա |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և դրամա |
Թվական | սեպտեմբերի 17, 2003[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Յան Սամյուել |
Պրոդյուսեր | Քրիստոֆ Ռոսսիգնոն[2] |
Սցենարի հեղինակ | Յան Սամյուել |
Դերակատարներ | Գիյոմ Կանե[3], Մարիոն Կոտիար[3], Ժերար Ուոտկինս, Ժիլ Լելուշ[3], Տիբո Վերհակ, Ժոզեֆին Լեբա-Ժոլի, Էլոդի Նավար[3], Ինգրիդ Ջուվենտոն, Ջուլյա Ֆոր[3], Նատալի Նատիեր, Ռոբերտ Վիլար և Քրիստոֆ Ռոսսիգնոն[3] |
Օպերատոր | Antoine Roch?[2] |
Երաժշտություն | Ֆիլիպ Ռոմբի |
Մոնտաժ | Andrea Sedláčková?[2] |
Նկարահանման վայր | Լիեժ |
Տևողություն | 93 րոպե |
Սյուժե
խմբագրելԺուլյենի մոր մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Մի անգամ նա որդուն է տալիս գեղեցիկ մի տուփ՝ ասելով, թե դա գանձ է։ Ժուլյենը դպրոցական ավտոբուսի մոտ տեսնում է, թե ինչպես են երեխաները ծաղրում Սոֆի Կովալսկիին՝ նրան անվանելով «կեղտոտ լեհուհի»։ Ավտոբուսի վարորդը Սոֆիին օգնում է հավաքել իրերը, որ երեխաները շպրտել էին ջրափոսի մեջ։ Աղջկան սփոփելու համար Ժուլյենը նրան է նվիրում տուփը, բայց խնդրում է, որ նա երբեմն տա իրեն։ Այդ ժամանակ Սոֆին առաջարկում է վաստակել այն։ Այդպես էլ սկիզբ է առնում նրանց խաղը. նա, ում մոտ էր տուփը, կարող է առաջարկել ցանկացած փորձություն, և տուփն ստանալու համար մյուսը պարտավոր էր կատարել դա։
Սոֆիի քրոջ հարսանիքի ժամանակ նա հայտարարում է, թե իր համար բոլորովին էլ դժվար չի լինի իր պսակադրության ժամանակ ասել՝ ոչ։ Այդ օրը նրանք միմյանց պատմում են նաև իրենց երազանքների մասին. Ժուլյենը երազում է դառնալ բռնակալ, իսկ Սոֆին՝ կարկանդակ։
Ժուլյենի մայրը մահանում է նրա աչքերի առաջ։ Թաղման ժամանակ Սոֆին գնում է գերեզմանատուն, կանգնում շիրմաքարերից մեկի վրա և երգում La Vie en rose երգը։
Անցնում է 10 տարի։ Ժուլյենն ու Սոֆին շարունակում են ընկերություն անել և խաղալ իրենց տարօրինակ խաղը, բայց առաջարկվող փորձությունները դառնում են ավելի ու ավելի դժվար։ Սակայն Ժուլյենի հայրը հայտարարում է, որ ժամանակն է վերջ տալ հիմարություններով զբաղվելուն ու մտածել համալսարան ընդունվելու մասին։ Նա ասում է, որ իրեն դուր չի գալիս այն, որ իր որդին շփվում է այդ լեհուհու հետ, ինչպես նաև որդուն ասում է, թե նա է մեղավոր մոր մահվան համար։ Ժուլյենը վիճում է հոր հետ ու հեռանում տնից։
Շուտով Սոֆին որոշում է հանդիպել Ժուլյենի հետ և խոստովանել, որ սիրում է նրան։ Նա գնում է Ժուլյենի տուն. Ժուլյենի հայրը Սոֆիին փող է առաջարկում, որպեսզի նա հանգիստ թողնի իր որդուն, իսկ երբ Սոֆին շպրտում է փողը, Ժուլյենի հայրը նրան դուրս է անում տնից։ Սոֆին Ժուլյենին գտնում է գրադարանում, որտեղ տղան պատրաստվում է քննություններին։ Նա հրաժարվում է լսել Սոֆիին՝ պատճառաբանելով, թե շատ է զբաղված, և առաջարկում է այդ խոսակցությանը վերադառնալ մեկ տարի անց։ Նրանք նորից վիճում են, և Սոֆին հեռանում է։ Վերջինս նստում է ավտոբուս, Ժուլյենը վազում է ավտոբուսի հետևից և գոռում, որ սիրում է նրան, սակայն Սոֆին չի լսում։
Նրանցից յուրաքանչյուր սկսում է ապրել իր կյանքով. Ժուլյենը սովորում է համալսարանում, Սոֆին աշխատում է սրճարանում և հաճախում երգի դասերի։ Մի քանի տարի անց Ժուլյենը Սոֆիին հրավիրում է ռեստորան։ Այդտեղ նա աղջկան հրավիրում է իր հարսանիքին՝ ձևացնելով, թե ամուսնության առաջարկություն է անում աղջկան։ Սոֆին տալիս է իր համաձայնությունը, և այդ ժամանակ Ժուլյենը ծանոթացնում է Սոֆիին իր հարսնացուի հետ։ Ժուլյենն ասում է. «Հիշու՞մ ես, դու ասում էիր, թե ինձ համար դժվար է քեզ ցավ պատճառել։ Դժվար չէ...»:
Սոֆին հարսանիքի ժամանակ տանում է տուփն ու Ժուլյենին հիշեցնում, որ նա երդվել է եկեղեցում «ոչ» ասել։ Ժուլյենն անդրդվելի է մնում, և այդ ժամանակ Սոֆին հայտարարում է, թե պսակադրությունը չի կարող իրականանալ, որովհետև Ժուլյենը երդվել է հավատարիմ մնալ իրեն։ Ժուլյենի հայրը զայրացած հեռանում է։
Ժուլյենը Սոֆիի նոր փորձություն է առաջարկել. Սոֆին կապած աչքերով կանգնել է երկաթուղագծի վրա և սպասում է գնացքին։ Գնացքը մոտենում է, սակայն Ժուլյենը չի զգուշացնում աղջկան։ Վերջին պահին հեռանալով գծից՝ Սոֆին, ով ցնցված էր այն բանից, որ Ժուլյենն իրեն կթողներ մեռնելու գնացքի անիվների տակ, Ժուլյենին տալիս է հերթական առաջադրանքը՝ չտեսնվել 10 տարի։ Այդ երեկո Սոֆին գնում է իր ընկերոջ՝ Սերգեյ Նիմով Նիմովիչի մոտ ու մնում նրա հետ։
Անցնում է 10 տարի։ Սոֆին ամուսնացել է Սերգեյի հետ, ով խաղում է ֆուտբոլի ազգային հավաքականում և ազգի հպարտությունն է։ Ժուլյենն ապրում է կնոջ ու երկու երեխաների հետ, բայց միանգամայն դժբախտ է։ Տասը տարի է, ինչ նա չի շփվում հոր հետ։ Ժուլյենը հանգում է այն եզրակացության, որ ինքը դարձել է բռնակալ, ինչպես երազում էր մանկության տարիներին։ Այժմ նրան մի հարց է տանջում. կհայտնվի՞ արդյոք Սոֆին։ Ընտանեկան խնջույքի ժամանակ Ժուլյենն ստանում է այն տուփը և գնում Սոֆիի մոտ։ Վերջինս Ժուլյենին առաջարկում է նոր փորձություն՝ փախչել ոստիկանության հետապնդումից։ Ժուլյենն ավտովթարի է ենթարկվում։ Սոֆին գնում է հիվանդանոց, բայց հիվանդասենյակում տեսնում է ամբողջովին այրված մի մարդու, իսկ նրա կողքին այն տուփն է։ Արցունքն աչքերին Սոֆին վերադառնում է տուն։
Իրականում Ժուլյենը թեթև վնասվածքներ է ստացել։ Շուտով նա զղջում է Սոֆիի հետ այդպես դաժան վարվելու համար։ Աղջիկը նույնպես հասկանում է, որ, հնարավոր է, Ժուլյենը կատակել է։ Նա ամուսնուն խնդրում է իրեն տանել հիվանդանոց։ Ժուլյենն ու Սոֆին հանդիպում են հիվանդանոցի մոտ։ Ժուլյենը երգում է La Vie en rose երգը։ Սերգեյը խփում է Ժուլյենին, ու վերջինս կորցնում է գիտակցությունը։
Ժուլյենն ու Սոֆին որոշում են կենդանի թաղվել բետոնի մեջ՝ հավերժացնելով իրենց սերը։
Ֆիլմի վերջին րոպեներին սև-սպիտակ երանգներով ցուցադրվում են ծերանոցում գտնվող ծեր ամուսիններ։ Սոֆիի ու Ժուլյենի մանկական անմեղ խաղը, նրանց երգը կարծես ակնարկում են, թե կարող էր լինել այլ՝ երջանիկ վերջաբան կամ փոխաբերաբար հաստատում են, որ սերը հավերժ է։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Գիյոմ Կանե | Ժուլյեն Ժանվե |
Մարիոն Քոտիար | Սոֆի Կովալսկի |
Ժերար Ուոտկինս | Ժուլյենի հայրը |
Ժիլ Լելուշ | Սերգեյ Նիմով |
Տիբո Վերհակ | 8 տարեկանում | Ժուլյեն
Ժոզեֆին Լեբա-Ժոլի | 8 տարեկան | Սոֆի
Էմանուել Գրյոնվոլդ | Ժուլյենի մայրը |
Ջուլյա Ֆոր | Սոֆիի քույրը |
Լետիցիա Վենեցիա Տարնովսկա | Քրիստել |
Մրցանակներ
խմբագրել- Նյուփորտ բիչի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհու համար – Մարիոն Քոտիար
- Նյուփորտ բիչի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ լավագույն դրամատիկական ֆիլմի համար – Յան Սամյուել
- Ջոն Շլեզինգերի մրցանակ Պալմ Սթրինգսի կինոփառատոնում – Յան Սամյուել
Քաղվածքներ
խմբագրել- Այս խաղի համար պետք է գեղեցիկ տուփ, գեղեցիկ ընկերուհի, իսկ մնացածը կարևոր չէ։
- Ու՞ր է տանում իսկական սերը։ Ամեն ինչ պարզ է։ Բետոնե աղյուսի խորքը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2008-08-07 Wayback Machine
- «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (անգլ.) ֆիլմը allmovie.com կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» հոդվածին։ |