Սինեսթեզիա (հուն․՝ συναίσθηση՝ համազգացողություն, համատեղ զգայություն, միաժամանակյա զգացում), հոգեբանախոսական սակավատիպ, անսովոր երևույթ, որն առաջանում է տարբեր զգայարանների (զգայապատկերների) և բառային համապատասխան ձևակերպումների միջոցով։ Սինեսթեզիան կարող է սահմանվել որպես ընկալման պրոցեսը, երբ մի զգայարանի գրգռումը առաջացնում է մի կողմից համապատասխան զգայարանի գրգռում, մյուս կողմից՝ մի այլ, կողմնակի զգայություն կամ մտապատկեր՝ կախված մի ուրիշ զգայարանի գործունեության հետ։

Սինեսթեզիա
Տեսակmusical concept?
 Synesthesia Վիքիպահեստում

Չնայած որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սինեսթեզիան մեծ ուշադրության արժանացավ, բայց 20-րդ դարի սկզբին այն հետազոտողները կորցրին իրենց հետաքրքրությունը այս երևույթի նկատմամբ հետազոտման օբյեկտների սակավության պատճառով։ Շատերը գտնում են, որ սինեսթեզիան նպաստում է ստեղծագործական պրոցեսին։ Հոգեբանների և նյարդաբանների համար սինեսթեզիան հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն իր գրավչության պատճառով, այլ նաև այն նպաստում է ընկալման և ճանաչողական պրոցեսների ավելի լավ հասկացմանը։

Սահմանում խմբագրել

Սինեսթեզիան սահմանվում է որպես մի երևույթ, որի առաջացման ժամանակ գրգռիչներն ունենում են երկակի ներգործում, մեկը՝ այդ գրգռիչի համապատասխան զգայություն, և երկրորդը դրա հետ առավել կամ նվազ կապված, մի այլ զգայարանին բնորոշ զգայություն։ Շատ հաճախ այս կամ այն երևույթը, կամ տպավորությունը բնորոշելու և ավելի զննական դարձնելու համար, մենք դիմում ենք ոչ միայն մի, այլև երկրորդ զգայարանին։

Առօրյա խոսակցական լեզվում սինեսթեզիայի դրսևորումներից են հաճախ գործածվող «բյուրեղյա ձայն», «սառը գույն», «քաղցր երազ», «քաղցր լեզու», «խոսուն աչքեր», «թթված դեմք» և այլ բնորոշումները։ Ինչպես նկատելի է մի երկրորդ զգայարանի միջոցով ստացած զգայական պատկերը՝ գույնը կամ ձայնը, համը կամ սառնությունը ամրապնդում և ավելի ուժեղ է դարձնում առաջին զգայարանի միջոցով ստացած տպավորությունը և նրա բառային արտահայտությունը։ Սինեսթեզիական տարբեր պատկերների առաջացումը պայմանավորված է մարդու խառնվածքային առանձնահատկություններով։ Խառնվածքի գեղարվեստական տիպին պատկանող մարդիկ, որոնց մոտ գերիշխում են պատկերային մտածողությունը, հուզական տպավորություններն ու բռնկումները, հակում ունեն երևույթների նկատմամբ սուբյեկտիվ, զգացմունքային ուժեղ վերաբերմունք ցուցաբերելու։

Ստեղծագործական երևակայությամբ և և զգացմունքների ուժով օժտված մարդկանց մոտ առաջանում են զգայական ներգործումների բարդ զուգորդումներ։ Հետազոտողները կարծում են, որ սինեսթեզիայի որոշակի մակարդակին տիրապետում են 2000-ից 1-ը։ Վիճակագրություն խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չեն գիտակցում իրենց սինեսթետ լինելու և իրենց ընկալման՝ մյուսների ընկալումից տարբեր լինելու փաստը։ Կա տեսություն, որ ենթադրում է, որ սինեսթեզիայի առկայությունը ավելի հաճախ հանդիպում է աուտիզմով հիվանդ անձանց մոտ։

Տեսակներ խմբագրել

Այս յուրահատուկ զգայափորձը արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ ֆոտիզմի (տեսողական սինեսթեզիա) դեպքում տպավորությունների ակունք են տեսողական, ֆոնիզմի (լսողական սինեսթեզիա) ժամանակ՝ ձայնային (այդ թվում՝ երաժշտական) գրգռիչները։ «Գունեղ երաժշտությունը» (խրոմեստեզիա) առաջանում է գունային տարբերերանգներ ներշնչող մեղեդիների ունկընդրումից։ Սինեսթեզիայի այս տարբերակը սինոպսիայի մասնավոր դեպք է, որի ժամանակ երաժշտական ձայները՝ ըստ խառնվածքային յուրահատկությունների և զգայահուզական կերտվածքի, առաջացնում են երկրաչափական ձևերի, բազմերանգ բնապատկերների գունային արտացոլում։

  • Ֆոտիզմ, գույներ, որոնք առաջանում են ձայների միջոցով կամ ցանկացած այլ սինեսթետիկ վիզուալ զգայություններ։ Մարդու ընդունակությունը ասոցացիաներ առաջացնել լսված ձայնի և գույնի միջև։ Շատերը սա կոչում են «գունային լսողություն»։ Ինչպես հայտնի է ռուս կոմպոզիտորներից Ռիմսկի Կորսակովը օժտված է եղել ցարգացման բարձր աստիճանի հասած «գունային լսողությամբ»։ Երաժշտական տարբեր տոնայնություններ նրա մոտ շաղկապվել են գունավոր տարբեր զգայությունների հետ։ Այսպես, օրինակ, դո-մաժորը կապված է եղել սպիտակի, ֆա-մաժորը՝ կանաչի, լյա-մաժորը՝ բաց վարդագույնի հետ։ Սինեստեզիական պատկերները յուրահատուկ տեղ են զբաղեցրել Ռիմսկի-Կորսակովի երաժշտական-նկարչական մտածողության զարգացման մեջ։
  • Ֆոնիզմ, գույնի, պատկերի վերածումը ձայնի։ Ճապոնացի դաշնակահարուհի Հիրոմի Ուեհարան դեռ սովորելու տարիներից օգտագրոծում էր ոչ թե հատուկ երաժշտական տերմիններ, այլ գունային բնութագրիչներ։ Օրինակ՝ երբ պետք էր վիշտ ցուցադրել, նա ասում էր « Նվագի՛ր կապույտ»։
  • Թվային գիծ, թվերի գծային հաջորդականությունը որ ավտոմատ կերպով հայտնվում է մարդու ուղեղում, երբ նա մտածում է թվերի մասին։ Առաջին անգամ թվային գծերը գրանցվել են Ֆրենսիս Գալտոնի աշխատանքներում։
 
Թվային գծեր
  • Լինգվիստիկ անձնավորում, սինեսթեզիայի տեսակներից մեկը, որի ժամանակ թվային հաջորդականությունները, ամսվա, շաբաթվա օրերը, այբուբենի տառերը ասոցացվում են անձանց հետ[1]։
  • Շոշափման Էմպաթիա, հայելային դիպման սինեսթեզիա ― mirror-touch synesthesia, սա սինեսթեզիայի հազվադեպ տեսկաներից է, որի ժամանակ մարդիկ ուղիղ իմաստով ունենում նույն ապրումները, ինչ զգում է դիմացինը։ Օրինակ, երբ սինեսթետը տեսնում է, որ մի մարդ դիպչում է մեկ ուրիշի ուսին, նա իր կամքից անկախ զգում է դիպում սեփական ուսին։ Ինչպես վկայում են հետազոտությունները այս մարդիկ օժտված են ավելի բարձր էմպաթիկ ընդունակութուններով։ Սա կարող է կապված լինել ուղեղի շարժողական հատվածներում տեղակայված հայելային նեյրոնների հետ[2]։
  • Համի և հոտառության սինեսթեզիա, սինեսթեզիայի առավել հազվադեպ հանդիպող տեսակներից մեկը։ Այս տեսակի համար բնորոշ է հոտառական և համի զգայությունների և մտապատկերների առաջացումը՝ երգային կամ առհասարակ, ձայնային տպավորությունների ներգործման ժամանակ։

Հայտնի դեպքեր խմբագրել

Կան շատ հայտնի սինեսթետներ, որոնց մեծամասնությունը նկարիչներ, գրողներ և երաժիշտներ են։ Դեվիդ Հոկնին երաժշտությունը ընկալում է գույնի, ձևի, տարածության մեջ և օգտագործում է այդ ապրումները, երբ դեկորացիաներ է նկարում օպերաների համար։ Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկին համադրում էր 4 զգայություններ՝ գույն, ձայն, շոշափում և հոտ։ Սինեսթետ-կոմպոզիտորներից էին Ռիսկի-Կորսակովը, Դյուք Էլինգթոնը։ Հայտնի սինեսթետ-գիտնականներից էր Նիկոլա Տեսլան։

Հայ քնարերգություն խմբագրել

Հայ քնարերգության մեջ սինեսթեզիայի բարձր զարգացվածությամբ փայլում էր Միսաք Մեծարենցը։ Ինչպես նաև Պ. Դուրյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի ստեղծագործությունները ցույց են տալիս, որ նրանց բանաստեղծական ըմբռնման մեջ սինեսթեզիան որոշակի առանձնահատկություն է կազմում։ Տերյանի համար հեքիաթը ոսկի է, լուսեղեն, երազը՝ արծաթի, կապուտաչյա։ Մեծարենցի ստեղծագործություններում ֆոտիզմի օրինակ հանդիպում ենք բավականին շատ, օրինակ՝ «... ջութակի սարսուռին գիծը կարմիր...», «...վառ գույներով դրասանգված երգը կյանքին...»: Զգայությունների զարմանահրաշ զուգորդումներով ձայնը վերածվում է տեսանելի, շոշափելի, ինչպես և հոտավետ իրի։

Հայ քնարերգության մեջ Մեծարենցի օգտագործած ինքնուրույն և զգայուն հարուստ բառապաշարը թարմություն և նորություն բերեց այն պատճառով, որ նա ընտրում էր արտահայտման նոր եղանակներ, մինչ դա չօգտագործված պատկերներ և բառեր։ Մեծարենցի ստեղծագործություններում ֆոտիզմին բնորոշ պատկերներ են՝ «...ջութակի սարսուռին գիծը կարմիր...»: Այստեղ ջութակի ձայնը Մեծարենցը բնութագրում է կարմիր գույնով։

Ֆոնիզմը Մեծարենցի մոտ արտահայտվում է նրանում, որ լույսը, գույնը և իրը կամ երևույթը օժտված են ձայնական հատկությամբ, այսպես օրինակ.

  Ու ճառագայթներ՝

Որ զիս կկանչեն։

 

Ֆոնիզմը նրա մոտ հասնում է այնպիսի աստիճանի, որ նույնիսկ գաղափարները, մտապատկերները առաջացնում են բազմապիսի ձայներ։ Նրա մոտ ֆոնիզմին բնորոշ առանձնահատկություններից են «...Ծափեցին իմ երազները ծնծղա...»:

Մեծարենցի բանաստեղծություններում հանդիպում ենք նաև հոտառության և համի սինեսթեզիա, այսինքն՝ հոտառական և համի զգայությունների առաջացումը՝ ձայնային ներգործման արդյունքում. «Ա՜հավասիկ իմ երգս առվեզերքի անուխին և ռեհանին խունկով է օծուն...»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Simner & Hubbard 2006
  2. Heyes, Cecelia. «Where Do Mirror Neurons Come From?» Neuroscience and Biobehavioral Reviews (2009): 576-77. CognitiveScience. University of Oxford, 7 Nov. 2009. Web. 30 Jan. 2015.
  3. [Թութունջյան Հ. Մ. Սինեսթեզիա]
  • Кравков С․ В․, Взаимодействие органов чувств, М․—Д․, 1948
  • Галеев Б․, Светомузыка։ становление и сущность нового искусства, Казань, 1976
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինեսթեզիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։