Սեքվոյադենդրոն հսկայական

բույսերի տեսակ
Սեքվոյադենդրոն հսկայական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Գետնանոճազգրիներ
Ցեղ Սեքվոյադենդրոն
Տեսակ Սեքվոյադենդրոն հսկայական
Լատիներեն անվանում
Sequoiadendron giganteum
Lindi
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Սեքվոյադենդրոն հսկայական (լատին․՝  Sequoiadendron giganteum), գետնանոճազգիների ընտանիքի, սեքվոյադենդրոն ցեղի բույս։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ սպիտակամորթ մարդուն հայտնի է դարձել սեքվոյայի պուրակի տեղը, սկսվել է այցելուների անվերջանալի երթը։ Շուտով որոշվել է սղոցել ծառերից մեկը՝ համաշխարհային ցուցահանդես տանելու համար։ Կտրված սեքվոյայի կոճղի վրա ազատ կերպով տեղավորվում էին դաշնամուր, չորս երաժիշտներ, 16 պարող զույգեր և դեռ 20 հանդիսականներ էլ կարող էին կանգնել կոճղի եզրերին։ Հսկաներից մեկի բնի փչակում փոքրիկ ռեստորան է տեղավորված։ Անցյալ դարի վերջում «Վախվո-նախ» (Նավախ ցեղի լեզվով նշանակում է «մեծ ծառ») սեքվոյայի բնի միջով անցկացվել է թունել 8,7 մ երկարությամբ, 2,5 մ լայնությամբ և 3,0 մ բարձրությամբ, որի միջով ազատորեն կարող են անցնել անգամ բեռնատար ավտոմեքենաներ։

1890 թվականին հիմնադրվել է սեքվոյայի ազգային պուրակ-արգելանոցը։ 36 տարի հետո պուրակի տարածությունը կրկնապատկվել է։ 1956 թվականին հյուսիսային կողմից սեքվոյաների պուրակին է միացվել «Թագավորական կիրճ» արգելանոցը։ Պետության պահպանության տակ է վերցվել նաև հռչակավոր Յուսեմիտյան հովիտը։ Մամոնտածառն առաջին անգամ Եվրոպա է բերվել 1854 թվականին։ Ռուսաստան է ներմուծվել 1860 թվականին։ Ներկայումս լայնորեն տարածված է Կովկասի սևծովյան ափերին։ Բաթումում 45 տարեկան մի ծառ ունի 22 մ բարձրություն և 87 սմ բնի տրամագիծ։ Հայաստանում սեքվոյան առաջին անգամ աճեցվել է սերմերից՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգու Վանաձորի բաժանմունքում։ Պահպանված երկու ծառերը ներկայումս 45 տարեկան են, ունեն 20 մ բարձրություն, բնի հաստությունը կազմում է 80 սմ։ Տարեկան միջին աճը մոտավորապես 50 սմ է, որը զգալիորեն գերազանցում է Նիկիտյան բուսաբանական այգու ցուցանիշներին։ Վերջին 5-6 տարում Վանաձորի սեքվոյաների աճը զգալիորեն ավելացել է և ներկայումս տարիքն անցնում է հազարից։ Կան նաև 3-4 հազար տարեկան ծառեր։ Վանաձորի պայմաններում մամոնտածառն առանձնապես էկոլոգիական ճնշվածություն հանդես չի բերում։ Սեքվոյան լավ է աճում նաև Բագրատաշենի, «Ջեյթուն» սովխոզի դեկորատիվ պուրակում, Իջևանի դենդրարիում։

Նկարագրություն խմբագրել

Գիգանտ, մշտադալար ծառեր են՝ 50-100 մ և հաճախ ավելի մեծ բարձրությամբ։ Բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 10 մ։ Փշատերևները դասավորված են պարուրաձև, ունեն 3-6, երբեմն 12 մմ երկարություն, նեղ-նշտարաձև են, մոխրականաչավուն։ Կեղևը հաստ է, բազմամյա, ծեր ծառերի հաստությունը հասնում է մինչև 60 սմ-ի, խոր ակոսավորված է, կեղևից անջատվում է մինչև 1 մ երկարության հասնող լայն շերտերով։ Ընձյուղները թեթևակի կապտականաչավուն են, հետագայում ստանում են կարմրաշագանակագույն գունավորում։ Բողբոջները կանաչ են, մերկ, առանց թեփուկների։ Կոները, որոնք հասունանում են երկրորդ տարում, օվալաձև են՝ մինչև 8 սմ երկարությամբ և 4,5 սմ հաստությամբ։ Մինչև հասունանալը կանաչ են, այնուհետև՝ շագանակագույն։ Սերմերը բազմաթիվ են, բաց դեղնավուն, մինչև 6 մմ երկարությամբ, էլիպսաձև, երկու կողմերից նուրբ թևիկներով։

Տարածվածություն խմբագրել

Հսկա սեքվոյաները կամ մամոնտածառերը ներկայումս պահպանվել են միայն Կալիֆոռնիայում` Սիերա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից 1300-500 բարձրության վրա։ Դրանք մի ժամանակ տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, նույնիսկ Գրենլանդիայում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Սեքվոյադենդրոնի բնափայտը չի փտում, վնասատուներով ու հիվանդություններով չի վարակվում, քանի որ մեծ քանակությամբ տանին է պարունակում։ Սեքվոյայի պուրակում ամենուրեք թափթփված են խոշոր, հողմնահարված քարի բեկորներ հիշեցնող բնի կտորներ, որոնք երբեք չեն փտում, այլ ժայռի նման փշրվում են անձրևների, սառնամանիքների ու քամիների ազդեցության տակ։

Հրդեհները և կայծակները վտանգավոր չեն սեքվոյայի համար։ Նրա բնի հաստ կեղևն արտաքինից ածխանում և ծառը պահպանում է կրակից։

Սեքվոյաների պուրակում գտնվող գրեթե բոլոր խոշոր ծառերն էլ իրենց անուններն ունեն` «Մագելլան», «Կոպեռնիկոս», «Գալիլեյ», «Քրիստափոր Կոլոմբոս», «Գեներալ Շերման»։ Ամենախոշոր ծառը կոչվում է «Անտառի պարոն էվերեստ» և ունի 112 մ բարձրություն։ Նրա բնի միջով ավտոխճուղի է անցնում։ Սեքվոյայի 300-400 տարեկան ծառերը կազմում են յուրատեսակ անտառներ։ Տարիքը մեծանալուն զուգընթաց ծառերը աստիճանաբար նոսրանում են, և անտառը կորցնում է իր բնորոշ տեսքը։ Երբեմն կործանվում են նաև հազարամյա ծառերը։ 1880 թվականին Ջոն Մյուիրը հաշվեց տապալված ծառերից մեկի բնի տարեկան օղակները։ Պարզվեց, որ ծառը 4000 տարեկան էր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 69։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքվոյադենդրոն հսկայական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքվոյադենդրոն հսկայական» հոդվածին։