Սերմերի նախացանքային մշակում

Սերմերի նախացանքային մշակում, սերմերի որակի ստուգումը և պահեստավորումից ու ցանքից առաջ դրանց մշակում իրականացնող միշոցառում։ Սերմերի նախացանքային մշակման եղանակներից են սերմերի որակի նախացանքային ստուգումը, մաքրումը, տրամաչափումը, տեսակավորումը, օդափոխումը, օդաջերմային տաքացումը, ախտահանումը, մանրէային պարարտանյութերով և այլ պատրաստուկներով մշակումը և այլն։ Պահեստավորելուց առաջ սերմերը չորացնում են, մաքրում և տեսակավորում։ Ցանքից առաջ առողջացման նպատակով սերմերը օդափոխում են, օդաջերմային և արևային եղանակներով տաքացնում, ախտահանում։ Բույսերի սննդառությունը բարելավելու համար սերմերը մշակում են միկրոտարրերով (բորի, մոլիբդենի և այլ աղերով)։ Բանջարային բույսերի, շաքարի ճակնդեղի և հացազգի խոտաբույսերի ցանքը հեշտացնելու և սերմերը սննդանյութերով հարստացնելու նպատակով դրանց խմորում են, իսկ ծլելը արագացնելու համար՝ նախքան ցանքը՝ թրջում։ Համերաշխ ծիլեր ստանալու նպատակով որոշ կուլտուրաների սերմեր ցանքից առաջ ֆերմենտացնում են կամ ստրատիֆիկացնում։ Սերմերի որակի ստուգումն իրականացնում են պետական սերմտեսչությունները ըստ տնտեսության ուղարկած միջին նմուշների։ Պահեստավորելուց առաջ ստուգում են ցանքային որակը, իսկ մինչ ցանքը՝ գլխավորապես սերմերի ծլունակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 339