Սարգիս Յաղուբյանցի արական ռեալական դպրոց

Սարգիս Յաղուբյանցի արական ռեալական դպրոց (ռուս.՝ Частное мужское реальное училище Саркиса Ягубьянца), ռեալական կրթական հաստատություն, տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ Դոնի Ռոստովում։ Գտնվում է 1-ին Մայիսյան փողոց, 34 հասցեում[1]։

Սարգիս Յաղուբյանցի արական ռեալական դպրոց
Տեսակտեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան և դպրոցի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեулица 1-я Майская, 34, литер А, Ростов-на-Дону, Ростовская область, Россия.
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սարգիս Հարությունի Յաղուբյանցը եղել է աշխարհագրության և գծագրության ուսուցիչ։ 1908 թվականին նրա միջոցներով բացվել է քաղաքում առաջին արական միջնակարգ ուսումնական հաստատությունը։ Բացումը տեղի է ունեցել 1908 թվականի սեպտեմբերի 14-ին։ Արարողությանը ներկա են եղել մանկավարժներ, քաղաքացիներ և Դոնի Ռոստովի ու Նոր Նախիջևանի քաղաքագլուխ գնդապետ Զվորիկինը։ Դպրոցի շենքը գտնվել է քաղաքի տաճարներից մեկի մոտ։ Վարձակալության վճարի գոյության պատճառով դպրոցի ծնողական կոմիտեն դիմել է քաղաքային վարչությանը՝ խնդրանքով տրամադրել նյութական օժանդակություն, որը պետք է ուղղվեր դպրոցի կարիքներին։ Ի պատասխան այդ միջնորդության հատկացվել է 5000 ռուբլի ամենամյա նպաստ։ Բայց ֆինանսական օգնությունը անժամկետ չէր. քաղաքի ծրագրերում կար արական վարժարանի բացումը, որի գործունեությունն սկսելուց հետո Յաղուբյանցի դպրոցին դադարեցրին նպաստների վճարումը[2]։

Սարգիս Յաղուբյանցի արական ռեալական դպրոցը սկզբում եռամյա էր։ 1912 թվականին հայտնվեց չորրորդ դասարանը, որի շնորհիվ ուսումնական հաստատությունը ստացավ ռեալական դպրոցի կարգավիճակ։ Ուսուցման շեշտը դրվեց օտար լեզուների, ֆիզիկայի, գծագրության, բնագիտության վրա։ Յաղուբյանցի դպրոցում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները կարող էին ընդունվել բարձրագույն արդյունաբերական, առևտրային և տեխնիկական ուսումնական հաստատություններ։ Վարժարանը բացվեց 1912 թվականին, և պետական բյուջեից միջոցները դադարեցին հատկացվել։ Առաջինից երրորդ դասարանի աշակերտները ուսման համար պետք է վճարեին 120 ռուբլի, իսկ չորրորդ դասարանի աշակերտները՝ 150 ռուբլի։ 1913 թվականի հունվարին ծնողական կոմիտեն որոշեց նվազեցնել ուսման վարձը, բայց այս դեպքում պահանջվում էր ունենալ սեփական շենք։ Յաղուբյանցն առաջարկեց իր կալվածքը, սակայն նրա միջոցները բավարար չէին նախագիծն իրականացնելու համար։ Սովորողների ծնողները տան շինարարության համար անհրաժեշտ 10000 ռուբլուց հավաքեցին 1500 ռուբլին։ Այդ ժամանակ Փոխադարձ վարկի առևտրաարդյունաբերական ընկերությունը և Պետբանկի Ռոստովի գրասենյակը դպրոցի շենքը կառուցելու հանձնաժողովին տվեցին վարկ[2]։

1913 թվականի մարտի սկզբին Ամբրոսիմովա ազգանունով ուսուցչուհիներից մեկը նկատել էր դասագրքի կորուստ, և նման դեպքերը դպրոցում հաճախակիացել էին։ Նա հրավիրել էր մանկավարժական խորհուրդ, որը պարզել էր մեղավորին, բայց չէր հեռացրել նրան։ Ուսուցչուհին ինքն էր հեռացել դպրոցից և փորձել էր վերջ տալ կյանքին, բայց նրան փրկել էին։ Նոր Նախիջևանի արական դպրոցի մանկավարժների կարծիքով՝ այս ամենի մեղավորը Յաղուբյանցն էր, և այդ մասին գրել էին թերթում։ Աշակերտների ծնողները հերքել էին դա և հայտարարել, որ աջակցում են տնօրենին։ Դպրոցը շարունակել էր աշխատել, և նրա նոր շենքը բացվել էր 1913 թվականի նոյեմբերի 10-ին։ Հնարավոր է, կապված վերջին սկանդալի հետ, այդ իրադարձությունը գրեթե չի լուսաբանվել տեղական թերթերում։ Դպրոցը չուներ բավարար թվով մանկավարժներ, որոշ հրավիրված ուսուցիչներն էլ հրաժարվում էին նման աշխատանքից[2]։

Որոշ ժամանակ անց շենքում աշխատել է Պոկրովսկու անվան թիվ 8 թերի միջնակարգ դպրոցը, այնուհետև թիվ 2 միջնակարգ հանրակրթական դպրոցը մեծահասակների համար[2]։

1980-ական թվականներին շենքում գտնվել է Պրոլետարական շրջանի պիոներների տունը։ XXI դարում այստեղ աշխատում է արտադպրոցական աշխատանքի «Ժամանց» կենտրոնը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень объектов культурного наследия регионального значения (памятников истории, архитектуры, монументального искусства)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Частное училище с испорченной репутацией». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.