Սարգիս Գըլճյան, Ուդի Սարգիս, (Կոստանդնուպոլիս 1891 - Խորհրդային Հայաստան։ Եկեղեցական երգչախմբի երգիչ և դպիր, հայտնի ուդահար։

Սարգիս Գըլճյան
Ծնվել էԿոստանդնուպոլիս
Մահացել էԽորհրդային Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, ուդահար

Կյանքի վաղ շրջանը

խմբագրել

Սարգիս Գըլճյանը ծնվել է 1891 թվականին Կոստանդնուպոլսում, կարնեցի ոսկերիչ Կարապետի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է իրենց թաղամասի՝ Գում Գափուի մայր եկեղեցու հայկական վարժարանում, որի դպրապետն էր Գրիգոր Մեհտերյանը, ապա շարունակել ուսումը բեբեքի (այսինքն մանկական) «Ռոբերտ» քոլեջում։ Սակայն, երգին ու նվագին նվիրվելու պատճառով, ուսումը քոլեջում չի ավարտել։ Նվագել է ուդ և քանոն։ Ունեցել է բազմաթիվ հայ և թուրք աշակերտներ։ Պոլսում նրան ուսանած հայ աշակերտներից հիշատակության արժանի են Կարապետ Գազազյանը, Թապաք Սարգիսը և Ուդի Հրանտը։

Ճանաչումը

խմբագրել

Սարգիս Գըլճյանը կազմակերպել է արևելյան նվագախումբ, համերգներ տվել Կոստանդնուպոլսում և այլ քաղաքներում։ Ինքնուս երաժիշտն իր համերգային կյանքը հիմնականում կապել է ջութակահար Թադևոս Էֆենդիի հետ։ Նրանք ինքնակրթությամբ հասել են այնպիսի կատարելության, որ համերգ-ելույթները ժամանակակիցների, և հատկապես սուլթան Ռեշադ V-ի կողմից բնութագրվել են շատ բարձր. նրանք նվագել են պալատում, նաև դասավանդել պալատականներին երաժշտություն և նոտագրություն։ Սուլթան Ռեշադը Սարգսին բնութագրել է իբրև «Նոտագրության վարպետ, բայց և փոքրիկ Սարգիս», քանի որ նրա պալատում եղել է նաև մի ուրիշ՝ տարիքով ավելի մեծ ուդի Սարգիս։ Ուդահարը ճանաչված երաժիշտ էր նաև Պոլսո սահմաններից դուրս՝ Եգիպտոսում, Հունաստանում. 1922-1923 թվականներին հյուրախաղերով թամբուրի Ջեմալ-բեյի, Արտակ և Նուբար էֆենդիների հետ, իսկ 1930 թվականին՝ պոլսեցի Մարիքայի, Լամբրոյի և Դիմիդրոյի ընկերակցությամբ եղել է Եգիպտոսում։ Բոլորի հետ և ամենուր արժանացել է մեծ ընդունելության։ 1908 թվականին հայ նշանավոր դերասան և թատերական գործիչ Մ. Մնակյանը վարպետ Սարգսին հրավիրում է իր կազմակերպած դրամատիկ թատրոն՝ որպես արևելյան երաժշտախմբի ղեկավար։ Նույն թվականին նա հրավեր է ստանում նաև օպերային անտրեպրենյոր Բենլիյանիի կողմից՝ աշխատելու որպես ձայնագրող երաժիշտ և նվագող։ Այդ երկու թատրոններում վարպետ Սարգիսն աշխատում է մինչև հույն-թուրքական պատերազմը։

Հունաստան, ապա Խորհրդային Հայաստան գաղթելը

խմբագրել

Հունական բանակի նահանջի ժամանակ թուրքերը խիստ նեղում են հայերին և Սարգիս Գըլճյանը հունական բանակի հետ գաղթում է Հունաստան։ Այստեղ շարունակում է իր համերգային ու մանկավարժական գործունեությունը Սալոնիկում, ապա Աթենքում։ Հայ և հույն երիտասարդներից կազմակերպում է երաժշտախմբեր։ Ձայնագրվում է «Օլիմպիա» ընկերությունում՝ ձայնապնակների համար։ Հունաստանում Ուդի Սարգսին են աշակերտում ապագա հայտնի ուդահար Սողոմոն Ալթունյանը և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-1945 թվականներին Հունաստանում վարպետ Սարգսին գերմանա-ֆաշիստական օկուպանտները հալածում են՝ որպես հույն ժողովրդի ազատագրման հոսանքի կողմնակից։ Նրա դրությունն այդ օտար երկրում ավելի է ծանրանում, երբ կառավարության գլուխ են անցնում հույն միապետականները և ֆաշիստները։ Ահա թե ինչու 1946 թվականին առաջիններից մեկը վարպետ Սարգիսն էր, որ կնոջ՝ Անուշ Գըլճյանի հետ, Հունաստանի Սալոնիկ քաղաքից ներգաղթում է Խորհրդային Հայաստան։ Նա առաջին իսկ օրից սկսում է աշխատել Հայաստանի Ռադիոկոմիտեում՝ Արամ Մերանգուլյանի ղեկավարած ժողողվրդական գործիքների նվագախմբում՝ որպես ուդահար-մենակատար։ Պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյանի առաջարկով սկսում է Համբարձում Լիմոնջյանի նոտագրության համակարգով գրառված շարականները վերածել եվրոպականի, սակայն, գործը չի ավարտում՝ վերահաս մահվան պատճառով։

Ուդի Սարգսին վերագրվող մի ձեռագիր

խմբագրել

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական բաժնում պահվում է մի ձեռագիր ժողովածու, որի 600 մեծագիր էջերի վրա նոտագրված են շուրջ 700 մուղամ և գործիքային պիես, իսկ տողերի արանքում՝ հայատառ խոսքերը։ Մեղեդիների մեծ մասի հեղինակները պոլսահայ երաժիշտներ են։ Ենթադրվում է, որ ձեռագիրը կազմողը հենց Սարգիս Գըլճյանն է, որ երկրե-երկիր է տարել իր նվիրական գանձը, ապա հայրենիք բերել։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդի սկզբներին հորինված մեղեդիները հնչել են Պոլսո թատրոններում, սրճարաններում ու տներում՝ հեղինակների և պրոֆեսիոնալ երգիչ-գործիքահարների կատարմամբ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Մարգարիտ Բրուտյան, «Հայ քաղաքային ժողովրդական երաժշտության կատարողական արվեստի պատմության էջեր», Երևան, 2001 թ.: