«Սառը արյուն» (ռուս.՝ «Холодная кровь»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1887 թվականին, հոկտեմբերի 31-ի «Նոր ժամանակ» թերթի («Новое время») № 4193-ում՝ Ան. Չեխով ստորագրությամբ։

Սառը արյուն
ռուս.՝ Холодная кровь
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էհոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1887

Հրատարակություններ խմբագրել

Ա. Չեխովի «Սառը արյուն» պատմվածքը գրվել է 1887 թվականին, տպագրվել նույն թվականի հոկտեմբերի 31-ին «Նոր ժամանակ» թերթի («Новое время») № 4193-ում Ան. Չեխով ստորագրությամբ։ 1890 թվականին տպագրվել է գրողի աշխատությունների «Մռայլ մարդիկ» ժողովածուում, գրողի աշխատությունների հրատարակությունում, որը կազմել է Ա. Մարքսը։ Պատմվածքի մեծ ծավալը խնդիրներ է առաջացրել թերթում տպագրության համար, ժողովածուների համար հեղինակը կրճատել է այն։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն և շվեդերեն։

Պատմություն խմբագրել

Պատմվածքը գրվել է Չեխովի՝ դեպի հարավ կատարած ուղևորությունների նյութի հիման վրա։ Գրողի կրտսեր եղայրը՝ Միխայիլ Չեխովը, գրել է. «Չեխովներն ունեին մի հորեղբայր՝ Միտրոֆան Եգորովիչ անունով, որն ամուսնացած էր Լյուդմիլա Պավլովնայի հետ։ Այդ Լյուդմիլա Պավլովնան ուներ մի եղբայր՝ Անդրեյ Պավլովիչը (Եվտուշևսկի)՝ համակրելի մարդ, որին չէր հաջողվել դառնալ Տագանրոգի քաղաքապետին կից պաշտոնյա, և նա որոշել էր հրաժարական տալ, զբաղվել առևտրով։ Վերջին փողերով նա մսացու անասուններ գնեց, մտցրեց ապրանքային վագոնների մեջ և գնաց Մոսկվա վաճառելու։ Ճանապարհին անփորձ ու ոչ պրակտիկ մարդուն այնպես են պլոկում երկաթուղայինները և այնպես են ճնշում, որ նա հասնում է Մոսկվա գրեթե ոչնչով, «գին չի խփում» և լի հիասթափությամբ՝ գտնում է Մոսկվայում Անտոն Պավլովիչին, պատմում նրան իր բոլոր ճանապարհային անհաջողությունները՝ հաստատելով դրանք բոլորը փաստաթղթերով, որոնք և հանձնում է գրողին բնօրինակներով։ Անտոն Պավլովիչն օգտագործել է դրանք իր «Սառը արյուն» պատմվածքի համար և դրանում ներկայացրել է Անդրեյ Պավլովիչի պատմած բոլոր մանրամասները»[1]։

Տագանրոգից Մոսկվա կատարած իր ճանապարհորդության մասին Եվտուշևսկին պատմել է Պ. Սուրոժսկուն՝ նշելով. «Կարդացե՞լ եք «Սառը արյունը»։ Դա ես եմ պատմել իմ ու հորս ցուլեր տանելու ճամփորդության մասին, և նա ինձ նկարագրել է Յաշայի կերպարում։ Կարդում եմ ու հետո զարմանում. այնքան ճիշտ ու դիպուկ է նկարագրված, ասես ինքը մեզ հետ է եղել։ Եվ ամեն ինչ ճիշտ է, և՛ հեռագրեր ենք ուղարկել, և՛ բողոքներ ենք գրել, և՛ կաշառք ենք տվել, ամեն ինչ եղել է»[2]։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքը այն ստեղծագործությունների թվում է, որոնք Լև Տոլստոյը «վերընթերցել է մի քանի անգամ»[3]։ Դ. Գրիգորովիչը այսպես է արձագանքել պատմվածքի մասին. «Տեղավորեք այս պատմվածքը Գոգոլի հետ նույն դարակում»[4]։ Գրաքննադատ Վլադիմիր Կիգնը իր հերթին ևս համեմատել է այս պատմվածքը Գոգոլի ստեղծագործությունների հետ։

Իսկ Ա. Դիստերլոն բացասաբար է գրել պատմվածքի մասին՝ գտնելով, որ հեղինակը մակերեսորեն է վերաբերվել իր գրվածքին[5]։ Նույնը նշել է նաև քննադատ Ն. Միխայովսկին՝ համարելով, որ հեղինակը անտարբեր է ստեղծագործության թեմայի հանդեպ[6]։

Քննադատ Պ. Կրասնովը նշել է պատմվածքի հասարակական նշանակությունը։ Նրա կարծիքով հերոսների ալարկոտությունը և անտերբերությունը կապված է «մեր հասարակության մեջ տիրող ճղճիմության և տաղտկալիության հետ[7]։

Կերպարներ խմբագրել

  • Մալախին՝ ծերունի, առևտրական, երկաթուղով ցուլեր է տանում վաճառելու։
  • Յաշա՝ երիտասարդ, Մալախինի ուղեկիցը։
  • Ավագ վագոնավար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чехов М. П. Антон Чехов и его сюжеты/ М. П. Чехов. М., 1923. — 144 с.
  2. «День», 1914, № 177, 2 июля
  3. «Л. Н. Толстой в воспоминаниях современников». Т. I. М., 1960, стр. 547
  4. Чехов М. П. Антон Чехов и его сюжеты/ М. П. Чехов. М., 1923.
  5. Ст. «О безвластии молодых писателей» «Неделя», 1888, № 1, стр. 33
  6. «Русские ведомости», 1890, № 104, 18 апреля
  7. «Труд», 1895, № 1, стр. 207

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Холодная кровь // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Արտաքին հղումներ խմբագրել