Սահարի

ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն

Սահարի, ավանդական հայկական հարսանեկան երաժշտություն,հարսանեկան առավոտյան նվագ, որը հնչում է ծեսի որոշակի արարողությունների ընթացքում՝ հարսանեկան կանչ, «մսամորթ», հարսանիքի լուսաբացին՝ որպես եզրափակիչ նվագ և այլն[1]։ Սահարու փոխակերպումները պահպանվել են նաև մեր օրերում։ Այն կատարվել և մինչ օրս էլ կատարվում է հիմնականում ավանդական զուռնայով, դուդուկով և քամանչայով։ Սահարի կատարելու համար պահանջում է կատարողական հատուկ վարպետություն, որի շնորհիվ 19-20-րդ դարերում հաճախ կատարվել է նաև վարպետություն ցուցադրող մրցույթների ընթացքում[2]։

«Սահարի»

Անվանում խմբագրել

Սահարի անվանումը հայերենին անցած արաբա-իրանական փոխառություն է և նշանակում է արևածագ, արշալույս[3]։ Անվանումը հանդիպում է դեռևս 16-րդ դարի բանաստեղծ Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործություններում «Ս՜ըրղի սըհար»՝ «արշալույսի թռչուն» իմաստով[4]։

Պատմություն խմբագրել

Իբրև հարսանեկան կանչ-հրավեր, սահարին հնչել է Վայոց ձորում, Տավուշում, Զանգեզուրում, Ալաշկերտում, Սպիտակում, Արցախում և այլուր։ Բացի այս, նույն նպատակով այն կատարվում է ավանդական տարբեր տոների և ծեսերի ժամանակ՝ մարդ­կանց ի մի համախմբելու համար։ Օրինակ՝ Խորհրդային իշխանության տարիներին՝ գյուղական ղեկավարության պատվերով ընտրություններն ավելի կազմակերպված անցկացնելու ակնկալությամբ, դեռևս լույսը չբացված, զուռնաչիները Սահարի նվազելով շրջել են փողոցներով՝ ժողովրդին գյուղական հրապարակ հրավիրելու և տոնական տրամադրությամբ միասնական ընտրություններ անցկացնելու միտումով[1]։

Հարսանեկան սահարիներ խմբագրել

Սահարին դիտարկվում է ծիսական-պաշտամունքային համատեքստում[5] Սահարին առավելագույնս հայտնի է որպես հարսանեկան ծեսի պարտադիր տարր և յուրահատուկ խորհրդանշան Դրա վկայությունն են բանահյուսական օրինակները՝ «Սըհարին երեսիցըդ ժուռ գա», «Սհարին քթածակովըւո տյուս կյա» անեծքներն ու «Տեր Ասւոուծ, րեխանցը Սիհարուն աժան անես» կամ «Ս՜ին քյու Սիհարին էլ լսեմ ու աչքս փակեմ» օրհնանք-մաղթանքները (Տավուշ, Ուտիք)։

Հայաստանի տարբեր շրջաններում Սահարին հնչում է հարսանեկան ծեսի զանազան արարողությունների ընթացքում։

  1. Եզմորթեքի ժամանակ՝ ուրբաթ առավոտյան, որը երբեմն կատարվել է փեսի ծառի (տիեզերական ծառ) ու թագավորի արարման (թագվորագովք) ծեսերին զուգահեռ։
  2. Հաճախ այն փոխարինում է հարսանեկան «Կանչ» մեղեդուն և ազդարարում հարսանիքի սկիզբը՝ դառնալով մի ինքնատիպ երաժշտական հրավերք, որ կոչվում է նաև «Հարսանքականչի»։ Ավանդույթի համաձայն, Սահարին նվազելուց հետո երաժիշտներն ու հավաքվածները միմյանց շնորհավորում են հարսանիքն սկսվելու առթիվ։ Ուտիքում նույն նպատակով այն նվագում են շաբաթ առավոտյան, որպես հրավերք, ինչպես նաև մսացուն մորթելիս։
  3. Սահարին պարտադիր հնչել է հարսանիքի լուսաբացին՝ որպես եզրափակիչ նվագ։
  4. Հայաստանի որոշ շրջաններում, ինչպես Զանգեզուրում, այն կատարվում էր նաև հարսանիքի հաջորդ օրվա լուսաբացին՝ իբրև հարսի անմեղությունը վկայող երաժշտական ազդականչ։
  5. Մասնավոր դեպքերում Սահարի նվազել են փեսայի, հազվադեպ՝ հարսի տան շեմքի մոտ (Արցախ)։ Հատկանշական է, որ այստեղ սահարին միաժամանակ կրում է երկու ֆունկցիա՝ այն հնչում է իբրև տան շեմքի օրհնություն և կյանքի մի փուլից մյուսին անցնելու խորհրդանշան։
  6. Ազգագրական նյութերի վկայությամբ, երբեմն Սահարին անվանվել է նաև «Արևագալի» (Արցախ), կամ «Առավոտւսնվագ» (Մեղրի) և կատարվել իբրև հարսան եկան ծեսի առավոտյան աղոթք։ Ջավախքում (Ախալքալա– քի և Ծալկայի շրջաններ), հատկապես կաթոլիկ հայերի մոտ, հարսանիքի ավարտի լուսաբացին Սահարան զուգահեռ հնչում է Ն.Շնորհալու հանրահայտ «Առաւօտ լուսոյ» երգի տեղական տարբերակը, որը կոչվում է «Առավոտ լուսան»[1]։

Երկրագործական սահարիներ խմբագրել

Առաջին ակոսի ծիսակատարության մի այլ՝ բուն ժողովրդական տար­բերակ, որը կենցաղավարում է առ այսօր։ ժողովուրդը լուսաբացին հավաք­վել է գյուղի դաշտերի, արտերի ու այգիների մոտ և աշխատանքն սկսելուց առաջ զուռնաչին նվագել է սահարի, ապա սկսվել է տոնախմբությունը, երգել, պարել են, օրհնել ու բարեմաղթել միմյանց, որից հետո միայն ծաղիկներով զարդարված լծկաններին ու՛ հողագործներին մեծ հանդիսու­թյամբ ուղեկցել են դաշտը վարելու։ Այս ծեսում Սահարին ուղղակիորեն կապվում է ծնունդի՝ հողի, պտղաբերության, սկզբի ու արևի պաշտամունքի հետ և ունի խորը, նախաքրիստոնեական արմատներ[1]։

Ծննդկանի սահարիներ խմբագրել

Երբ ծննդկանը նախկինում անհաջող ծնունդներ է ունեցել։ Այդ պարագայում, անկախ օրվա ժամից, ծննդկանի դռան առջև կանգնած զուռ­նաչին դեմքը դարձրել է արևելք և նվագել Սահարի։ Ըստ ժողովրդական պատկերացումների, այս ճանապարհով ծննդկանը ոչ միայն արժանացել է արևի հովանավորությանը, այլև նմանողական մոգության շնորհիվ, երեխան ծնվել է, հաղթահարելով չար ուժերին այնպես, ինչպես արևն է ծնվում ամ­պերին հաղթելով՝ խորհրդանշելով կյանքի շարունակականությունն ու հա­վերժությունը։ Այստեղ մարդու կյանքի բոլոր կարևոր փուլերն ու իրադարձությունները ծիսական-պաշտամունքային որո­շակի մթնոլորտով հագեցնելու ավանդույթի անընդհատությունն ու կանոնա­վորումն է[1]։

Մրցույթներ խմբագրել

Հնուց ի վեր, երաժիշտների մրցույթն այն ասպարեզն է եղել, որտեղ երաժիշտը պիտի փայլեր թե՜ իր արհեստավարժությամբ, թե՜ հանկարծաբանելու արվեստով, թե՜ պարտադիր հա­մարվող երկացանկի քաջատեղյակությամբ։ Սահարին այս բարդ մրցույթի պարտադիր համարներից է եղել։ Սահարին զուռնաչիների (մասամբ նաև դուդուկահարների ու քամանչահարների) մրցույթի երկացանկի առաջնային մեղեդիներից է եղել և կատար­վել է ի հավաստումն վառ անահատականության և նվագարանին վարպե­տորեն տիրապեւոելու։ Ըստ որում, զուռնաչու կատարելության գագաթը հա­մարվել է այն երկու մատով հնչեցնելը։ Զուռնաչու վարպետության գրա­վականն է եղել նաև միաժամանակ երկու զուռնա նվագելը, որոնցից մեկով հնչեցրել է բուն մեղեդին, իսկ մյուսով՝ նվագակցել է[1]։

Ոչ նյութական մշակութային ժառանգություն խմբագրել

Սահարին ներառված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Երնջակյան, Լիլիթ, Պիկիչյան, Հռիփսիմե․ Հիմն արևին «Սահարին» հայ երաժշտական մշակույթում, «Գիտություն» հրատ․, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինսիտուտ, Երևան 1988, -116 էջ։.
  2. «Գորգ, մածուն, գինի, օղի, թառ, թամզարա, սահարի. Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին նոր ցանկ կներկայացնի». armedia.am. 2023 թ․ ապրիլի 8. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Լ.Երնջակյան, Հռ. Պիկիչյան, Հիմն արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում, Երևան, 1998։.
  4. Ժամանակակից պարսկական ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության մեջ հայտնի է «Ս՜որղը սըհար» կոչվող հեղինակային երգը՝ լարային, փողային  նվագարանների նվագակցությամբ, որն իր երաժշտական, կառուցված­քային առանձնահատկություններով հարում է քաղաքային երգարվեստին։
  5. Հ․Պիկիչյան, «Սահարու» ծիսական-պաշտամունքային ակունքները։ Հայ արվեստի հանրապետական VII գիտական կոնֆերանս. Զեկուցումների թեզեր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ. Երևան, 1995 թ., էջ 54-56.
  6. ARMENIA, ICH (2022 թ․ ապրիլի 19). «ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «OՂԻՆ, ՄԱԾՈՒՆՆ ՈՒ ԹԱՌԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ».